Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտուշ Գաբրիելյանն արհամարհում է օրենքը, գցում ոտքի տակ»

Հոկտեմբեր 02,2017 18:00

Դատավորը կաշկանդվա՞ծ որոշում է կայացրել

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստում օրերս դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակեց դատական ակտի որոշում՝ գործից մաս անջատելու մասին: Դրա համաձայն՝ այս քրեական գործից, որով, ինչպես նշեցինք, անցնում են 18 ամբաստանյալներ, անջատվում է 11-ի մասը: Այդ ամբաստանյալներն են՝ Արամ Պավլիկի Մանուկյան, Թաթուլ Թամրազյան, Տիգրան Մանուկյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան, Հովհաննես Հարությունյան, Արայիկ Հակոբյան, Մարտիրոս Հակոբյան, Արամ Հակոբյան, Վարդան Գերավետյան: Սա նշանակում է, որ նշյալ անձանց մասով գործի քննությունն այլեւս չի նախագահելու Արտուշ Գաբրիելյանը: Իսկ թե որ դատավորը կլինի նախագահող, դեռեւս պարզ չէ: Մյուս յոթ ամբաստանյալների՝ Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի եւ Մանվել Աթոյանի գործը շարունակելու է քննել Արտուշ Գաբրիելյանը: Ստացվում է, որ «Սասնա ծռերի» քրեական գործն, ընդհանուր առմամբ, քննվելու է 3 մասով (14, 7 եւ 11 ամբաստանյալներ): «Սասնա ծռերի» շահերի պաշտպանները վստահ են՝ Արտուշ Գաբրիելյանն ինքնաբացարկ հայտարարելու փոխարեն որոշեց այս կերպ որոշակիորեն հրաժարվել գործը քննելուց: Հիշեցնենք, որ նախորդ ամիսներին պաշտպանները քանիցս նրա ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ համարելով, որ դատավորը կաշկանդված է, կողմնակալ եւ ոչ անաչառ, ուստի չի կարող քննել այս գործը: Միջնորդություններն Արտուշ Գաբրիելյանը մերժել էր:

«Դատավորը պարտավոր էր գործից մաս անջատելու մասին որոշումը պարզաբանել: Այն աբսուրդ է եւ քրեական դատավարության հետ կապ չունեցող որոշում: Չգիտեմ՝ նպատակը ո՞րն է: Պարզ չէ նաեւ, թե ինչ տրամաբանությամբ է կատարվել ամբաստանյալների առանձնացումը»,-«Առավոտ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Սասնա ծռերից» Մանվել Աթոյանի եւ Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նրա բնորոշմամբ՝ Արտուշ Գաբրիելյանն արհամարհում է օրենքը, գցում ոտքի տակ. «Անհնար է նրա հետ աշխատելը: Ամենայն հավանականությամբ, հաջորդ նիստում ես նրա ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեմ»: Փաստաբանի խոսքով՝ գործից մաս անջատելու որոշումն ազդելու է դատաքննության որակի վրա. «Բոլոր վկաները ստիպված են լինելու նույն ցուցմունքը երեք անգամ՝ երեք գործերի շրջանակում տալ: 42 հատոր մեղադրանքից 2-ն է վերաբերում Մանվել Աթոյանին: Չգիտեմ՝ ինչո՞ւ պետք է մենք 3-4 տարի սպասենք, մինչեւ դատաքննությունն այդ էջերին հասնի»:

«Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայարփի Սարգսյանի բնորոշմամբ էլ՝ գործից մաս անջատելով՝ գուցե որոշակի խնդիրներից են ցանկանում խուսափել, քանի որ հիմնականում օժանդակելու մեղադրանքով անցնող ամբաստանյալների մասն է անջատվել: «Կան ամբաստանյալներ, որոնք Արտուշ Գաբրիելյանի հետ արդեն իսկ խնդիրներ ունեն: Միայն Հովհաննես Հարությունյանի հետ կապված շատ բողոքներ կային Արտուշ Գաբրիելյանի դեմ: Պարզ էր, որ Հովհաննես Հարությունյանը չէր մնա Գաբրիելյանի վարույթում»,-նշեց Հայարփի Սարգսյանը:

Նրա փաստմամբ՝ ի սկզբանե փաստաբանները հասկացել են, որ դատավորն ինքնուրույն չի կայացնում որոշումները. «Գուցե սա էլ իր կողմից կայացված որոշում չէ, ուստի նա ինքնաբացարկ չհայտնեց, այլ որոշեց գործից մաս անջատել: Դա կաշկանդված որոշում էր»:

 

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

30.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031