2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ իրավաբանները շարունակում են պնդել, որ այս համակարգը հակասահմանադրական է, արդյոք չկա՞ մտահոգություն, որ կրկին բողոքի ցույցեր կլինեն: Նախարար Ասատրյանն այսպես պատասխանեց.«Պարտադիր կուտակայինը Սահմանադրական դատարանում դրական քննարկվելուց հետո, համապատասխան որոշումների հիմա վրա օրենսդրությունը ամբողջությամբ համապատասխանեցվել է նշված խնդիրներին»:
Նախարարի ներկայացմամբ՝ կենսաթոշակների մասին մտածելը քաղաքացիներին հատուկ չէ, եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության. «Ավելի կարճ ժամանակահատվածի համար են քաղաքացիները մտահոգված: Այս առումով խնդիրը բարդացնում է կենսաթոշակային ռեֆորմների իրականացումը աշխարհի ցանկացած երկրում»:
Կուտակած գումարները՝ կենսաթոշակի տեսքով վերադարձը, ըստ նախարարի, երաշխավորված է օրենքով. «2014 թվականից սկսած վճարումներ կատարած անձանց համար այսօր նայում ենք 3 տարվա արդյունքներն, այսօր ավելացել են ավելի քանի 30%-ով»:
Ներկայումս կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների թիվը 180 հազարի է հասնում, սրանից 70 հազարն են պետական համակարգից, մնացածը՝ ոչ պետական համակարգի աշխատակիցներն են:
Մեր հարցին՝ կուտակային համակարգում ներգրավված պետական հատվածի աշխատակիցները, ինչպես լրատվամիջոցներում բազմիցս գրվել է, ճնշման եւ պարտադրման արդյունքում են ներառվել, Ասատրյանը պատասխանեց.«Մենք գործ ունենք օրենքի ուժով մասնակցության հետ: Օրենքը սահմանեց պարտադիր մասնակցություն հանրային ծառայողների համար»:
Մանրամասն՝ տեսանյութում
Ինչ վերաբերում է բողոքի ցույցերին, եւ դրա արդյունքում պարտադիր բաղադրիչի հնարավոր հետաձգմանը, նախարարն ասաց, որ «եթե»-ներով չի ուզում խոսել: Նախարարը վստահեցրեց՝ այս համակարգի առավելություններն ավելին են մասնակիցների համար. այդ առավելությունները վաղը ֆինանսական կայունություն են ապահովելու:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ