Վերջին մեկ տարին ՀՀ-ի համար հաջող էր սպառազինության գնման տեսանկյունից, առաջիկա ամիսներին էլ շարունակվելու է աշխատանքը՝ ՌԴ-ից 200 մլն դոլար վարկի շրջանակում զինամթերքի մատակարարման շուրջ: Այս մասին այսօր ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց նախարար Վիգեն Սարգսյանը՝ մատնանշելով, որ մինչեւ տարեվերջ ՀՀ-ն կստանա նշյալ վարկի շրջանակում նախատեսվող սպառազինությունը:
Վիգեն Սարգսյանը լրագրողի նկատառմանն ի պատասխան, որ 2018 թվականի ՀՀ պաշտպանական բյուջեն աճելու է 37 մլրդ դրամով, նշեց, որ նպատակը հիմնականում զենք զինամթերք ձեռք բերելն է:
Ինչ վերաբերում է ռազմական գործակցության նոր հնարավորություններին, Վիգեն Սարգսյանը մատնանշեց իր՝ վերջերս Չինաստան կատարած այցը, սակայն ասաց, որ այդ երկրի հետ զենքի ձեռքբերման պայմանագիր չի կնքվել. «Եղել են փոխգործակցության մասին կարեւոր հանդիպումներ»:
Հայաստանի կողմից նոր սպառազինությունների գնման մասին էլ Վիգեն Սարգսյանն ասաց, որ այդ թեմայի շուրջ մանրամասներ չեն հրապարակվում. «Նախընտրում եմ զենքը ցույց տալ զորահանդեսների ժամանակ…Հնարավոր գնումների մասին խոսելն անօգուտ է, դա դժվարացնում է գործընթացը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ