Հայ լեզվաբանության XI միջազգային գիտաժողովի կազմակերպիչներից է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի դասախոս Վարդան Ղազարյանը: Aravot.am-ը նրան խնդրեց ներկայացնել համաժողովի կարեւորությունը այն համատեքստում, երբ այսօր մտահոգություններ կան ի հաշիվ հայերենի ռուսաց լեզվին առանձնահատուկ կարգավիճակ տալու առումով: «Մեր գիտաժողովը ոչ թե քաղաքական, այլ գիտական է, եւ առաջին հերթին գիտական համատեքստում կներկայացնեմ: Հայ լեզվաբանությունը կարեւոր տեղ է գրավում համաշխարհային լեզվաբանության եւ պատմահամեմատական լեզվաբանության համատեքստում: Մեր գիտաժողովը միակն է, որ նվիրված է հայ լեզվաբանությանը: Հայ լեզվաբանություն ասելով` մենք հասկանում ենք ժամանակակից հայերենի լեզվաբանությունը, պատմահամեմատական լեզվաբանությունը` հայերենի ընդգրկումով, հայ բարբառների եւ հայոց լեզվի պատմության ուսումնասիրությունը: Սա բազմակողմանի գիտաժողով է, որը 4 տարին մեկ անցկացվում է տարբեր երկրներում եւ հավաքում է աշխարհի ամենահայտնի հայագետներին: Այս գիտաժողովում աշխատել ենք մեկտեղել ոչ միայն փորձառու մասնագետներին, այլեւ երիտասարդներին, ասպիրանտներին, որոնք տաղանդավոր են եւ կարող են դառնալ լավ լեզվաբաններ: Սա փորձի փոխանակման առումով էլ լավ հնարավորություն է»,-ասաց Վարդան Ղազարյանը:
Ինչ վերաբերում է ռուսաց լեզվի հայեցակարգի վերաբերյալ հայաստանյան քննարկումներին, այս մասին էլ գիտնականը նշեց. «Ես գտնում եմ, որ ռուսերենը Հայաստանի համար կարեւոր է, որովհետեւ Սովետական Միության պատմությունից սկսած կարեւոր դեր է կատարում ոչ թե հայագիտության առումով, այլ ընդհանուր գիտության բոլոր բնագավառներում: Անշուշտ Հայաստանում լավ գիտնական լինելու համար անհրաժեշտ է նաեւ ռուսերեն իմանալ, անգլերեն` նույնպես…Իսկ պետական կարգավիճակ կարող է ստանալ որեւէ երկրում որեւէ լեզու, եթե այդ լեզուն կրող ժողովուրդ կա այդ երկրում:Հայաստանում այդքան մեծ թվով ռուս ազգի ներկայացուցիչներ չկան, որ ռուսաց լեզվին երկրորդ լեզվի կարգավիճակ տրվի, դա քաղաքական հարց է: Ամեն դեպքում կարծում եմ, որ ժամանակակից մարդը պետք է ռուսերեն ու անգլերեն իմանա, Հայաստանը եւ Ռուսաստանը սերտ կապերի մեջ են, ցանկացած հայ պետք է ռուսերենին տիրապետի»:
Պարոն Ղազարյանը չէր տիրապետում այն տվյալներին, թե Ռուսաստանում վերջին տարիներին քանի հայկական դպրոց է փակվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ