«Իսկ ո՞վ է ասել, որ դուք եք ճիշտը, ո՞վ է ասել, որ հնարավորություն չի տրվում ընդդիմադիր խմբակցություններին հանրաքվե անցկացնել, փորձեք դաշնակիցներ գտնել մյուս քաղաքական ուժերի մեջ»,- այսօր խորհրդարանում խոսելով ընդդիմադիր խմբակցությունների դժգոհության մասին, որ Երեւանի ավագանիում իրենց ձեռքից վերցնում են հանրաքվե անցկացնելու առաջարկի իրավունքը՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:
Ըստ Շարմազանովի, ժողովրդավարությունը միայն ընդդիմադիրների իրավունքների ավելացումը չի, արդյունավետ կառավարումն է. «Ամեն մեկի ձայնը այնքան է լսելի, ինչքան ժողովուրդը նրան տվել է իրավունք, սա է ժողովրդավարությունը, ում դուրը գա, ում դուրը՝ չգա: Քաղաքական իշխանությունն է պատասխանատուն լավի եւ վատի, հո ընդդիմությունը չի պատասխանատուն: Ընդդիմադիրներին չեն քննադատում, չէ՞, մեզ են քննադատում»:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ ասաց, որ հանրաքվե անցկացնելու առաջարկի իրավունքից ընդդիմադիրները կարող էին օգտվել՝ պոպուլիստական նպատակներով. «Պատկերացնո՞ւմ եք, անընդհատ դա կրկնվի, ավագանիում ինչ կլինի»:
Արձագանքելով Շարմազանովի խոսքերին, որ ո՞նց կարելի է փոքրամասնությանը տալ նույն իրավունքը, ինչ մեծամասնությանը, թող գնան բանակցեն ուրիշների հետ՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պատգամավորին ինչո՞ւ են օրենսդրական նախաձեռնության իրավունք տվել, թող գնան բանակցեն ՀՀԿ-ի հետ, տեսնեն ՀՀԿ-ն թույլ տալի՞ս է, որ այդ պատգամավորը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա, նոր հանդես գա»:
Փաշինյանը հեգնեց՝ առաջ ասում էիք, ընդդիմությանը գործիքներ ենք տալիս, հիմա էլ ասում եք՝ ընդդիմությունը կարող է բնականոն գործունեության ընթացքը խանգարի. «Ձեր բնականոն ընթացքի մասին պատկերացումը ո՞րն է, որ հարցեր կա՞ն՝ չկան, դեմ կա՞՝ չկա, կողմ՝ բոլորը միաձայն, ամեն ինչ լավ ա, չաղ ու բախտավոր, ողջ լինենք, օջախի կենացը: Է՞ս ա ձեր բնականոն գործունեության մասին պատկերացումը: Եթե էս ա, ճիշտ ճանապարհ եք ընտրել, խմբակցությանը զրկեք իրավունքից, պատգամավորին զրկեք իրավունքից, վերջում էլ ասեք՝ որ թույլ ենք տալիս Երեւանի քաղաքապետարան կամ ԱԺ մուտք ունենալ, դա վկայում է, որ մեր կուսակցությունը լուսաճաճանչափայլ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հստակ քայլում է դեպի ժողովրդավարություն: Ձե՞ռ եք առնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ