Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատաքննությունը քիչ առաջ ընդմիջվեց: Դատարանը հետազոտեց Բաբայանի աշխատասենյակում արված գաղտնալսումները:
Դատարանը նախապես պարզաբանել էր, որ չեն կարող այդ գաղտնալսումները հատվածական լսել, այդ պատճառով գուցե գործին չվերաբերելի զրույցներ լսեն:
Ընդմիջումից հետո դատարանը հետազոտելու է ամբաստանյալների հեռախոսային զրույցները, պաշտպանները միջնորդեցին փաստաթղթային տարբերակը հետազոտել, ու մեղադրող դատախազը ներկայացնի գործին վերաբերելի հատվածները, եթե իրենք անհրաժեշտ գտնեն հետազոտելու համար զրույցներից հատվածներ ավելացնել, համապատասխան միջնորդություն կներկայացնեն: Դատարանը բավարարեց նրանց միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ