«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնած «Հայկական ավանդական հարսանիք» ներկայացում-միջոցառումն էր:
Արգելոց-թանգարանի տարածքը զարդարվել էր ՊՈԱԿ-ի ֆոնդերի հավաքածուի որոշ առարկաներով, նախշազարդ գորգերով: «Շողակն», «Մասունք» և «Վարք Հայոց» ազգագրական երգի-պարի համույթները գեղեցիկ ու թատերականացված կատարումներով, «հարս ու փեսայի» ու մյուս մասնակիցների հետ ազգագրական երգ-երաժշտության հնչյունների ներքո ներկայացրել են ավանդական հայկական հարսանիքի ինչ-որ տեղ մոռացված ավանդույթները: Զվարթնոց տաճարում հնչել է նաև «Զվարթնոց» կվարտետի հիասքանչ կատարումը:
«Գլխավոր» անակնկալը առջևում էր: Բեմականացված միջոցառմանը միացել է այդ օրն իրապես պսակադրվող շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանն իր հարսանացուի` Արիանա Կաոլինի հետ: Նորապսակները որոշել էին 7-րդ դարի քրիստոնեական տաճարի կամարների ներքո անմահացնել իրենց կյանքի ամենակարևոր ու հիշարժան օրվա լավագույն ակնթարթները:
Միջոցառման մասնակիցներն ու այցելուները բուռն ծափերով են ողջունել նորապսակ զույգին` շուրջպարի մեջ առնելով նրանց: Զուռնա -դհոլի հնչյունների ներքո շնորհավորել ու բարեմաղթանքներ են հղել նրանց:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»