Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Օրանգուտան կապիկի եւ մարդ արարածի ԴՆԹ-ի տարբերությունը ընդամենը 2 տոկոս է». Փաշինյանը՝ ԱԺ-ում կապիկների մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2017 11:16

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն է քննարկվում ԱԺ-ում: Հիշեցնենք, որ առաջին ընթերցման ժամանակ ընդդիմադիր խմբակցությունները մի շարք վերապահումներ ունեին, իսկ կառավարությունը խոստացել էր փոփոխել նախագիծը: Այսօր Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ քննարկումների արդյունքում առաջարկություններ են ստացել, որոշակի անհարթություններ են ընդամենը շտկել՝ խմբագրական բնույթի: Հանձնաժողովում նախագծին կողմ է քվեարկել 5 պատգամավոր, երեքը դեմ են եղել: Հիշեցնենք, որ ընդդիմադիրների դժգոհությունը հիմնականում այն էր, որ նախագծով տեղական հանրաքվե անցկացնելու ընդդիմադիրների իրավունքը, որպես գործիք, իրենց ձեռքից խլում են:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դժգոհեց. «Կառավարությունը հրեշտակի տեսքով ասում է, թե որեւէ խնդիր չկա, ընդամենը համապատասխանեցնում ենք Սահմանադրությանը, բայց սղացնում են արանքում վիճահարույց հարցեր: Սա հետընթաց է: Դուք խոստացաք, որ կքննարկեք ու կասեք, ու պիտի ասեիք, պարոն Տերտերյան, թե ինչու եք մերժել»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ եթե նույնիսկ նման առաջարկ անելու իրավունք էլ ունենա ընդդիմադիր խմբակցությունը, վերջում որոշելու է մեծամասնությունը, ուստի զարմանալի է, թե ինչի՞ց են վախենում իշխանությունները. «Պետք չէ Սահմանադրությանը համապատասխանեցնելու տակ օրենքում լրջագույն հետընթաց փոփոխություններ կատարել: Մենք, բնականաբար, քվեարկելու ենք դեմ»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Երեւանի ավագանու խմբակցությունը իրավունք չունենա՞ հանդես գալ քաղաքային հանրաքվե անցկացնելու առաջարկությամբ, ընդ որում, այդ առաջարկությունը չի նշանակում ինքնաբերաբար այդ հանրաքվեն տեղի կունենա: Պետք է ավագանին որոշում կայացնի: Այդ իրավունքը կար եւ հիմա որոշել են վերցնել այդ իրավունքը: Հարց է ծագում՝ ինչո՞ւմ, ո՞ւմ է խանգարում: Ինչքան ավելի բարձր են գոռում ժողովրդավարության մասին, այնքան բոլոր գործիքները վերացնում են: Մեկը թող բացատրի, էդ ինչի՞ եք սենց քափ-քրտինքի մեջ բոլոր գործիքները հավաքում ընդդիմադիր խմբակցություններից, ի՞նչն է պատճառը: Համայնքներից խոշորացման մասին կարծիք հայտնելու իրավունքը վերցնել, խմբակցություններից հանրաքվե անցկացնելու առաջարկի իրավունքը մերժել, բոլորից բոլոր իրավունքները վերցնել, վերջում ասել՝ մենք Սահմանադրական փոփոխություններ կատարեցինք եւ Հայաստանը դարձրեցին ժողովրդավարական երկիր, է՞ս ա, հո ասելով չի: Սա՞ է ժողովրդավարության մասին ձեր պատկերացումը»:

Նա նշեց, որ այս գործիքը թողնելով՝ աշխարհը չի քանդվելու. «Ես ուզում եմ խորհրդարանին տեղեկացնել, որ օրանգուտան կապիկի եւ մարդ արարածի ԴՆԹ-ի տարբերությունը ընդամենը 2 տոկոս է: Ոմանց թվում է՝ հսկայական տարբերություն է, այ սենց պուճուր գործիքներից 2 տոկոս է: Դրա համար կոչ եմ անում, որ մեր շիմպանզե համակարգը ընդհանրապես մի դարձրեք մակակի մակարդակի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031