«Տպավորությունն այնպիսին է՝ կարծես ինձ մահապատժի են տանում: Լավ կլիներ, որ որպես առաջին քրիստոնյա ազգ, մենք Սուրբ գրքի վրա երդվեինք»,- այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախքան դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը հայտարարեց օֆշորի գործով մեղադրյալ գործարար Աշոտ Սուքիասյանը:
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը հրապարակեց վճիռը՝ մեղավոր ճանաչելով Սուքիասյանին, դատապարտելով 16 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ, մոտ 8 մլրդ կբռնագանձվի հօգուտ Փայլակ Հայրապետյանի, 632 մլն 403 հազար դրամ էլ հօգուտ Հայրապետյանի որդու:
Սուքիասյանը մինչեւ վերջ իրեն մեղավոր չճանաչեց՝ իր վերջին խոսքում ասելով, որ Փայլակ Հայրապետյանն է սեփական գույքը հանձնել իրեն՝ խնդրելով գրավադրել այն:
Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ