Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կինո չունենք. պատճառն այն չէ, որ ունենք մի վեդրո անտաղանդ ռեժիսորներ, այլ այն, որ ունենք հիվանդ ստրուկտուրա». Արամ Շահբազյան

Հոկտեմբեր 02,2017 15:33

Ռեժիսորները մտահոգված են, որ Կինոգործիչների միության նախագահի ընտրություններին մի քանի թեկնածու է առաջադրվել:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ռեժիսոր Արամ Շահբազյանն այս առիթով պարզաբանեց. «Մի տեսակ շփոթված ենք. անսպասելի էր այս ամենը: Ես դեռ մարսելու փուլում եմ: Դժվարանում եմ ասել` լավ է, թե վատ: Փաստորեն կա մրցակցություն: Արդյոք այդ մրցակցությունը մեր միության համար լա՞վ է, վա՞տ է: Մեր խավն առանց այդ էլ փորձությունների մեջ է, հիմա էլ եթե տարանջատվենք, սրա-նրա թեկնածությունը պաշտպանենք, ավելի է լարվելու վիճակը: Մենք հիմա լարված ենք Կինոյի մասին օրենքի ընդունման քննարկումներով: Խնդիրներ ունենք, և չէի ուզենա, որ մեր խավը` հանձին կինեմատոգրաֆիստների խմբավորումների, բաժանվեր»:

Դիտարկմանը` վա՞տ է, որ մրցակցություն և կողմնորոշվելու ու ընտրություն կատարելու հնարավորություն կա, ռեժիսոր Արման Երիցյանն այսպես արձագանքեց. «Իրականում կողմնորոշվելու խնդիր չկա: Նախքան ընտրությունները բազմիցս ասել եմ, որ միությունը պետք է լուծարել: Միությունները բոլշևիկյան ավելցուկ բղկոց ոնց որ մնացած լինեն. իրենք գործունեությամբ ժանգոտ բան են եղել: Մեզ համար ով է եղել նախագահ, ինչ է արել, նշանակություն չի ունեցել: Բայց որոշակի ուսումնասիրություններից հետո հասկացանք, որ կինոմիությունն ունեցել է լուրջ լծակներ, որոնք պետք է աշխատեցնել: Դա այն կառույցն է, որ պետք է պահպանի միության անդամների իրավունքները, հիմք ստեղծվի հետագայում լուրջ կինոդպրոցի, կինոթանգարանի ստեղծման համար: Իհարկե, ունեցել ենք գրքույկ, ստացել ենք շաքարավազ, լոբիներ, բայց լծակները չեն օգտագործվել»:

Արամ Շահբազյանն էլ միջամտեց, թե բազմիցս ասել են, որ իրենք քիչ թե շատ իրենց գլուխները պահել կարողացող մարդիկ են, թող այդ նպաստն այլ սոցիալապես անապահով խավի տան, իսկ ըստ ռեժիսորի`կինոգործիչների միության իրական գործառույթը աշխատանքների մոբիլիզացիան պիտի լինի:

Ռեժիսորների մտահոգության մյուս առարկան այն է, որ գոյություն չունի Կինոյի մասին օրենք: Արամ Շահբազյանը վրդովվեց. «Ամեն եկող նախարար եկել ու ասել է` մեզ կինոօրենք պետք չէ: Այդ կինոօրենք պետք չէ-ն հանգեցրել է նրան, որ ում, երբ, ինչքան ուզենան գումար են տալիս, որ գնա ինչ ուզի նկարի: Դրա համար էլ կինո չունենք: Դա նրանից չէ, որ մի վեդրո անտաղանդ ռեժիսոր ունենք, այլ որ հիվանդ ստրուկտուրա ենք ունեցել»:

Ռեժիսոր Արման Երիցյանն էլ, անդրադառնալով Կինոկենտրոնի տրամադրած ֆինանսական հատկացումների կողմնակալությանը, հորդորեց մեկ ֆիլմի անուն տալ, որ ստացել է Կինոկենտրոնի կողմից ֆինանսավորում և արժանացել միջազգային մրցանակի:

Արամ Շահբազյանը մատնանշեց Հարություն Խաչատրյանին և նշեց, թե նրանից բացի մի քանի հոգի են միայն, որ ունեն արտասահմանի հետ համարտադրություններ և կռվով-ջարդով ծեծով կինո են նկարահանում` պետբյուջեի ֆինանսավորմամբ:

Արամ Շահբազյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ բոլոր այս խնդիրները բխում են նրանից, որ չունենք կինոօրենք. «Կինոօրենքի բացակայության պարագայում չի հստակեցվում, թե ում, ինչ պարագայում են տալիս գումարը: Դա թույլ է տալիս` ում ուզեն գումար տան: Եթե վաղը գնաք Կինոկենտրոն, ասեք լիամետրաժ ֆիլմի սցենար ունեմ, իրենք ավելի շուտ ձեզ կտան ֆինանսավորում, քան, օրինակ, Արմանին, քանի որ ձեզնից ավելի շատ կարող են ուտել, քան մեզնից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031