Սեպտեմբերի 28-ին, մասնագիտական պարտականությունները կատարելիս, ֆիզիկական բռնության է ենթարկվել «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը: Ասֆալտապատման աշխատանքները նկարահանելու պահին լրագրողի նկատմամբ բռնություն են գործադրել «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանը եւ նրա աշխատակիցները: Ֆիզիկական ուժի գործադրմամբ Ավետիսյանից խլել են հեռախոսը , նրան տապալել գետնին:
«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Հայաստանում լրագրողների նկատմամբ կատարվող ցանկացած բռնարարք, ինչը երկրում արմատավորված անպատժելիության մթնոլորտի արդյունք եւ հետեւանք է:
Աչքի առաջ ունենալով անցյալում նմանօրինակ դեպքերն անպատիժ թողնելու, բռնությունը պարտակելու փաստերը, ՀՀ քննչական կոմիտեի Վանաձորի ստորաբաժանումից պահանջում ենք սկզբունքայնություն ցուցաբերել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում:
«Ժառանգություն» կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Նարինե Ավետիսյանին:
«Ժառանգություն» կուսակցություն
2 հոկտեմբերի, 2017թ., Երեւան