Արցախ այցելող օտարերկրացի դեմքերի այցերից մինչ այժմ ամենից հզոր հարվածը Բաքվին` Թուրքիայի քաղաքացի մտավորականների ներկայությունն էր Ստեփանակերտում։
Հայաստանի տարածքով Արցախ այցելած գրող Սայիթ Չեթինօղլուի, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի եւ Էրոլ Քաթըրջըօղլուի քայլը «դավաճանություն է ոչ միայն եղբայրական Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հանդեպ»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Հուսեյնովը:
Հուսեյնովը ցանկություն է հայտնել, որ թուրք մտավորականներին արտահանձնեն Բաքվին. «Թուրքիան եւ Ադրբեջանը եղբայրական պետություններ են: Վստահ եմ՝ շուտով նրանց կարտահանձնեն Ադրբեջանին»:
Սա խոսում է այն փաստի մասին, որ խորհրդարանական մակարդակով արդեն խնդրո առարկայի բնույթով է դիտվում թուրք-ադրբեջանական հարաբերությունները։ Թե` վստահ եմ շուտով նրանց կարտահանձնեն Ադրբեջանին հայտարարությունն ու նրա հաջորդած միտքը, թե Թուրքիան եւ Ադրբեջանը եղբայրական պետություններ են, նշանակում է արտահանձնումը չիրականանալու դեպքում կարող են վտանգվել Անկարայի եւ Բաքվի հարաբերությունները։
Մինչ այժմ պաշտոնական Անկարայի կողմից որեւէ համարժեք արձագանք չկա. Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության պատգամավորներից Աթիլլա Քայանը ևս դատապարտել է թուրք մտավորականների այցն Արցախ և անվանել նրանց «ծպտյալ հայեր»: Ինչպես ասել է՝ նրանք դավաճանել են Թուրքիային՝ Արցախում անելով հայամետ հայտարարություններ, որոնք աջակցում են «Ադրբեջանի 20 տոկոսն օկուպացրած Հայաստանին»:
Պաշտոնական առումով Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «Ադրբեջանի պետական սահմանը անօրինական կերպով հատելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել սեպտեմբերի 22-ին ճանաչողական նպատակով Արցախ այցելած 4 թուրք հասարակական-քաղաքական և մշակութային գործիչների նկատմամբ: Իհարկե, Ադրբեջանի դատախազությունը չէր կարող ինքնուրույն շարժվել. սա գալիս է վերեւներից, ուղղակի Ալիեւ ընտանիքից։ Դրա համար էլ դեռեւս նույն մակարդակով արձագանք չի հնչել գործընկեր Անկարայից։
Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը հայտնել է, որ «սա որոշ թուրք քաղաքացիների անձնական սադրիչ ակցիա էր՝ Թուրքիայի հայկական լոբբիի հովանավորությամբ, եւ նրանք բոլորն արդեն մտցվել են ԱԳՆ «սեւ ցուցակի» մեջ: Իսկ Թուրքիայի ԱԳՆ-ից կայքին հայտնել են, որ թուրք քաղաքացիների Լեռնային Ղարաբաղ այցի կապակցությամբ արդեն քննություն է սկսվել:
Թե գլխավոր դատախազության եւ թե արտգործնախարարության մակարդակներով ուրեմն թուրքական հարթության վրա համարժեք արձագանքներ չեն հնչել։
Այս իրադարձություները արձանագրվում են ուղիղ Լապշինի նկատմամբ շնորհված ներումին։ Սա խոսում է նաեւ այն փաստի մասին, որ արտահանձնումները, հետախուզում հայտարարելը, նույնիսկ իբրեւ պատժամիջոց կալանքը իրենց ազդեցությունը չեն կարող ունենալ Արցախ այցերի հոսքի վրա։ Սեւ ցուցակի իմաստազրկումը՝ Բաքվի հեղինակազրկումն է։
Այս նախադեպը կարող է դուռ բացել Թուրքիայի այլ քաղաքացիների այցերի համար։ Թուրքիայի համապատասխան մարմինները նեղ ընտրություն կատարելու առաջ կկանգնեն`իրենց քաղաքացիներին արտահանձնելու առումով։
Չի բացառվում, որ այցերի բաղադրությունը որոշակի փոփոխության ենթարկվի եւ Արցախում հայտնվեն նաեւ Ադրբեջանի քաղաքացիները։ Սեւ ցուցակը արդեն ներառել է թուրքերին։ Գուցե ներառի նաեւ ադրբեջանցիներին։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր