Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը ցավով նշում է, որ Շիրակի մարզը դուրս է մնացել զբոսաշրջային հիմնական երթուղիներից։ «Ես, լինելով ուղնուծուծով հին երևանցի, որի նախնիները թաղված են Զորավոր եկեղեցու բակում, պիտի ասեմ՝ Գյումրին երևի մեր միակ քաղաքն է, որը պահպանել է քաղաքային մշակույթը, քաղաքային կոլորիտը։ Ցավոք սրտի, մենք այլ քաղաքներում դա կորցրեցինք, մեր քաղաքների մի մասը ինչ-որ գործարանի շուրջ կառուցված քաղաքներ էին։ Քաղաքների մի մասը մեծ գյուղեր էին, հիմա գյուղերն ինչքան իրար միացնես, քաղաք չի դառնում, պետք է տարիներ, սերնդեսերունդ եփի, որ քաղաքային մշակույթ ձեռք բերի։ Եվ Գյումրիում այն փողոցը, որ վարչապետի նախաձեռնությամբ կառուցվել է, լիահույս ենք, որ կկարողանա տուրիստներ բերի։
Տուրիզմի ներկայացուցիչների հետ շատ եմ խոսել, խնդիրն ինչ է, առավոտյան ժամը 8-ին նստում են ավտոբուս, գալիս են ժամը 12-ին Գյումրի, Գյումրիում պտտվում են, ինչ-որ բան ուտում են, հետ են դառնում։ Այսինքն` նպատակը մարդկանց Գյումրի սոված բերելն է, այսինքն՝ եթե իրենք Հառիճով են գալիս, տարածք կտրամադրենք Մայր Աթոռին՝ վանքի կողքին, որպեսզի կայանատեղի կառուցվի, ենթակառուցվածք լինի, որևէ պատճառ չկա վախենալու, որ մեր Հառիճը Գեղարդից ավելի քիչ տուրիստ կարող է բերի։ Եթե նորմալ տարածք լինի, մարդիկ գաթաներ կթխեն, սուջուխ, ցավոք սրտի, չունենք, բայց լիքը բաներ ունենք, որոնք տուրիստների համար կարող են հետաքրքրական լինել։ Մարմաշենի վանք գնալու համար ճանապարհի խնդիր ունենք, Երերույքի վանքը եզակի կառույց է։ Եթե տուրիստները ժամը 8-ին դուրս գան, ինչ-որ տեղ մտնեն ճանապարհին, ժամը 14.00-ին հասնեն Գյումրի, մինչև ժամը 14.00-15.00 ճաշեն, որից հետո էլ կհոգնեն։ Հետո էլ տանում, քաղաքը պտտում ես, արդեն քնելու խնդիր է առաջանում։ Գիշերը կքնի, առավոտյան ով որ ուզում է ձի քշել, կտանենք Արփի, ով էլ չի ուզում, սնահավատ է, կտանենք Հացիկի Ծակ քարի միջով անցնելու, եթե դեպի Անի մուտքը հեշտացնենք, մեծ քանակությամբ տուրիստ կարող ենք բերել»,-ասում է Շիրակի մարզպետը։
Նա շեշտում է, որ վարչապետը ոչ մի քաղաքում այդքան հաճախակի չի լինում, որքան Գյումրիում, վերջին 30 օրվա ընթացքում, մարզպետի հաշվարկով, Կարեն Կարապետյանը առնվազն 3 անգամ եղել է Գյումրիում։
Ի դեպ, Գյումրու Ռուսթավելի փողոցը, որը վերանորոգվում է վարչապետի՝ «Կումայրի» արգելոցը տուրիզմի վերածելու ծրագրի շրջանակներում, Գյումրիում նոր անվանում է ձեռք բերել, գյումրեցիները միմյանց հետ խոսելիս՝ ասում են «վարչապետի փողոցը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ