Այս տարի ավելի քան 2 միլիոն մարդ դարձել է փախստական պատերազմների ու հետապնդումների արդյունքում: Սակայն վերջիններս ավելի ու ավելի շատ են առնչվում տարբեր սահմանափակումների հետ, ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում: Դրա մասին է հայտնում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
«2016 թվականին բռնի տեղահանվածների թիվն աշխարհում կազմել է 65,6 միլիոն մարդ: Այս միտումը շարունակվում է վերջին 5 տարիների ընթացքում: 2017 թվականին ավելի քան 2 միլիոն մարդ լքել է իր բնակավայրը և դարձել փախստական: Նրանք սահմանային անցակետեր են հասնում արդեն հիվանդ, հյուծված և հոգեբանորեն ճնշված: Աղքատությունն ու զրկանքները թողնում են իրենց հետքը»,- նշում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
Նրանց թվում են 650 հազար փախստականներ Հարավային Սուդանից և 500 հազար մահմեդականներ Ռոհինգյայից, ովքեր հեռացել են Մյանմարում վերջին շաբաթներում ծագած բռնությունների պատճառով:
Ֆիլիպո Գրանդին անդրադարձել է նաև փախստականների նկատմամբ անհանդուրժողականության աճին աշխարհում:
«Սահմանների փակումը, փախստականների մուտքի և ապաստանի տրամադրման սահմանափակումները, ստիպողական վերադարձը կամ փախստականների մեկուսացումը զգալիորեն աճել են: Աճել է նաև անհանդուրժողականությունը փախստականների նկատմամբ: Մենք այս ամենը նկատում ենք աշխարհի բազմաթիվ մասերում, ներառյալ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Եվրոպայում և զարգացած այլ երկրներում»,- հայտնում է Գրանդին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: