Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վստահ է՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «հանձնարարությունը՝ 2040 թվին Հայաստանի բնակչության աճը մինչեւ 4 միլիոնի հասցնելը, հնարավոր է ներկայիս պայմաններում: Այս մասին այսօր ասաց նախարարը հրավիրված ասուլիսին՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին:
Մենք, մասնավորապես, հետաքրքրվեցինք՝ արդյոք ներկայիս ծնելիության նվազման, արտագաղթի բարձր տեմպերի, սոցիալական անարդարության, արդար ընտրությունների բացակայության, տնտեսական աճի ցածր պայմաններում եւ այլ խնդիրների, որոնք նշում են ժողովրդագրագետները հնարավո՞ր է Հայաստանի բնակչության աճն ապահովել: Այս հարցին ի պատասխան նախարար Ասատրյանն ասաց. «Այո, ինչպես ձեր նշած՝ ծնելիություն, մահացություն, ամուսնություն, ամուսնալուծություն, այնպես էլ միգրացիոն հոսքերը, նաեւ ձեր նշած մյուս ուղղություններով՝ քաղաքացիների մոտեցման եւ կառավարության զգացման, բոլորն առնչություն ունեն: Ինչ վերաբերում է 4 միլիոն բնակչություն ունենալուն, իհարկե, դա հնարավոր է: Արվել են համապատասխան վերլուծություններ: Միանշանակ, ճիշտ եք, որ բացառապես մեր բնակչության բնական հավելաճի հաշվին ապահովել այդ ցուցանիշը, շատ ռիսկային է: Մենք պետք է հաշվի առնենք, որ միգրացիոն հոսքերն ամբողջ աշխարհում բավականին ինտենսիվացել են, եւ այս առումով ՀՀ բնակչությունն ավելացնելու համար պետք է ունենալ մեխանիկական ներհոսք, հայրենադարձություն, ովքեր դուրս են եկել Հայաստանից, նրանց համար համապատասխան ծրագրեր»:
Ըստ նախարարի, իր նշած պայմանները վերաբերում են ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը՝ եկամտաստեղծ, աշխատատեղերի ավելացմանն են վերաբերում:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ