Լրահոս
Օրվա լրահոսը

«Փշաքաղվել եմ, շատ անհանգիստ եմ». Դավիթ Գալստյանի կինը՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում կատարվածի մասին

Հոկտեմբեր 02,2017 19:17

«Երևի հենց այսօր էլ Դավիթ Գալստյանին տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն, քանի որ վիրահատություն պետք է կատարվեր: Բայց միջադեպի հետ կապված որևէ տեղեկություն չունեմ»,-Aravot.am-ի հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտնեց Բանդայի գործով երկարատեւ ազատազրկման դատապարտված Դավիթ Գալստյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ինքնաձիգով զինված քաղաքացին մտել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ուր բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի, և անկանոն կրակոցներ արձակել: Հարձակում գործող անձը վնասազերծվել է կալանավորին հսկող քրեակատարողական ծառայողների կողմից: Կանխվել է նաև փախուստի փորձը: Ըստ տեղեկությունների՝ միջադեպը կատարվել է Դավիթ Գալստյանի փախուստը կազմակերպելու համար:

Մեզ հետ զրույցում պարոն Ոսկանյանն ասաց, թե չի կարող այդ տեղեկությունները հաստատել. քննություն կկատարվի և կպարզվի : Փաստաբանը նշեց, որ Դավիթ Գալստյանն ունի ոտքերի հետ կապված խնդիրներ. դեռ բանդային գործի շրջանակներում ենթարկվել է բռնությունների, ոտքերի տարբեր մասերին հարվածել են, կտտանքների ենթարկել:

Զրուցեցինք նաև Դավիթ Գալստյանի կնոջ՝ Սոնայի հետ: Նա ասաց, թե մամուլից է տեղեկացել միջադեպի մասին և փշաքաղվել: Նշեց, որ այսօր ամուսնու հետ չի խոսել. «Ոչինչ չգիտեմ, չգիտեմ ինքն ուր է: Ապշած եմ, փշաքաղվել եմ: Ես էլ եմ անհանգիստ: Ամուսինս իրոք առողջական խնդիրներ ունի, ոչ միայն անոթների, այլև աչքերը, գլուխն է վատ վիճակում: Ստուգումներից հետո բժիշկներն ասել են, որ անհապաղ պետք է վիրահատվի: Այս ամենի մասին բարձրաձայնել ենք, բայց անարձագանք է մնացել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031