Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքակրթական և պատմական առանձնահատուկ կապերը երկու երկրներին առավել են մոտեցնում իրար»

Հոկտեմբեր 02,2017 14:00

Իրանի ամենաազդեցիկ լրատվամիջոցներից մեկի՝ «Շարղ» օրաթերթի գլխավոր խմբագիր Մեհդի Ռահմանիանը «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ իրենց օրաթերթի առաջնահերթություններից մեկը տարածաշրջանի երկրների` մասնավորապես Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների լուսաբանումն ու ամրապնդումն է: Իրանն ու Հայաստանը քաղաքակրթական և պատմական հարաբերությունների մի քանի հազար տարվա պատմություն ունեն, ուստի, բնական է «Շարղ»-ի կողմից Հայաստանին առանձնահատուկ ուշադրության նվիրումը: «Շարղ»-ն իր տասնչորսամյա գործունեության ընթացքում Հայաստանին վերաբերող բազմաթիվ նյութեր է հրապարակել:

Հայաստանի վերաբերյալ թերթի վերջին հրապարակումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հարցազրույցն է: Իր հերթին «Առավոտ» օրաթերթը հրապարակում է «Շարղ»-ի գլխավոր խմբագրի հետ ունեցած բացառիկ հարցազրույցը:-Պարո՛ն Ռահմանիան, շնորհակալություն հարցազրույցի համար, խնդրում ենք ներկայացնել, թե «Շարղ» օրաթերթն ինչպե՞ս է մուտք գործել Իրանի լրատվական դաշտ:-«Շարղ»-ը տասնինը տարի առաջ է սկսել իր հրատարակչական գործունեությունը՝ առաջին հինգ տարիներին դեռևս լույս տեսնելով որպես նահանգային շաբաթաթերթ: 2003թ. սկսած՝ արդեն տասնչորս տարի է՝ այն ունի համերկրային նշանակություն և տարածվում է Իրանի ողջ տարածքում:

Սկզբում, երբ «Շարղ»-ը հրատարակվում էր որպես շաբաթաթերթ,  նպատակ կար այն վերածելու տարածաշրջանային պարբերականի, սակայն տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ նվաստիս երազանքը չիրականացավ: Հոգ չէ, քանզի մեր գործընկերների նվիրումով օրաթերթը կարողանում է բարձր հեղինակություն վայելել Իրանի հասարակական լայն շրջաններում: «Շարղ»-ի խմբագրական կոլեկտիվը թերթի հիմնումից ի վեր ջանքեր է գործադրում՝ հավատարիմ մնալու պրոֆեսիոնալիզմի սկզբունքներին, ինչպես նաև երկրի հասարակական-քաղաքական կյանքում  բարեփոխական գաղափարախոսության ջատագովի համբավին:Հաջողություններից զատ, հրատարակչական գործունեության ընթացքում ունեցել ենք նաև որոշ դժվարություններ, սակայն ցուցաբերել ենք վճռականություն՝ չշեղվելով նախընտրած ուղուց: Խոչընդոտները հաղթահարելու ճանապարհին ջանացել ենք  խուսափել սխալներից, դարձել ենք նախկինից ավելի հաստատակամ, ավելի կոփված և փորձառու: -Օրաթերթն ի՞նչ բաժիններ ունի և երկրի կյանքի ո՞ր ոլորտներին է անդրադառնում, կխնդրեի մի փոքր հանգամանալից ներկայացնել:

-Օրաթերթն անդրադառնում է երկրի կյանքի շուրջ տասնհինգ բնագավառի: Հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային և մարզական ոլորտներից զատ, ջանքեր ենք գործադրում հրապարակելու այլ ոլորտների վերաբերյալ նյութեր ևս: Իհարկե, «Շարղ»-ի հիմնական ուղղվածությունը քաղաքականն է, ինչի շուրջ հոդվածներին հատկացվում է մի քանի էջ, սակայն ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում, ջանում ենք լուսաբանել նաև երկրի համար կարևորություն ունեցող իրադարձությունները, ներկայացնել վերլուծական հոդվածներ:Հաշվի առնելով ներկա աշխարհում թերթերի տպաքանակի նվազման միտումը՝ խմբագրական կոլեկտիվը ջանում է տարբեր խնդիրների վերաբերյալ ներկայացնել այնպիսի լրատվություն և վերլուծական հոդվածներ, որ ընթերցողն այնտեղ գտնի իրեն հետաքրքրող հնարավորին բոլոր հարցերի պատասխանները և այլևս հավելյալ լրատվամիջոցների դիմելու կարիք չունենա: Իհարկե, ինչպես նշեցի, թերթի համար գերակա ուղղություն են մնում հասարակական-քաղաքական հնչեղություն ունեցող, ինչ-որ չափով նաև տնտեսական ուղղվածության նյութերի լուսաբանումը:  «Շարղ» օրաթերթը մշտապես մեկական սյունակ հատկացնում է երգիծանքին և ծաղրանկարին, որոնք ուշադրություն են հրավիրում հասարակությանը հուզող կարևորագույն թեմաների վրա:

-«Շարղ» օրաթերթի բաժիններից մեկը նվիրված է միջազգային լուրերին։ Այս ոլորտում օրաթերթն ինչպիսի՞ քաղաքականություն է վարում, ի՞նչն է համարվում առաջնահերթություն։

-«Շարղ»-ը, լինելով Իրանի բարեփոխական ուղղվածությամբ լրատվամիջոցներից մեկը, ջանում է անպայման անդրադառնալ օրվա տարածաշրջանային և միջազգային հրատապ իրադարձություններին։ Իրանը մեծ երկիր է, և, հաշվի առնելով մեր հարևանների (ջրային և ցամաքային սահմանով) քանակը, հասկանալի է, որ այն առանձնահատուկ դերակատարություն ունի տարածաշրջանում և աշխարհում։ Իրանին սահմանակցում է 15 երկիր, և բնական է, որ այդ քանակությամբ հարևաններ ունենալը երկրի համար առանձնահատուկ իրավիճակ և պայմաններ է ստեղծում։ Հարևանների խնդիրների լուսաբանումը, հատկապես Կովկասում ԻԻՀ բարեկամ երկրների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպիսին Հայաստանն է, մեր առաջնահերթություններից մեկն է։ Իհարկե, կա դրանից առավել կարևոր հանգամանք. Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների ամրապնդման գործում ներդրում ունենալն է:-

Ինչպես նշեցիք, նախորդ ամիս Ձեր օրաթերթը հրապարակել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հարցազրույցը հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ։ Ինչպե՞ս  եք տեսնում  Իրան-Հայաստան հարաբերությունների ապագան՝ որպես Իրանում ընթերցողների մեծ լսարան ունեցող թերթի գլխավոր խմբագիր։  -Քաղաքակրթական և պատմական առանձնահատուկ կապերը երկու երկրներին առավել են մոտեցնում իրար։ Հայաստանի անցյալի քաղաքական պատմության մի տևական ժամանակահատված կապված է եղել Իրանի և իրանցիների հետ։ Իրանական ազնվականական տոհմերը, մասնավորապես Արշակունիների թագավորական դինաստիան պատմական որոշակի շրջափուլում առանձնահատուկ դերակատարություն է ունեցել Հայաստանի պատմության մեջ։Հայերենի և պարսկերենի միջև ևս առկա են առանձնահատուկ կապեր։ Հարյուրավոր պարսկերեն բառերի ներկայությունը հայերենի բառապաշարում այդ առանձնահատկություններից մեկն է։ Հայաստանի՝ Իրանի տարածքում գտնվող հնադարյա մշակութային ժառանգության մի հատվածը, որը մեծ թվով զբոսաշրջիկների է գրավում, բավականին լավ է ներկայացնում Հայաստանի և Իրանի պատմական առնչությունները:

Այս առումով Իրանի և Հայաստանի միջև առկա ընդհանուր պատմական և քաղաքակրթական խորը կապերը մեզ հնարավորություն են տալիս երկկողմ համագործակցությունն ավելի խորացնել ու ընդլայնել: Անշուշտ, պատմական այդ կապերն առավել ուշադրության և ամրապնդման կարիք ունեն: Ներկայիս աշխարհի անկայունությամբ և հատկապես տարածաշրջանային բազում հակամարտություններով ու բախումներով պայմանավորված՝ իրանցիներն ու հայերը կարող են միմյանց օգնել երկու կողմին էլ հուզող հիմնախնդիրները լուծելու գործում: Այս առումով «Շարղ» օրաթերթն իր ավանդն է ներդնում երկու երկրների շահերի տեսանկյունից խնդրահարույց հարցերը բարձրաձայնելու ուղղությամբ, ինչպես նաև Իրանի հասարակության ուշադրությունն է հրավիրում Հայաստանին առնչվող զարգացումների ու իրադարձությունների վրա: Իրանի հասարակական կարծիքը ձևավորելիս թերթը շեշտում է Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնման կարևորությունը: Նոր չափորոշիչներով աշխատող լրատվամիջոցների ընձեռած հնարավորություններով կարելի է հասնել Իրանի և Հայաստանի հարաբերությունների սերտացման նոր մակարդակի, նոր հնարավորությունների: Հայաստանն Իրանի այն հարևանների խմբին է դասվում, որի գործողությունները երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում ոչ միայն չեն խոչընդոտում, այլ նույնիսկ նպաստում են փոխըմբռնմանը: Այս առումով Իրանի քաղաքական տարբեր ուժերն ու հոսանքները ողջունում են Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը:

-«Շարղ» օրաթերթն Իրանի և Հայաստանի հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ մինչ օրս ի՞նչ քայլեր է ձեռնարկել:

-«Շարղ»-ը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելուն զուգահեռ հարթակ է տրամադրում նաև հայտնի վերլուծաբաններին և հետազոտողներին: Թերթում Իրանի և Հայաստանի վերաբերյալ իրենց մեկնաբանություններն են ներկայացնում Քավե Բայաթը, Էհսան Հուշմանդը, ինչպես նաև այլ հայտնի վերլուծաբաններ: Մինչ օրս Հայաստանին վերաբերող մի շարք մեկնաբանություններ և հարցազրույցներ են հրապարակվել: Պարբերաբար քայլեր են ձեռնարկվում, որպեսզի թերթում հայաստանցի գիտնականների և մտավորականների մեկնաբանություններն ու հարցազրույցները ևս հրապարակվեն. նրանցից է մասնավորապես իրանագետ Վարդան Ոսկանյանը: Վերջերս «Շարղ» օրաթերթը հրապարակեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը, որը մեծ հնչեղություն ունեցավ և վերահրապարակվեց ինչպես իրանական, այնպես էլ հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցների կողմից:

Հավելենք, որ «Շարղ»-ն առաջիկայում ավելի մեծ ուշադրություն է դարձնելու Իրան-Հայաստան հարաբերությունների ոլորտին և թեմային կանդրադառնա ավելի խորը լուսաբանմամբ: Բացի տեղեկատվական նյութերից և մեկնաբանություններից, նախատեսում ենք Իրան-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ մեր թերթի փորձագիտական հատուկ համար թողարկել:

Հուսով ենք, որ այն առաջիկայում «Առավոտ» օրաթերթի հետ համագործակցության շրջանակներում Թեհրանում և Երևանում միաժամանակ կթողարկվի և՛ հայերենով, և՛ պարսկերենով:

 -Տարածաշրջանում աճում է ծայրահեղականությունն ու քաղաքական լարվածությունը: Ձեր կարծիքով Իրանի և Հայաստանի հարաբերությունների ընդլայնումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում:

-Իրանի ցամաքային հարևաններից միայն Հայաստանն է քրիստոնյա երկիր: Մահմեդական Իրանի կառուցողական հարաբերությունները քրիստոնյա Հայաստանի հետ նշանակալի օրինակ են՝ ներկայացնելու տարբեր կրոնների հետևորդ երկու ժողովուրդների խաղաղ համակեցությունը: Այն դեպքում, երբ Մերձավոր Արևելքի զգալի հատվածից, նույնիսկ Կովկասի որոշ շրջաններից ծայրահեղականությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում, Իրանի և Հայաստանի միջև առկա մշակութային ու քաղաքական խորը կապերը, բարեբախտաբար, նաև երկու կրոնների երկխոսության ակնառու օրինակ են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մակարդակում:

Այդ կառուցողական հարաբերությունները տարբեր կրոնների և մշակույթների երկխոսության, փոխգործակցության նոր ուղիներ են բացում՝ նախադրյալներ ստեղծելով համամարդկային արժեքների պահպանման ասպարեզում: Նմանօրինակ հարաբերությունների շարունակականությունը պատնեշ կդառնա ցանկացած ծայրահեղականության տարածման համար:

-Ձեր կարծիքով Իրանի և Հայաստանի միջև առկա տնտեսական ու մշակութային հարաբերությունները համարժե՞ք են, արդյոք, քաղաքական հարաբերություններին:  

-Հաշվի առնելով Իրանի և Հայաստանի օրինակելի, բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները՝ պետք է նշել, որ տնտեսական հարաբերություններն այն զարգացումն ու առաջընթացը չեն գրանցել, ինչպիսիք առկա են քաղաքական դաշտում: Դրացի երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները դեռ գոհացուցիչ չեն,  այն դեպքում, երբ երկկողմ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու մեծ հնարավորություններ կան: Երկրների պատասխանատու պաշտոնյաները տնտեսական կապերին պետք է նախկինի համեմատ ավելի մեծ ուշադրություն նվիրեն և գործակցության նոր հնարավորություններ ստեղծեն: Իրանի հասարակությունն ակնկալում է, որ քաղաքական հարաբերություններին զուգահեռ ամրապնդվեն նաև տնտեսական կապերը:

Այդ առումով նախ և առաջ պետք է արդիականացվեն ենթակառուցվածքները: Ցամաքային ճանապարհների, մայրուղիների, երկաթգծի (որն Իրանին Հայաստանի միջոցով կկապի Վրաստանին և Սև ծովին), գազի և նավթի խողովակաշարերի (որոնց միջոցով Իրանը Հայաստանի տարածքով նավթ և գազ կարտահանի Եվրոպա) ոլորտում խորը համագործակցություն ծավալելու նպատակով անհապաղ պետք է իրականացվեն փորձագիտական լուրջ քննարկումներ և ուսումնասիրություններ: Դրանք ոլորտներ են, որոնց հնարավորությունների ողջ ներուժը մինչ օրս չի օգտագործվել: Վերոնշյալ նախագծերի իրականացման դեպքում կողմերը ոչ միայն տնտեսապես կշահեն, այլ նույնիսկ անվտանգային և քաղաքական ոլորտներում շոշափելի ձեռքբերումներ կունենան:Ֆինանսաբանկային ոլորտում ևս համագործակցության մեծ հնարավորություններ կան: Դժբախտաբար, վերջին տարիներին այդ հնարավորություններն օգտագործելու հարցերը չեն ընդգրկվել երկու երկրների կառավարությունների օրակարգում:

Համատեղ ձեռնարկությունների ստեղծումը ևս տնտեսական համագործակցության մի ոլորտ է, որը երկրներին ավելի կմոտեցնի միմյանց: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, և ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է նշել, Հայաստանն Իրանի համար կարող է ԵԱՏՄ-ի 180 միլիոնանոց շուկա մուտք գործելու դարպաս դառնալ: Մինևնույն ժամանակ Հայաստանի և Եվրամիության միջև գործում է առևտրային արտոնյալ ռեժիմ, համաձայն որի՝ Հայաստանում արտադրված ապրանքատեսակները զրոյական սակագներով  կարող են արտահանվել ԵՄ: Այս պայմանները իրանցի գործարարներին և արտահանողներին կարող են լավ հնարավորություններ ընձեռել՝ ավելի հեշտ մուտք գործելու եվրոպական շուկա: Հուսով ենք, երկու երկրների պատասխանատու պաշտոնյաներն այս ուղղությամբ համագործակցություն ծավալելու կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր կմշակեն: Զբոսաշրջության ոլորտում ևս մեծ հնարավորություններ կան, որոնք կնպաստեն երկկողմ կապերի խորացմանը: Վերջին տարիներին Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը զգալիորեն մեծացել է, և այդ զարգացումը կարող է շարունակական լինել, սակայն Իրան այցելած հայաստանցի զբոսաշրջիկների թիվն առանձնապես չի աճել, ուստի այդ հարցում ևս պետք է աշխատանքներ տանել:  Կրթության և մշակույթի ոլորտները նույնպես պետք է արժանանան երկու երկրների պատասխանատու պաշտոնյաների ուշադրությանը: Հայաստանցի ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել Իրանում, իսկ իրանցի ուսանողները՝ Հայաստանում:

Բացի այդ, իրանցի և հայաստանցի հետազոտողները կարող են համատեղ ուսումնասիրություններ կատարել, տպագրել գրքեր, համատեղ ծրագրեր իրականացնել մշակույթի, մասնավորապես կինոյի և ֆիլմարտադրության ոլորտում: Համատեղ ֆիլմարտադրությունը կարող է մշակութային ազդեցիկ գործոն լինել, մանավանդ որ Իրանի մշակութային գործիչների շարքում հայտնի հայ մտավորականներ կան: Այս հանգամանքը մշակույթի մի շարք ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու լավ առիթ կարող է հանդիսանալ:Լրագրողները ևս կարևոր լուրջ դերակատարություն ունեն: Հուսով ենք՝ զանգվածային լրատվամիջոցների ոլորտում Իրանի և Հայաստանի միջև համագործակցության հարցն առավել մեծ ուշադրության կարժանանա: -Եվ վերջում, Դուք ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների և երկու ժողովուրդների հարաբերությունների զարգացման, առաջընթացի հեռանկարներն ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները: -Հայաստանի անկախության 25-ամյա պատմական շրջափուլում հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները կայուն զարգացում են ունեցել: Դրանք առավել զարգացնելու և խորացնելու ուղղությամբ պարբերաբար իրականացվում են համապատասխան աշխատանքներ: Երկու երկրների ժողովուրդներն էլ ողջունում են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը, ուստի զարգացման շարունակականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի պատասխանատու պաշտոնյաները համապատասխան ուսումնասիրությունների և փորձագետների մշակած հայեցակարգերի հիման վրա ձեռնարկեն գործնական քայլեր:

Այդ առումով «Շարղ» օրաթերթը գործընկերների օգնությամբ իր բաժին ավանդն է բերում, որպեսզի ներդրում ունենա հայ-իրանական հարաբերությունների խորացման գործում: Լրատվամիջոցները ներկայումս հասարակական կարծիքի ձևավորման գործում կարևոր դերակատարություն ունեն: Հուսով եմ, ինչպես «Շարղ», այնպես էլ «Առավոտ» օրաթերթերը կարող են Իրանի և Հայաստանի հարաբերությունների ընդլայնման գործում նշանակալի առաքելություն ստանձնել՝ օգտվելով հանրային դիվանագիտության ընձեռած հնարավորություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել