«Քանի որ ես մանրամասն չեմ տիրապետում կենդանական եւ կապիկական աշխարհի նյուանսներին, ես օրենքից խոսեմ, որովհետեւ շիմպանզեների եւ օրանգուտանների մասին լավ կլինի բուն մասնագետները խոսեն»,- ԱԺ-ում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ ասաց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Օրանգուտան կապիկի եւ մարդ արարածի ԴՆԹ-ի տարբերությունը ընդամենը 2 տոկոս է»: Նա իր ելույթում հորդորել էր «մեր շիմպանզե համակարգը» չդարձնել մակակայի մակարդակի:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:
Ըստ Մարգարիտ Եսայանի, երբ որ խոսում ենք այն մասին, որ ընդդիմադիր խմբակցությունից գործիք են վերցնում, մենք մոլորության մեջ ենք, որովհետեւ այսպես թե այնպես այդ գործիքն անգործության էր մատնվելու՝ ցանկացած քաղաքական դասավորման պայմաններում: Հանվում է մի բան, որն իրականում անգործ է, չի կարող գոյություն ունենալ: Պատգամավորը հիշեցրեց, որ հարափոփոխ այս աշխարհում ամեն ինչ փոփոխական է եւ ընտրությունից ընտրություն ուժերի դասավորությունը ավագանիում կարող է փոխվել, հետեւաբար չպետք է տպավորություն ստեղծվի, որ ինչ-որ մի խմբակցության ձեռքից ինչ-որ իրավունք վերցնում են. «Որեւէ բան սղացնելու եւ անցկացնելու միտում վստահաբար կառավարությունը եւ մենք չունենք»:
Վերադառնալով կապիկների թեմային՝ Մարգարիտ Եսայանն ասաց. «Շիմպանզեներ, օրանգուտաներ եւ այլ կարգի կապիկներ լինում են ամենուրեք, լինում են այս կամ այն տարածության մեջ: Եվ կախված նրանից, թե մեր վերաբերմունքն ինչպիսին է այդ կենդանիներին, մենք տալիս ենք մեր սեփական ինքնագնահատականը»:
Նա վստահեցրեց, որ օրենքը փոխելով՝ որեւէ կապիկություն չեն անում, ընդամենը համապատասխանեցնում են Սահմանադրությանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ