Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս բռնապետը սահմաններ չի ճանաչում». Washington Post

Հոկտեմբեր 02,2017 13:20

«The washington post»-ը հրապարակել է հետեւյալ խմբագրականը.

Մայիսի 29-ին երեկոյան ժամը 7-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անկախ լրագրող Աֆղան Մուխթարլին սրճարանից զանգահարում է կնոջն ու ասում, որ տուն է գալիս: Լրագրողի ընկերոջ խոսքով, ով ևս սրճարանում էր, կինը նրան խնդրում է հետը հաց բերել: Ընկերն հեռացավ, իսկ պարոն Մուխթարլին այլևս տուն չհասավ: Մեկ օր անց նրա կինն իմանում է, որ նա հարևան Ադրբեջանում է՝ բանտում: Հետապնդումներից խուսափելու համար պարոն Մուխթարլին երկու տարի առաջ փախել էր Ադրբեջանից: Որպես իր սահմաններից դուրս գործող ոստիկանական բիրտ պետություն՝ Ադրբեջանը նրան հետ վերադարձրեց:

Պարոն Մուխթարլին՝ Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևի բացահայտ քննադատը, հետաքննում էր կոռուպցիան պարոն Ալիևի պաշտպանության նախարարությունում: Իր անհետացման պահին նա Վրաստանում հետաքննում էր պարոն Ալիևի անձնական ունեցվածքը, նյութեր էր հրապարակում Ադրբեջանի մասին հեռարձակող անկախ թվային Meydan TV հեռուստատեսությամբ: Պարոն Մուխթարլին հարցաքննության էր ենթարկվել քաղաքական դրդապատճառներով մեկ այլ լրագրող՝ Խադիջա Իսմաիլովայի, հետապնդման գործի շրջանակներում և ի վերջո 2015 թվականին փախել էր Վրաստան:

Պարոն Մուխթարլիի կնոջ և փաստաբանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սրճարանը լքելուց հետո նա Թբիլիսիի իր տան մոտից առևանգվել է, ծեծի ենթարկվել, աչքերը կապված վիճակում երեք տարբեր մեքենաներով տեղափոխվել է Ադրբեջանի հետ սահմանային անցակետ, որտեղ նրա գրպանն է դրվել 10 000 եվրո: Ադրբեջանական կողմում նրան առաջադրվել է սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգության մեղադրանք: Ամիսներ անց նա դեռևս Բաքվում է՝ ձերբակալված:

Մուխթարլիի գործում որոշակի գարշանք կա: Պարոն Ալիևն իր բռնապետական մեթոդները հեշտությամբ կիրառել է մեկ այլ երկրի՝ Վրաստանի սրտում։ Եվրոպական խորհրդարանը  դատապարտել է տեղի ունեցածը, սակայն այսօրինակ վարքագիծը միջազգային հանրության կտրուկ, արժանի  դատապարտմանը չի արժանացել։ ԱՄՆ պետքարտուղարությունն ուղղակի կարճ հայտարարությամբ նշել է, որ «մտահոգված է առևանգման դեպքի առնչությամբ»: Նման երկչոտությունը Ալիևը կարող է ընկալել այնպես, որ, կարծես նախագահ Թրամպի ղեկավարությամբ ԱՄՆ-ին չի մտահոգում, երբ մարդու իրավունքները և օրենքի գերակայությունն այլ երկրներում ոտնահարվում են։

Մենք գիտենք, որ բռնապետերը միմյանց հետ մեթոդների հարցում փորձի փոխանակմամբ են զբաղվում. փակում են օտարերկրյա ֆինանսավորմամբ ոչ կառավարական կազմակերպությունները, նախազգուշացնում են, որ պետության յուրաքանչյուր անկյունում «օտարերկրյա գործակալներ» են շրջում, առցանց տիրույթում խեղդում են ազատ խոսքը: Պարոն Ալիևը, հավանաբար, կարդացել և իմացել է, որ այլախոհներին վտարող Չինաստանն անպատիժ է մնում: Մեր տեղեկություններով՝ պարոն Ալիևը ոչ ազատական գործիքակազմի կիրառման հարցում այնքան է հմտացել, որ այս օրերին ինքը կարող է  դիկտատուրայի դասընթացներ վարել: Ցավոք, այդ դասընթացներում մասնակիցների պակաս չկա:

Այս գործում մեկ այլ գարշանքն էլ Վրաստանի մռայլ դերակատարությունն է: Արդյո՞ք Եվրամիության կողքին կանգնած ու ժողովրդավարական նկրտումներ ունեցող երկիրը մասնակցություն է ունեցել անդրսահմանային առևանգմանը: Վրաստանի իշխանությունները հերքել են իրենց մասնակցության փաստն ու խոստացել են հետաքննություն իրականացնել, բայց այս պահի դրությամբ քիչ բան է արված: Վրաստանը որքան հնարավոր է շուտ պետք է պարզաբանում տա, իսկ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի պարոն Մուխթարլիին՝ միջազգային սահմանի անցմամբ առևանգման զոհին։ Լավ կլիներ նաև, որ շատ կառավարություններ դատապարտեին Ալիևի տհաճ հնարքները: Դա կզսպեր բռնապետերի ախորժակը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031