Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Եվրոպական Միությունն արժեքավոր աջակցություն է ցուցաբերում մեր երկրում ընթացող բարեփոխումներին» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2017 14:42

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ հերթական անգամ Երևանում ողջունել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար, իմ լավ բարեկամ Յոհանես Հանին:

Մեր շփումները, հանդիպումներն ու երկխոսությունը պարբերական բնույթ են կրում։ Միայն այս տարվա ընթացքում պարոն Հանի հետ արդեն հինգ հանդիպում ենք ունեցել, վերջին անգամ հանդիպել էինք շաբաթներ առաջ՝ սեպտեմբերի 8-ին Տալլինում՝ Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում, և այսօրվա այցելությունը ևս մեկ հնարավորություն է ընձեռում շարունակել մեր քննարկումները Երևանում։

Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական Միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Եվրոպական Միությունն արժեքավոր աջակցություն է ցուցաբերում մեր երկրում ընթացող բարեփոխումներին՝ սատարում մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության շարունակական խթանման, ժողովրդավարական հաստատությունների առավել ամրապնդման, դատական համակարգի ու արդյունավետ կառավարման բարելավման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ջանքերին: Ես կցանկանայի ընդգծել մեր համագործակցությունը նախորդ ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների համատեքստում։

Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հռչակագրի ոգուն համաձայն` վերջին երկու տարիների ընթացքում մեր համագործակցությունը կարևոր ձեռքբերումներ է գրանցել՝ Հայաստանը միացավ «Հորիզոն 2020», «COSME» ծրագրերին։ Ավարտվեցին «Ստեղծագործ Եվրոպա» և Ընդհանուր ավիացիոն գոտու մասին պայմանագրերին միանալու մասին բանակցությունները:

Ավարտվել է նաև Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի համաձայնեցումը։

Հատուկ կցանկանայի ընդգծել, որ ավարտվել և նախաստրոգարվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Դրա ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է հանդիսանալ։

Բրյուսելյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները կարևոր տեղ էին զբաղեցնում հանձնակատար Հանի հետ մեր քննարկումներում։ Մենք մտքեր փոխանակեցինք գագաթաժողովի Եզրափակիչ հռչակագրի շուրջ։

Հայաստան-Եվրամիություն օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում մարդկանց միջև շփումների խրախուսումը։ Վիզային ռեժիմի ազատականացումը հանդիսանում է շարժունակության ու մարդկանց միջև շփումների խորացման կարևոր բաղադրիչներից մեկը, ինչն ամրագրված է Վիլնյուսի ու Ռիգայի գագաթաժողովների հռչակագրերում:

Մեր օրակարգը համալրվում է նոր բովանդակությամբ, մասնավորապես, Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) ընդլայնումը, առաջարկներ կան ԵՄ և Արևելյան գործընկերության երկրներում ռոումինգի սակագների հարմոնիզացիայի և նվազեցման, ինչպես նաև գործընկեր երկրներում տեղական արժույթով փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ֆինանսավորման վերաբերյալ: Համոզված եմ, որ մեր փոխգործակցութունը կհամալրվի նաև այլ փոխշահավետ ծրագրերով:

Մենք մտքեր փոխանակեցինք ոլորտային փոխգործակցության շուրջ, անդրադարձանք «20 արդյունք մինչև 2020» փաստաթղթին, որը նախանշում է Արևելյան գործընկերության շրջանակներում գալիք երեք տարվա հիմնական ուղղությունները:

Հայաստանի և Եվրամիության միջև ընդգրկուն փոխգործակցություն է ծավալվում ամենատարբեր ոլորտներում: Բերեմ մի քանի օրինակներ. արդեն շուրջ երեք տարի է, ինչ Եվրոպական միությունը կարևոր աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը՝ «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագրի»՝ ENPARD-ի միջոցով։ ԵՄ-ն շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստան-Վրաստան սահմանային անցակետերի արդիականացման գործընթացին՝ Արևելյան գործընկերության Սահմանների համալիր կառավարման ծրագրի շրջանակներում։ Երեկ Բավրայում անցակետի բացումով ավարտվեց այս ծրագրի հերթական փուլը։

ԵՄ-ն` իր Հարևանության ներդրումային գործիքի միջոցով աջակցել է նաև Հայաստան-Վրաստան բարձրավոլտ փոխանակման գծի կառուցմանը:

Կարևորում ենք նաև «Էրազմուս պլյուս» ծրագրի շրջանակներում ակտիվ բազմակողմ համագործակցությունը, համալսարանների միջև փոխգործակցության, ուսանողական փոխանակումների և շարժունակության, լավագույն փորձի փոխանակման հարցերում:

Հանձնակատար Հանի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք նաև հրատապ միջազգային խնդիրներ, մերձավորարևելյան զարգացումները, իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, իրավիճակը կորեական թերակղզում։

Պարոն Հանին ներկայացրեցրի ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստությունները։ Պարոն Հանը վերահաստատեց Եվրամիության անվերապահ ու ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին։

 

Խոսքը սիրով փոխանցում եմ մեր հյուրին։

https://www.youtube.com/watch?v=KeZWEmCKb5w

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031