2016թ. «Սահման» հասարակական կազմակերպությունը Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչներին նվիրեց մեծ թվով մեղուներ, մեղվափեթակներ եւ մեղվաբուծության համար պահանջվող պարագաներ: Բաղանիսի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արսեն Սահակյանի ներկայացրած ծրագրով եւ Բաղանիսի բնակիչների համաձայնությամբ`նվիրաբերված մեղուներից ստացված մեղրի կեսը անցյալ տարի նվիրվեց Նոյեմբերյանի սահմանագոտին պաշտպանող զինծառայողներին:
Բաղանիս գյուղից հայտնեցին, որ 2017թ. սեպտեմբերին, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձից առաջ բաղանիսցի մեղվապահներն իրենց ստացած մեղրի կեսը նորից նվիրաբերեցին սահմանապահներին: Ադրբեջանի հետ սահմանը պաշտպանող զինծառայողներն այդ առթիվ շնորհակալ են «Սահման» ՀԿ համահիմնադիրներ Ջորջ Տաբակյանին, Աննա Աղաջանյանին, Գայանե Գեւորգյանին, Անահիտ Նազարյանին եւ իրենց հետ սահմանը պաշտպանող Արսեն Սահակյանին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ