Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպանված կուրսանտի գործի քննությունը տեղից չի շարժվում

Հոկտեմբեր 02,2017 15:41

Ավան եւ Նոր-Նորք ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն այսօր պաշտպան Արմեն Նադիրյանին հեռացրեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործի վարույթից: Արմեն Նադիրյանն ամբաստանյալ Վաչե Սահակյանի շահերի պաշտպանն էր: Նա դեռ տեւական ժամանակ առաջ տեղեկացրել էր, որ զբաղվածության պատճառով չի կարողանում պատշաճ ներկայացնել իր պաշտպանյալի շահերը, սակայն, մինչեւ այլ պաշտպանի ներգրավվելը համաձայնել էր իրականացնել Վաչեի պաշտպանությունը: Արդեն երրորդ դատական նիստն է, սակայն, Նադիրյանը դատարան չի ներկայանում: Առավոտյան, դատավորի հետ հեռախոսազրույցում, վերջինս ասել էր, որ տեղափոխվել է այլ աշխատանքի, որն անհամատեղելի է պաշտպանական գործունեության հետ:

Վաչե Սահակյանն ու իր հարազատներն ասել են, որ բանակցություններ են վարվում Գնել Թեւոսյանի շահերի ներկայացուցիչ Արա Զաքարյանի հետ, որպեսզի վերջինս նաեւ Վաչեի շահերը ներկայացնի: Դատավորն ասաց, որ այս մասին, սակայն, դատարանին գրավոր ոչինչ չի ներկայացվել: Ի դեպ, արդեն երկրորդ նիստն է, որ Արա Զաքարյանը եւս չի ներկայանում: Նախորդ նիստին ասել էր, որ չի մասնակցում վատառողջ լինելու պատճառով: Այսօր, սակայն, պարզ չէր թե ինչ պատճառով. ոչ տեղեկացրել էր, ոչ էլ հեռախոսազանգերի էր պատասխանել: Գնել Թեւոսյանն ասաց, որ նախորդ նիստից հետո Արա Զաքարյանն իրեն տեսակցել է եւ տեղեկացրել, որ այսօրվա նիստին մասնակցելու է:

Մեղադրող կողմն առաջարկեց` եթե հաջորդ նիստին պաշտպանը չհիմնավորի իր բացակայությունները, հեռացնել նրան գործի վարույթից եւ հանրային պաշտպան ներգրավել: Սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը`Արկադի Բարսեղյանն առաջարկում էր հենց այսօր սանկցիա կիրառել Արա Զաքարյանի նկատմամբ:

Ամբաստանյալ Գնել Թեւոսյանն էլ ասաց, անցած շաբաթվա նիստից հետո հանդիպել են, ասել է, որ գալու է նիստի:

Վաչե Սահակյանն ի դեպ հիմա հրաժարվեց հանրային պաշտպանից, մինչեւ խորհրդակցի հարազատների հետ եւ հասկանա` ի՞նչ անել: Ինքը պաշտպան ունենալ ցանկանում է անպայման: Դատարանը, ելնելով գործի շահերից, որոշեց հանրային պաշտպան ներգրավել Վաչե Սահակյանի համար: Եթե ամբաստանյալը կամ իր հարազատներն այլ պաշտպանի հետ համաձայնության գան, կքննարկվի նաեւ այդ հարցը: Արա Զաքարյանի բացակայությունն էլ անհարգելի համարեց: Եթե հաջորդ նիստին էլ վերջինս չներկայանա, կքննարկվի նրան վարույթից հեռացնելու կամ մեկ այլ սանկցիա կիրառելու հարցը:

Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 9-ին 13. 00-ին:

Հիշեցնենք, 2015թ. հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Հայկազի սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն: Դատարանում դեռեւս ցուցմունք են տալիս վկաները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031