Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էջմիածնում`Սուրբ Գայանե վանքի հարևանությամբ գտնվող կրթական հաստատությունն այժմ երկրի լավագույն դպրոցների շարքում է

Հոկտեմբեր 03,2017 11:43

 Այս ուսումնական տարվա նշանակալի իրադարձություններից էր Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի նոր մասնաշենքի բացումը:

Էջմիածնում`Սուրբ Գայանե վանքի հարևանությամբ գտնվող կրթական հաստատությունն այժմ իրավամբ երկրի լավագույն դպրոցների շարքում է: Այստեղ սովորում են 1-12-րդ դասարանի շուրջ 471 աշակերտներ: Նախատեսվում է նրանց թիվը հասցնել մինչև 600-ը:

«Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը մեզ հետ զրույցում անդրադառնում է կրթական նոր պայմաններին, դրանցով պայմանավորված ուսումնական նոր ծրագրերին, ինչպես նաև «Էօրնեկյան» դպրոցի գլխավոր առաքելությանը:

 Շենքային պայմանները միայն լրացուցիչ գործոն կհանդիսանան նոր նվաճումների համար:

«Ես միշտ նշում եմ, որ դպրոցի նոր շենքը, նոր կահավորանքը չէ, որ պետք է հիմնարար ազդեցություն ունենան կրթության որակի վրա: Այն դպրոցում ապահովվում է դեռևս հիմնադրումից՝2009թ.-ից ի վեր: Եվ վերելքն արդեն տեսանելի է: Դրա վառ ապացույցներից էր, օրինակ, նախորդ տարի մեր դպրոցի երեխաների նվաճումները հանրապետական օլիմպիադայում`տարբեր առարկաներից: Նրանք ուսուցիչների հետ միասին հաջողությունների հասան ոչ շքեղ պայմաններում. քիմիայից և կենսաբանությունից ունեցանք բարձր տեղեր զբաղեցնող երեխաներ այն դեպքում, երբ չունեինք լաբորատորիաներ: Չունեինք շքեղ գրադարան, բայց մեր աշակերտը հայ գրականությունից ևս կարգ բերեց:

Այլ խոսքով՝շքեղ պայմանները չեն, որ պետք է ապահովեն կրթության որակը, բայց, միաժամանակ, դրանք նպաստում են»:

Դպրոցում արդեն գործում է հարուստ գրադարան, ընթերցասրահ, մարզասրահներ, լաբորատորիաներ, և այս ամենով պայմանավորված`մշակվել են նոր մեթոդներ, լրացուցիչ դասընթացներ:

«Կրթական նոր, հարմարավետ պայմանները, տարբեր առարկաների`համապատասխան գույքն ու սարքերն աշակերտներին հնարավորություն են տալիս՝ամեն ինչ աչքով տեսնելու, ուսումնասիրելու և իրենց գիտելիքներն ամրապնդելու: Այս տարի դպրոցական ծրագրում ավելացրել ենք նաև իսպաներենի ուսուցումը, և երեխան լեզուն շատ լսելու, առավել հաղորդակից լինելու հնարավորություն ունի:

Ավելացել է տարբեր խմբակների քանակը: Այս տարի ուզում ենք ներդնել նաև TOEFL ծրագրի ուսուցումը: Ընդհանուր առմամբ, ցանկանում ենք վերջնականապես վերացնել կրկնուսույցին դիմելու անհրաժեշտությունը: Եթե այս ծրագիրն էլ կարողանանք հրամցնել երեխաներին, կարծում եմ, դպրոցի ամենամեծ նվաճումներից կլինի:

Դպրոցի`ուսումնական լայն հնարավորություններով հագեցած լինելը նաև կրթական գեղեցիկ միջավայր է ձևավորում, և այս ամենով, փաստորեն, էլ ավելին է կարողանում անել երեխան: Իհարկե, իրենցից մեր ակնկալիքներն էլ ավելի մեծ են:

Նորություններից մեկն էլ այն է, որ դպրոցում դասապատրաստողի հաստիք է ներդրվել. դասերից հետո երեխաները կարող են մնալ լրացուցիչ պարապմունքների:

Ուսուցիչներն իրենք էլ զբաղվում են ինքնակրթությամբ, անցկացնում ենք սեմինար-պարապմունքներ, որպեսզի նրանք առավել լավ տիրապետեն ժամանակակից տեխնոլոգիաներին:

Այս ամենի հետ մեկտեղ, ուսուցիչներն այսօր շատ ձերբազատվել են շատ խնդիրներից: Նախկինում երբեմն ստիպված էին երեխաներին որոշ նյութեր հատկացնելու համար իրենց աշխատավարձից տրամադրել: Իսկ այսօր հիմնադիրը՝Վեհափառ Հայրապետը և բարերարը՝պարոն Էօրնեկյանը բոլոր զենքերը տվել են՝լավ դպրոց և լավ կրթություն ունենալու համար»:

 Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո գործող դպրոցը երբևէ կրոնական չի եղել, միայն`հատուկ ուշադրություն է դարձվում ազգային դաստիարակությանը, հոգևոր-բարոյական արժեքներին:

«Ի վերջո, երեխաները հետագայում ազգային ավանդույթների կրողն ու պահպանողը պետք է դառնան: Գաղտնիք չէ, որ այդ ազգային ավանդույթները մեզ են փոխանցվել երկու կարևոր օղակների՝ եկեղեցու և դպրոցի կողմից: Այս երկու հաստատությունները համատեղ են քայլել ու գործել բոլոր ժամանակներում, և դա է եղել մեր հայ տեսակի պահպանման գրավականը: Երեխան պետք է հոգևոր սնունդ ստանա այս երկու կարևոր աղբյուրներից: Այլապես, եթե նա այսօր հեռու կանգնի եկեղեցուց, եթե նրան քրիստոնեական դաստիարակություն չտրվի, կարծում եմ, մենք ազգի վերարտադրության խնդիր կունենանք: Մեր աշակերտներն իրենք էլ գիտեն, որ լինել էռնեկյանցի՝նշանակում է լինել բարեկիրթ, քրիստոնեական դաստիարակություն ստացած սան:

Մենք հպարտանում ենք, որ մեր շրջանավարտներից շատերն անվճար են ԲՈՒՀ ընդունվում, ինչպես նաև առանց կրկնուսույցի հեշտ հաղթահարում դպրոցից ԲՈՒՀ ճանապարհը: Բայց պետք է նշել, որ մեր ամենակարևոր նպատակը երեխային ոչ միայն ԲՈՒՀ-ի, այլև՝ իրենց սպասող կյանքի համար պատրաստելն է: Կարծում եմ՝դպրոցի ամենամեծ առաքելությունը հենց հասարակությանը պիտանի մարդ տալն է: Եվ վստահ եմ, որ այն գործիքները, որոնք տրվել են մեզ, կօգնեն՝լավ շրջանավարտ` արդեն հասուն պատանի, լավ մարդ դաստիարակելու»:

 

 

Մարիամ Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031