Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետ. «Միջպետական ավտոճանապարհը փակելն ինքնաբուխ չէր»

Հոկտեմբեր 02,2017 17:23

Սեպտեմբերի 29-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսի ժամանակ հարց տվեցինք վառելափայտի հետ կապված խնդիրների պատճառով վերջին 3-4 ամիսների ընթացքում Տավուշի մարզի տարածքում 3 անգամ միջպետական ավտոճանապարհը փակելու վերաբերյալ, հարցրինք, թե բողոքի այդ գործողություններն ինքնաբո՞ ւխ էին , թե՝ կազմակերպված, ի՞ նչ է արվել այդ ակցիաների ժամանակ բարձրացված խնդիրները լուծելու համար:

Հովիկ Աբովյանն ասաց, որ ճանապարհը փակելն ինքնաբուխ չէր, դրանց հիմնականում նույն մարդիկ են մասնակցել, իրենք գիտեն, թե ովքեր են նրանք:

Մարզպետի խոսքերով` ճանապարհ փակելով հարցերը չեն լուծվում, բողոքները լսելու, քննարկելու արդյունքում են գտնվում դրանց լուծումները: Տավուշի մարզի անտառապատ տարածքները կազմում են 140 հազար հեկտար: Այդ տարածքներում կան քամատապալ ծառեր, թափուկներ, որոնք տրամադրվում են բնակչությանը: Դեռեւս 2015թ. կառավարության որոշումով Տավուշի մարզի անտառամերձ բնակավայրերին արտոնություն է տրվել, այդ բնակավայրերի յուրաքանչյուր տնտեսության մինչեւ 8 խորանարդ մետր, ինքնապատրաստմամբ, անվճար վառելափայտ է տրամադրվում: Նշված բնակավայրերն ընդհանուր առմամբ ունեն 11 հազար տնտեսություն: Բացի այդ բնակավայրերից, մարզի այլ տարածքներում կան տնտեսություններ, ովքեր օգտվում են վառելափայտից, այդ տնտեսություններին եւս հնարավորինս չափով վառելափայտ է տրամադրվում:

Հովիկ Աբովյանը հայտնեց, որ մարզում կան վառելափայտի բիզնեսով զբաղվողներ, ովքեր վաճառքի նպատակով  վառելափայտ են տեղափոխում հանրապետության այլ վայրեր: Վերջերս վարչապետի հանձնարարությամբ Տավուշի մարզպետարանում քննարկում է կայացել, բողոքավոր մարդկանց հրավիրել են մարզպետարան, համապատասխան կառույցների ղեկավարների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել: Օրերս  վարչապետի մոտ այդ հարցով քննարկում-խորհրդակցություն է անցկացվել, որոշվել է քամատապալ, ձնատապալ ծառերի փայտից զատ հատկացնել «Հայանտառի» տրամադրած 4000 խորանարդ մետր վառելափայտ: Դրա շնորհիվ բնակչության վառելափայտի կարիքները բավարարելու հնարավորություն է ստեղծվել:

Անդրադառնալով «Դիլիջան» ազգային պարկին հարակից բնակավայրերի բնակիչների վառելափայտի խնդրին, մարզպետն ասաց, որ «Դիլիջան» ազգային պարկում, ի տարբերություն «Հայանտառի» անտառտնտեսությունների, պետականորեն պլանավորված ծառահատումներ չկան, բնակիչները հիմնականում օգտվում են քամատապալ, ձնատապալ ծառերի, մեծ թեքության պատճառով ընկած ծառերի փայտից: Պայմաններ են ստեղծվում, որ բնակչությունը կարողանա առավելագույնս օգտվել այդ թափուկներից : Մարզպետի վկայությամբ` խնդրի քննարկումից հետո որոշվել է  2800 խորանարդ մետր վառելափայտ տրամադրել Դիլիջանի տարածաշրջանի համայնքների բնակիչներին: Կառավարության որոշմամբ այդ  տարածաշրջանի տնտեսություններին կտրամադրվի մինչեւ 8 խորանարդ մետր անվճար վառելափայտ,: Անվճար տրվելիք վառելափայտի կոնկրետ չափը կորոշվի ազգային պարկի տարածքում մասնագետների կողմից կատարվելիք ուսումնասիրություններից: Բացի քամատապալ, ձնատապալ, թեքության պատճառով ընկած ծառերից, բնակչությանը կտրվի նաեւ ազգային պարկի տարածքով խողովակաշար, բարձրավոլտ էլեկտրագիծ անցկացնելու համար հատվելիք ծառերի փայտը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031