Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում բացվեց Հայ լեզվաբանության XI միջազգային գիտաժողովը, որին նախատեսված է, որ պետք է մասնակցեն նաեւ օտարազգի հայագետներ, հանրապետության գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներ: Ցավոք, հայ լեզվաբանությանը նվիրված գիտաժողովի բացմանը լրագրողներն ավելի շատ էին, քան մասնակիցները: Չհանդիպեցինք ԿԳ նախարարության որեւէ ներկայացուցչի, բուհերի բանասիրության ֆակուլտետների ուսանողների:
Ի դեպ, գիտաժողովի գրանցումը ռուսերեն էր կատարվում, դա պատճառաբանվեց նրանով, որ կազմակերպիչների մեծ մասը Ռուսաստանից է:
Կազմակերպիչները հուշամեդալներ են պատրաստել մասնակիցների համար, ինչպես նշեց Արեգ Բայանդուրը, երկու տարի պատրաստվել են գիտաժողովին, թեզիսներն են հրատարակել:
Aravot.am-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանից հետաքրքրվեց` իր կարծիքով արդյոք արդարացվա՞ծ է առանձին` ռուսաց լեզվի հայեցակարգի մշակումը, որին ձեռնամուխ է եղել ԿԳ նախարարությունը:
Ի պատասխան պարոն Կատվալյանն ասաց. «Ինձ համար տարօրինակ է հայեցակարգերի մշակումը, որովհետեւ պետությունը նախ ընդհանրապես պետք է ապահովի մայրենի լեզվի գերակայությունը եւ բարձրակարգ ուսուցումը կրթական համակարգում, ապա հնարավորություններ ու պայմաններ ստեղծի, որպեսզի օտար լեզուները բավարար հիմքի վրա լինեն, եւ սովորողները կարողանան դրանք եւս սովորել, բայց առանձին լեզվի համար հայեցակարգ մշակելը տարօրինակ է: Կարծում եմ` ԿԳ նախարարությունը կարող է իր միջոցներն ունենալ, որ մայրենին փայլուն ուսուցանվի, եւ ուսուցանվեն մի քանի օտար լեզուներ եւս»:
Մեր հարցին` իսկ հայոց լեզվի դասավանդման հայեցակարգ իմաստ չունի՞ մշակել, մանավանդ միասնական քննությունների վերջին տարիների արդյունքներով երեխաներն օտար լեզուներից ավելի բարձր միավորներ են ստանում, քան մայրենիից, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենը պատասխանեց. «Կարծում եմ` հայոց լեզվի ուսուցումը նախ եւ առաջ պետք է ուշադրության կենտրոնում լինի, ընդ որում այն առումով, որ մեր դպրոցներում սովորաբար քերականություն են սովորեցնում, մինչդեռ պետք է դրան զուգահեռ ճիշտ խոսելու եւ գրելու ունակություններ սովորեցնել, այլ կերպ ասած` խոսքի մշակույթ դասավանդվի: Վստահ եմ, որ մեր ԿԳ նախարարությունն այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկի, երեւի հաջորդ քայլն այդ կլինի, որ խոսքի մշակույթի վրա աշխատանք տարվի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ