ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձավ տեղեկություններին, թե իր եւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի միջեւ լարվածություն կա, ինչի պատճառով Հակոբյանին գուցե փոխարինի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը:
Նախարարը լրագրողի տեղեկություններին այսպես արձագանքեց. «Հարգում եմ խոսքի ազատությունը, բայց նախարարի պաշտոնի նկարագրության մեջ ֆանտազիաները մեկնաբանելը չի մտնում: Երեկոյան նստում եք սուրճի բաժակի շուրջ եւ նկարագրում, թե իմ աշխատասենյակում ինչ է կատարվո՞ւմ…Գուցե «ժուչո՞կ» եք տեղադրել…Դուք լավ ծառայություն չեք մատուցում դրանով երկրին եւ բանակին»:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ երբ խոսքը վերաբերում է զինված ուժերին եւ բանակին, պետք է զերծ մնալ հորինված պատմություններից: «Հուսամ՝ դուք դա անում եք բարի նպատակներով, բայց դա չի ստացվում»,-ասաց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ