ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանի համոզմամբ, սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանին վաղաժամ ազատ արձակելը վկայում է ոչ թե ընտրովի արդարադատության, այլ արդարադատության բացակայության մասին: Թե ինչպես է ստացվում, որ օրինակ տոնածառի համար քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը տարիներով բանտում է, իսկ պետբյուջեին խոշոր չափերի վնաս հասցված նախկին պաշտոնյան ազատ է արձակվում, պարոն Սարուխանյանը չի զարմանում.
«Արդարադատություն գոյություն չունի, Հայաստանում գործում է իրավական տեռոր: Միայն Վազգեն Խաչիկյանի օրինակը չէ, չմոռանանք բանակում պակասորդների վերաբերյալ քրեական գործեր էին հարուցվել, գեներալներ էին խառնված, անցավ մեկ-երկու շաբաթ, լուրերն ամբողջովին վերացան, փակվեց թեման, ու նմանատիպ բազմաթիվ օրինակներ ունենք»,- ասաց Գագիկ Սարուխանյանը՝ զարմանալով, թե ինչու հասարակությունն այդքան զարմացավ Խաչիկյանի վաղաժամ ազատ արձակվելու լուրից. «Նրան ազատազրկելով կամ դաստիարակում էին, կամ այդպես էլ չհասկացավ՝ ինչ պետք է անել ժամանակին, որ չդատվի կամ էլ վախեցնում էին մյուսներին, որ հենց սկզբից ենթարկվեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ