Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Վրաստան հարաբերություններ. լրջացե՛ք, դարը փոխվել է

Հոկտեմբեր 03,2017 22:00

Ս.թ. սեպտեմբերի 30-ին Վրաստանի Սամցխե-Ջավախեթի նահանգի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած ցավալի միջադեպը կրկին վեր հանեց թե՛ Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերությունների, թե՛ ջավախահայության խնդիրների նկատմամբ ուշադրության պակասը:

Ըստ հասած տեղեկությունների՝ գյուղում, Ախալքալաքից 12 կմ հեռավորության վրա, 10-րդ դարի քաղկեդոնական եկեղեցու տարածքում, որտեղ պետությունը վերականգնողական աշխատանքներ է կատարում, հայ բնակիչները փորձել են խաչքար տեղադրել առանց պետության հետ համաձայնեցնելու, ինչը դարձել է ոստիկանության միջամտության, այնուհետեւ՝ բնակիչների հետ բախման պատճառ: Արդյունքում վիրավորվել են բնակիչներ եւ ոստիկաններ: Ներկայումս, ըստ մամուլի, իրավիճակը հանդարտվել է, վերահսկվում է տեղական եւ կենտրոնական իշխանությունների կողմից:

Սա մի իրավիճակ է, երբ անհրաժեշտ է խնդիրների, նրանց լուծման մասին խոսել բաց տեքստով, առանց հույզերի եւ դիվանագիտական պայմանականությունների, խոսել միջպետական հարաբերությունների տեսանկյունից եւ այդ հարաբերությունների շահերից ելնելով, ինչպես հարիր է 21-րդ դարի աշխարհիկ պետություններին:

Ակնհայտ է, որ այդ հարաբերությունների «պատմականացումը» եւ մանավանդ՝ «եկեղեցականությունը» մի ճանապարհ է, որը տանում է դեպի ոչ մի տեղ, ինչը լայն հնարավորություն է ստեղծելու հայտնի արտաքին ուժերին իրենց կեղտոտ ձեռքերը տաքացնել այդ փոքրիկ, բայց այնուամենայնիվ՝ կրակի վրա: Ուղղակի նայեք ռուսական, թուրքական եւ ադրբեջանական մամուլը. այն ողողված է հրապարակումներով, որոնք վարկաբեկում են, ով ինչպես, վրացական պետականությունը կամ ջավախահայերին անվանում «սեպարատիստ»…

Մինչդեռ պատմության դասագրքի առաջին իսկ էջից իրար հարեւան պետությունները, որոնց Պատմության եւ Նախախնամության կողմից վերջին քառորդ դարում տրված է վերականգնել իրենց պետականությունը, ըստ էության, փոխադարձաբար՝ ընդհանուր արժեքներ կրող միակ հարեւանն են: Դրա գիտակցումն էլ ավելի է սրվում, երբ Ադրբեջանում, Ռուսաստանում եւ Թուրքիայում տեղի ունեցող ներքին մուտացիաների ֆոնին Վրաստանը շարունակում է ընթանալ եվրոպական մոդելի պետության կառուցման ուղիով, իսկ Հայաստանը, չնայած նրան, որ «թրաֆիքինգի» է ենթարկվել դեպի, այսպես կոչված, «եվրասիական միություն», այնուամենայնիվ փորձում է այլընտրանքներ փնտրել, քանի որ Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական շահերի անտագոնիզմը «չտեսնել» եւ հանդուրժել, Ն. Կարամզինի խոսքով, «այլեւս առանց ստորության հնարավոր չէ»:

Վրաստանը ստորագրել է բոլոր եվրոպական հնարավոր եւ անհնարին խարտիաները, վրացական գործող օրենսդրությունը Վենետիկյան հանձնաժողովի փորձաքննություն է անցել: Հետեւաբար ջավախահայերն ազատ են իրենց իրավունքներին վերաբերող հարցերը բարձրացնել որպես Վրաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ: Դա էլ չբավարարելու դեպքում էլ Ստրասբուրգի դատարանը կա ու կա, բայց ուժով-զոռով քայլեր ձեռնարկելն անընդունելի է բոլոր դեպքերում, եւ պետք է գիտակցել, որ ոչ մի իրեն հարգող պետության մեջ, որքան էլ որ այն որոշ հարցերում անկատար լինի, ոչ ոք նման քայլերը չի հանդուրժելու՝ լինի այդ պետությունը Վրաստանը կամ Հայաստանը: Եվ որքան էլ որ հարցը վերաբերի եկեղեցիներին, պատմությանը, մշակույթին, կրթությանը՝ այդտեղ գործ ունեն բացառապես պետությունը եւ օրենքը, եւ ոչ մի դեպքում եկեղեցին՝ լինի դա հայկական կամ վրացական: Դա Վրաստանի Հանրապետության Սահմանադրության տիրույթում է՝ միայն եւ բացառապես:

Սակայն, մյուս կողմից, դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է շարունակի իր այսօրվա «լեթարգիկ» դիվանագիտությունը՝ մատնելով ռազմավարական նշանակության հարաբերությունները Վրաստանի հետ ուղղակի ինքնահոսի:

«Միմինո» ֆիլմի, փոխադարձ կենացների իներցիայի ֆորմատից մեր միջպետական հարաբերությունները կարծես թե դուրս չեն գալիս: Մինչդեռ Հայաստանի եւ Վրաստանի առջեւ ծառացած մարտահրավերները եւ ռազմավարական, կենսական շահերի ընդհանրությունը միանգամայն այլ որակի հարաբերություններ են պահանջում: Ավելին, հաշվի առնելով Հայաստանի ռազմավարական փակուղին, որը ստեղծվել է ոչ այնքան Թուրքիայի եւ Ադրբեջանի թշնամանքից, որքան այդ թշնամանքը սնուցող, շահարկող եւ շանտաժի գործիքի վերածած կայսերական Ռուսաստանի հետ «դարավոր բարեկամությունից», Երեւանն ավելի նախաձեռնող պետք է լինի: Ի վերջո, քանի Արեւմուտքը, ՆԱՏՕ-ն դեռ չունեն ռազմավարություն, թե ինչպես վարվեն Հարավային Կովկասում, եւ բավարարվում են միայն գործընթացները կառավարելիության հունի մեջ պահելով, Վրաստանը կարողացել է բարիդրացիական հարաբերություններ հաստատելով Բաքվի եւ Անկարայի հետ՝ գտնել ընդհանուր տնտեսական շահ եւ առաջնորդվել դրանով: Մինչդեռ Հայաստանն Իրանի հետ չի կարողանում հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի, քանի որ ճանապարհին «փռվել» են «Գազպրոմը», «Ռոսնեֆտը՞», ՌԺԴ-ն, ինչպես նաեւ ռուս սահմանապահները, որոնք մեզ «պաշտպանում են» Մեղրիում չգիտես ինչից եւ մեր հաշվին: Իսկ Վրաստանի հետ սահմանին, ինչպես պարզվում է, գործելու են «ԵՏՄ նոր մաքսային կանոններ», համաձայն որոնց՝ մի քանի հատ ձմերուկից մեր մաքսավորը պետք է մաքսատուրք գանձի եւ դրանով «կատարի իր պարտավորությունները ԵՏՄ առաջ»:

Այս ամենը չի կարող անվստահություն չհարուցել Հայաստանի Հանրապետության, Հայաստանի քաղաքականության նկատմամբ, ինչն ամենաբացասական անդրադարձը կարող է ունենալ վրացահայության համբավի վրա հենց Վրաստանում, մանավանդ, երբ դրան էլ գումարվեց այն «նստվածքը», որը մնաց, երբ Հայաստանը հանկարծ հրաժարվեց մասնակցել Սամցխե-Ջավախեթիի կենտրոն Ախալցխայում տեղի ունեցած զորավարժություններին եւ մի բան էլ փորձեց «մեղքը» բարդել Թբիլիսիի վրա:

Մինչդեռ, ըստ հավաստի տեղեկությունների, ջավախահայության որոշ ակտիվ շրջանակներ ցնծությամբ ընդունեցին Հայաստանի մասնակցության մասին լուրը եւ նախատեսում էին հանդիսավոր կերպով դիմավորել հայկական զորախմբին, մշակութային ծրագիր պատրաստել ոչ միայն հայ, այլեւ այլ մասնակիցների համար…

Բավակա՛ն է: Այս փնթիությունը, այս անտերությունը, որը տիրում է Հայաստան-Վրաստան հարաբերություններում, ուղղակի այլեւս անհանդուրժելի է: Փոխադարձ պաշտոնական այցելությունները հաշիվ չեն, ինչպես տեսնում ենք: Չափազանց մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար մի քանի պարզ բան: Այսօր նույնիսկ իշխանությունն է հռչակում, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է, որ Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է հենց եվրոպական արժեքներով: Եվ դա արդեն իսկ տարբերություն է դնում մեր եւ «դարավոր բարեկամի» միջեւ, որտեղ մշակույթի նախարարը եվրոպական արժեքներն անվանում է «եվրաատլանտյան պրոպագանդայի արգասիք», իսկ կրոնական առաջնորդն այդ արժեքներից գլխավորները կոչում է «սատանայական»: Ուստի եվրոպական քաղաքակրթության հետ կապող մեր ճանապարհն անցնում է Վրաստանով, եւ դա հաստատ ոմանց «սիրելի» Լարսը չէ՝ այդ արտագաղթի, Հայաստանի դատարկման, համազգային նսեմացման խորհրդանիշը:

Փաստ է, որ դարերով իրար ճանաչելով՝ Հայաստանում շատ վատ գիտեն Վրաստանը, իսկ Վրաստանում Հայաստանն՝ ավելի վատ: Եվ դա պարարտ հող է ստեղծում մեր բազմաթիվ «բարեկամների» սադրանքների, խարդավանքների համար. բավական է փոքր առիթ ստեղծել բացասական կարծրատիպերն ու նախապաշարումներն արթնացնելու համար: Ի պատիվ Հայաստանի եւ Վրաստանի բոլոր ժամանակների իշխանությունների, նաեւ, անշուշտ՝ հասարակությունների, հաջողվել է համատեղ ջանքերով թույլ չտալ, որպեսզի լոկալ անախորժությունները վերածվեն դիմակայության: Սակայն այլեւս դա անբավարար է, եւ մեր համատեղ պարտքն է սերունդների առաջ 21-րդ դարին վայել քաղաքական-դիվանագիտական հիմքի վրա դնել մեր միջպետական հարաբերությունները, որոնց նշանակությունը չափազանց կարեւոր է թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի համար: Չկա՛ «հայ-վրացական» խնդիր, կա խոպան Հայաստան-Վրաստան հարաբերություններում, կա Ջավախքի եւ ջավախահայության՝ վրացական հասարակությանը ինտեգրման, եվրոպականացման խնդիր, կա Հայաստան-Վրաստան՝ եվրոպական արժեքների հիման վրա ինտեգրման խնդիր, որտեղ երրորդն ավելորդ է: Ուղղակի լրջանալ է պետք, դարը փոխվել է:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

03.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Karen says:

    Հարգելի պրն. Մեհրաբյան,

    գրել եք, թե ՛՛ըստ հավաստի տեղեկությունների, ջավախահայության որոշ ակտիվ շրջանակներ ցնծությամբ ընդունեցին Հայաստանի մասնակցության մասին լուրը եւ նախատեսում էին հանդիսավոր կերպով դիմավորել հայկական զորախմբին՛՛: Ո՞ր զորախմբին, խոսքն ընդամենը 3 ռազմական բժշկի մասին կարող էր լինել, և ոչ ավելին: Էնպես որ Ձեր տեղեկությունները հաստատ հավաստի չեն, այլ, ցավոք, բավական ուռճացված:

  2. Արա says:

    Լավ եր գրված․խոսք չկա,

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031