Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվել է Սևանին տալ զբոսաշրջային քաղաքի կարգավիճակ, որը հնարավորություն կտա քաղաքում իրականացնելու մի շարք ներդրումային ծրագրեր (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 02,2017 17:11

Այս տարի էլ Հայաստան այցելած զբոսաշրջիկների մի ստվար հատված հայաստանյան քարտեզի վրա նախընտրել են Սևանա լիճն ու ափամերձ տարածքները:

Սևանի տուրիստական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանի կողմից տրամադրված տվյալների համաձայն` Սևանա թերակղզու ավտոկանգառի տարածք ժամանած զբոսաշրջիկների թիվը հուլիս-օգոստոս ամիսներին եղել է 75919 մարդ, որից 8%-ը օգտվել է գրասենյակի ծառայություններից:

Ոչ միայն լիճը, այլ նաև լճափին գտնվող Սևան քաղաքն էլ կարող է դառնալ զբոսաշրջիկներին հյուրընկալող, հետաքրքրություն ներկայացնող լավագույն վայր: Այնինչ, Սևանը վերջին տարիներին դարձել է տարանցիկ ճանապարհ, որի արդյունքում դուրս է մնացել զբոսաշրջային գործընթացներից:

Սևանի զբոսաշրջային գրավչության ավելացման, տեղացիներին զբոսաշրջային գործի մեջ ներգրավելու համար «Տեխնոդրոմ» ՀԿ-ն «Տուրիզմ ստարտափ» ծրագրի իրականացման փորձեց լրացնել մի շարք բացեր` միաժամանակ գրանցելով զգալի տեղաշարժ:

Ծրագիրն արդեն հատել է վերջնագիծը, իսկ եռամսյա աշխատանքն էլ տվել է որոշակի արդյունք: Այն լավագույն միջոց էր շփումների խոչընդոտը վերացնելու ճանապարհին երիտասարդներին զինելու լեզվական անհրաժեշտ իմացությամբ, յուրացնելու զբոսաշրջային գործի նրբությունները, զբոսաշրջիկին բերելու Սևանի տարածաշրջան, տեղացիներին կապելու համայնքին` միաժամանակ համայնքը դարձնելով ներկայանալի:

«Իհարկե, 3 ամիսը մեծ ժամանակահատված չէր ոլորտն ամբողջովին ուսումնասիրելու համար, սակայն այն ուղղությունները, որոնք ընտրվել էին ի սկզբանե, կարողացանք առաջ տանել` անգլերենի ուսուցումից մինչև զբոսավարների պատրաստում, հյուրատների ստեղծումից մինչև գովազդային նյութերի տպագրություն, որոնք ամբողջացան ոլորտային օրենսդրության ներկայացմամբ, հաղորդակցման հմտությունների փոխանցմամբ, տուրերի կազմակերպմամբ»,- ասում է ծրագրի ղեկավար Գայանե Մհերյանը:

Սևանի տարածաշրջանի, մասնավորապես` Սևան քաղաքի, Գոմաձոր, Ցամաքաբերդ թաղամասերի, Լճաշեն, Ծովագյուղ համայնքների 100-ից ավելի երիտասարդներ այսուհետ կարող են իրենց համայնքներ հյուրընկալված զբոսաշրջիկի հետ ոչ միայն հաղորդակցվել, այլ նաև դառնալ զբոսավար` ուղեկցելով տարածաշրջանի պատմամշակութային և այլ հետաքրքրություն ներկայացնող վայրեր, տրամադրելու անհրաժեշտ տեղեկատվություն գործող հյուրատների վերաբերյալ:

«Զբոսաշրջային հոսքերի կառավարումը թույլ է տալիս մտածել լայն ու բաց. միշտ պետք է իմանալ, որ կա հնարավորություն, ինչու այն չօգտագործել և ստանալ երկկողմանի եկամուտ: Եթե Դիլիջանում, Էջմիածնում, Ծաղկաձորում կամ Երևանում հյուրատների հաջողված օրինակներ կան, ինչու չօգտագործել արդեն իսկ կիրառվող լավագույն փորձը ու այն ավելի զարգացնել» ,- նշում է Գայանեն:

Ծրագրի ավարտից հետո 12 ընտանիք ստեղծել է իր ընտանեկան բիզնեսը` հյուրատների տեսքով, զբոսավարների մի խումբ էլ պատրաստ է համայնքներ ոտք դնող զբոսաշրջիկների համար դառնալ հուսալի ուղեկից:

Հիմքը դրված է. մնում է այն բարելավել, գործի մեջ հոգի դնել և առաջ գնալ:

Ծրագրի ընթացքում մասնակիցներն այց են կատարել նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտե:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս մի շարք առաջարկությունների և դիտարկումների, առաջարկվել է` Սևանին տալ զբոսաշրջային քաղաքի կարգավիճակ, որը հնարավորություն կտա քաղաքում իրականացնելու մի շարք ներդրումային ծրագրեր, բարելավելու ենթակառուցվածքները, ինչպես նաև լիճն ու լճի ափին փռված քաղաքը դարձնել «օգտագործելի» շուրջ տարին:

Սա դեռևս միայն ցանկություն-առաջարկ է, իսկ դրան հասնելու ճանապարհին շատ կարևոր է գովազդային արշավի կազմակերպումը:

Գայանե Մհերյանի փոխանցմամբ` դրա արդյունքում Սևան քաղաքի և հարակից համայնքների փողոցներում և տեսանելի հատվածներում արդեն կարելի է հանդիպել պոստերներ, որոնք «կհուշեն» զբոսաշրջիկին և հյուրերին` որտեղ գնալ, ինչ ուղի ընտրել:

Ծրագրի արդյունքում տպագրված տեղեկատվական գրքույկն էլ համատեղել է հյուրատների վերաբերյալ տեղեկատվություն, զբոսավարների կոնտակտային տվյալները, պատմամշակութային վայրերի և այցելության այլ հասցեների լուսանկարներ, որոնք անվճար տարածվելու են:

Ինչպես նշեց ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհային ծրագրերի մասնագետ Անդրանիկ Մանուկյանը` կատարված է լավ և մնայուն գործ, որը զբոսաշրջությանը նորովի մոտենալու հաջողված փորձ է:

Հաջողված փորձն էլ հնարավոր դարձավ համագործակցային աշխատանքի շնորհիվ: Գայանե Մհերյանը թվարկում է ծրագրի աջակից անձանց և կազմակերպություններին` Սևան, Լճաշեն, Ծովագյուղ համայնքների ղեկավարներ, համայնքապետարանի տեղեկատվական տուրիզմի գրասենյակի պատասխանատու, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ` ի դեմս բուսաբանական այգու և այցելուների կենտրոնի տնօրեններին, ՓՄՁ Գեղարքունիքի մասնաճյուղ, ԱՄՆ Խաղաղության կորպուս:

Սևան համայնքի համար զբոսաշրջությունը համարվում է գերակա ուղղություն, և նմանատիպ ծրագրերն էլ օգնում են համայնքին մեկ քայլ առաջ գնալու և ցանկալի արդյունքին հասնելու համար:

Տեղեկացնենք, որ 2013թ. ԱՄՆ փոխանակման «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել էր հասարակական կազմակերպությունների համար, Բոստոն էր մեկնել նաև «Տեխնոդրոմ» ՀԿ-ի ներկայացուցիչ Գայանե Մհերյանը: 2017թ. ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց ԱՄՆ շրջանավարտներին դրամաշնորհային ծրագրի մրցույթ, որի նպատակն էր կապ պահպանել փոխանակման և ուսումնական ծրագրերի մասնակիցների հետ, խրախուսել նրանց` համախմբելու ջանքերը մի շարք ոլորտներում, որոնք թույլ կտան ապահովել ժողովրդավարական զարգացումը: Ծրագրի մրցութային փուլին մասնակցեց նաև «Տեխնոդրոմ» ՀԿ-ն` ներկայացնելով տարածաշրջանի գերակա ուղղություններից մեկին` զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագիր, որը ներառում է աջակցություն ստարտափներին և ձեռներեցության խթանում:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031