Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը չի կարող ողջունել մի պետության անկախություն, որը դեռ անկախություն չի հռչակել»

Հոկտեմբեր 02,2017 17:30

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը տրամաբանական է համարում, որ Իրաքի Քրդստանի հանրաքվեի հարցում Արցախի դիրքորոշումը կարող է տարբերվել Հայաստանից:

Հայաստանի դիրքորոշումը Իրաքի Քրդստանի՝ սեպտեմբերի 25-ին անցկացրած հանրաքվեի կապակցությամբ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը տվյալ ժամանակահատվածի համար համարժեք է համարում: Ըստ նրա՝ Հայաստանը չի կարող ողջունել մի պետության անկախություն, որն ինքը դեռեւս անկախություն չի հռչակել:

«Առավոտը» պարոն Սարգսյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ճի՞շտ էր արդյոք ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշումը, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Հայաստանի ԱԳՆ-ն, բնականաբար, պետք է զսպված պատասխան տար: Դա մի քանի պատճառ ունի: Արձագանք եղավ նախ ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակի կողմից, երկու օր առաջ Միացյալ Թագավորության ներկայացուցչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հանրաքվեին անդրադարձավ նաեւ ՀՀ ԱԳ նախարարը»:

Միջազգայնագետը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը մշտապես հայտնում է իր դիրքորոշումը ազատ կամարտահայտման իրավունքի վերաբերյալ. «Դա ողջունելի փաստ է, բայց միեւնույն ժամանակ հաշվի պիտի առնենք, որ ազատ կամարտահայտման իրավունքի իրացման արդյունքում ընդամենը հանրաքվե է անցկացվել, եւ հանրաքվեով ժողովուրդը հստակ դիրքորոշում է հայտնել, բայց դեռ փաստացի անկախության հռչակում կամ հռչակագրի ընդունում չի եղել: Իրավական գործընթացի միայն սկիզբն է: Մենք չենք կարող ողջունել մի պետության անկախություն, որն ինքը դեռեւս անկախություն չի հռչակել»:

Մեր այն հստակեցմանը՝ անկախության հռչակումը կասկածի տա՞կ է, պարոն Սարգսյանն արձագանքեց. «Բնականաբար, անկախությունը կհաջորդի, ողջ տրամաբանությունը տանում է դրան, բայց միեւնույն ժամանակ պիտի սպասենք, երբ նրանք պաշտոնապես անկախ լինեն, հետո նոր կամ պետք է ճանաչել, կամ չճանաչել անկախությունը: Ժամանակից շուտ առաջ ընկնել չի կարելի»:

Մեր հարցին՝ Իրաքի Քրդստանի անկախության ճանաչումը կարո՞ղ է նախադեպային լինել Արցախի անկախության ճանաչման եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Որպես միջազգային իրավունքի նախադեպ, կարծում եմ՝ կարող ենք օգտագործել: Բայց գիտենք, որ քաղաքական տեսանկյունից ամբողջ աշխարհում գործում են կրկնակի ստանդարտներ: Եթե մի բան կարելի էր Կոսովոյում, չի կարելի Արցախում, եթե մի բան կարելի է այս պետությանը, չի կարելի մյուսին: Քաղաքական առումով յուրաքանչյուրը մեկնաբանելու է յուրովի եւ իր դիրքորոշումն է հայտնելու: Այնպես որ, սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը»:

Անդրադառնալով Արցախի դիրքորոշմանը Իրաքի Քրդստանի հանրաքվեի հարցում՝ պարոն Սարգսյանն այն բնութագրեց տրամաբանական ու բնական համարեց, որ Արցախի դիրքորոշումը կարող է Հայաստանից տարբերվող լինել:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝
Սուրեն Սարգսյանի
ֆեյսբուքյան էջից

 

«Առավոտ»

30.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031