Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շիրակ Թորոսյան. «Այս անհարկի լարվածության հիմքում կարող է նաեւ քաղաքական սադրանք լինել». «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 03,2017 10:25

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո հայաբնակ գյուղի բնակիչների հասկանալի պահանջը՝ խաչքար տեղադրել իրենց նախնյաց գերեզմանին, հանդիպեց Վրաստանի ուժային կառույցի անհասկանալի հակազդեցությանը. ոստիկանության հատուկ ջոկատայինները հարձակվեցին հավաքված գյուղացիների վրա, ծեծի ենթարկեցին նրանց: Ի՞նչ բացատրություն կտաք կատարվածին:

-Խնդիրը հետեւյալն է. վրացական պետությունը տարիներ առաջ որոշեց վերանորոգել Գումբուրդո հայաբնակ գյուղի եկեղեցին, որը 10-րդ դարի շինություն է: Աշխատանքի ընթացքում բանվորները եկեղեցու շուրջը ոսկորներ հայտնաբերեցին, պարզվեց՝ այն մի հին գերեզմանոց է:

Գյուղի բնակիչները, բնականաբար, համարեցին, որ այն իրենց նախնյաց գերեզմանատունն է, եկեղեցուն կից թաղված են իրենց նախնիները, ու հայտնաբերված ոսկորներն էլ իրենց նախնիների ոսկորներն են։ Գյուղացիները, ի հիշատակ իրենց նախնյաց, որոշում են խաչքար տեղադրել գերեզմանոցում:

Եվ ահա, այստեղից էլ ծագում է հակասությունը: Դեմ լինելով գյուղացիների ցանկությանը՝ վրացական կողմը պնդել է, թե վերանորոգման աշխատանքներ են ընթանում, եւ խաչքարի տեղադրման հարցում չկա թույլատվություն: Մինչդեռ գյուղացիները պնդել են իրենց պահանջը, ու ստեղծվում է հակասություն ոստիկանության ու գյուղացիների միջեւ: Նույնիսկ հատուկ նշանակության մի ջոկատ են մոտեցրել, հակասությունն այն աստիճան է սրվել, որ բախում է տեղի ունեցել ոստիկանության հատուկ ջոկատայինների ու գյուղացիների միջեւ:

Բայց սա ամենեւին էլ այն հարցը չէ, որը պետք է նման լարվածության հանգեցնի: Այսօր Ջավախքում տարեկան տասնյակ խաչքարեր են տեղադրվում, եկեղեցիներ են կառուցվում կամ նորոգվում ու վերաօծվում, այսինքն՝ այս առումով խնդիր չունենք վրաց իշխանության հետ։
Այս անհարկի լարվածության հիմքում կարող է նաեւ քաղաքական սադրանք լինել, քանի որ առաջիկայում ՏԻՄ ընտրություններն են, կան որոշ ուժեր, անհատներ, քաղաքական գործիչներ, որոնց համար սա հարմար վիճակ է պղտոր ջրում ձուկ որսալու համար:

Բայց փոխադարձ անհամաձայնության ու անըմբռնողության մթնոլորտը ամենեւին չի բխում Վրաստանի, Հայաստանի, առավել եւս՝ Ջավախքի ու ջավախքահայության շահերից: Սա ձեռնտու է միայն թուրք-ադրբեջանական տանդեմին: Ու մենք արդեն տեսնում ենք, որ թուրքերն ու ադրբեջանցիները հեղեղել են համացանցը՝ խոսելով, այսպես կոչված, ջավախքցի անջատողականների նոր գործողությունների մասին: Նրանք կարող են սադրել ու ավելի խորացնել լարվածությունը: Սա մի հնարավորություն է մեր թշնամիների համար սեպ խրելու հայ-վրացական հարաբերությունների մեջ:

Ու դա արվում է այն փուլում, երբ հայ-վրացական հարաբերություններում նոր զարգացում, ջերմացում կա, ձեւավորվում են հարաբերություններ, որոնք պայմանավորված են տարածաշրջանային մեծ շահերով ու համատեղ գործողությունների ակնկալիքով: Նման իրավիճակում խաչքարի տեղադրման շուրջ այսպիսի պատմություն ստեղծելն անընդունելի է:

Դեռ խորհրդային տարիներից, հետո նաեւ անկախացման շրջանում Վրաստանում իրականացվում էր մի քաղաքականություն, որն ուղղված էր հայկական հետքի ոչնչացմանը. հայկական եկեղեցիները համատարած վրացացվում էին, նրանցից քերվում, հանվում էին արձանագրությունները։ Թվում էր, թե այդ տարիներն այլեւս անցյալում են, ու վրացական կողմին չի նյարդայնացնում հայկական հետքերի լույս աշխարհ գալը: Բայց այս դեպքում, արդյոք, նման դրսեւորման հե՞տ գործ չունենք:

-Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ եկեղեցու պատկանելության շուրջ իրականում վեճ չկա: Եկեղեցին ուղղափառ հունադավան եկեղեցի է։ Ինչպես վկայում են մեր պատմագիտական հավաստի աղբյուրները, այն կառուցել են քաղկեդոնություն ընդունած հայերը: Իսկ վրացական կողմը համարում է՝ քանի որ եկեղեցին ուղղադավան է, ուրեմն պատկանում է վրացական եկեղեցուն:

Չնայած տարբեր մոտեցումներին, այնուհանդերձ, այս խնդրի հետ կապված խորքային վիճաբանություն չի էլ եղել, որովհետեւ եկեղեցու հունադավանության փաստն ակնհայտ է: Ի դեպ, նշեմ, որ ժամանակին եկեղեցին եղել է տարածաշրջանի վրացական աթոռանիստը: Այսինքն՝ չկա վեճ եկեղեցու պատկանելության շուրջ:

Ուրեմն ինչո՞ւ են վրացիները վախենում, որ հայ գյուղացիները եկեղեցու բակում գտնվող իրենց նախնիների գերեզմանոցի վրա խաչքար տեղադրեն:

-Վրաց ոստիկանները ցուցաբերել են ոչ պատշաճ վերաբերմունք՝ պնդելով, թե չկա թույլտվություն, թե ընթանում են վերականգնման աշխատանքներ, որ պետք է սպասեն, մինչեւ աշխատանքները ավարտվեն, դրանից հետո միայն կտեղադրվի խաչքարը, եթե, իհարկե, տեղադրվի:

Բայց փաստ է, որ գյուղացիները որեւէ արատավոր արարք չեն ցուցաբերել՝ խաչքար տեղադրելով: Խնդիրն այլ տեղում է. վրացական կողմը պետք է գիտակցի, որ հարցի շատ ավելի քաղաքակիրթ լուծում կա, հարկ չկա տրվել անիմաստ էմոցիային կամ սադրանքին եւ մի մեծ պատմություն սարքել:

Մենք հաճախ ենք հիացած խոսում Վրաստանի ժողովրդավարացման ընթացքի մասին, Արեւմուտքը եւս որպես տարածաշրջանային օրինակ բերում է Վրաստանը, մինչդեռ պարզվում է՝ անտեսվել են այդ երկրում գոյություն ունեցող լրջագույն խնդիրները՝ ազգային փոքրամասնությունների հետ կապված հարցերը: Կատարվածը հարի՞ր է Վրաստանի որդեգրած ժողովրդավարական արժեքներին:

-Համաձայն եմ ձեր դիտարկմանը: Այո, կա այդ խնդիրը: Հատկապես Սահակաշվիլու կառավարման տարիներին մեզանում կային մարդիկ, որոնք հիացմունքով էին արտահայտվում Վրաստանի բարեփոխումների, ժողովրդավարացման մասին: Բայց այդ նույն Սահակաշվիլին ամենակոշտ ու կոպիտ ձեւով ոտնահարել է ազգային փոքրամասնությունների, մասնավորաբար ջավախքահայության իրավունքները:
Շատ քչերն էին տեսնում ու հասկանում, որ անհրաժեշտ է հայ-վրացական հարաբերություններն ու վրացական բարեփոխումները դիտարկել առաջին հերթին ջավախքահայերի իրավունքների տեսանկյունից եւ ոչ թե նրա արտաքին փայլերով՝ շենքերը ներկվում են, ավտոտեսուչը կաշառք չի վերցնում, ասֆալտը հարթ է:

Մեզ համար շատ կարեւոր է, որ 180 հազարանոց ջավախքյան համայնքը, ինչպեսեւ թիֆլիսահայությունը ապրի նորմալ ու անվտանգ պայմաններում, խնդիրներ չունենա այդ պետության ներսում ու նոր վրաց ժողովրդավարների հետ: Սահակաշվիլու ժամանակ մերոնք իրոք շատ լուրջ խնդիրներ են ունեցել:
Բարեբախտաբար ներկա փուլում զգալիորեն մեղմվել են այդ հարցերը, բայց, ինչպես տեսնում եք, ցավոք, մենք կանգնեցինք եւս մեկ փաստի առաջ, ու խաչքարի տեղադրումը կարող է դառնալ ազգամիջյան հարաբերությունների լարման պատճառ: Դա շատ խոցելի կդարձնի մեր այսօրվա հարաբերությունների մակարդակը, ինչը չպետք է թույլ տալ:

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա  համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031