ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ տեղեկություններին, որ առաջիկա ձմեռային զորակոչի ժամանակ բուհերում վճարովի հիմունքներով սովորող 18 տարեկաններից բացի, զորակոչվելու են նաեւ անվճար հիմունքներով սովորող 18 տարեկանները: «Զորակոչում ենք 18 տարին լրացած քաղաքացիներին՝ ինչպես վճարովի, այնպես էլ անվճար սովորող եւ տարկետման իրավունք չունեցողներին: Տարեկան յոթ-ութ հարյուր արական սեռի քաղաքացի ստանում է տարկետման իրավունք: Հիմնավորումն այն է, որ կիսատ կրթությունը ճիշտ չէ»,-նշեց Սարգսյանը:
Նախարարն անդրադարձավ նաեւ իր՝ վերջերս հնչեցրած առաջարկին, որ պաշտոնյաներն իրենց հայտարարագրերում պետք է նշեն նաեւ զինվորական ծառայություն անցած լինելու մասին: «Դա առաջարկել եմ՝ հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ծառայության հանդեպ: Ցանկացած մարդ, որը հավակնում է զբաղեցնել հանրային պաշտոն, պետք է հայտարարագրում նշի՝ ծառայե՞լ է, թե ոչ, եթե ազատվել է, ինչո՞ւ: Դա բավական է լինելու՝ հանրության ուշադրությունն այդ խնդրի վրա սեւեռելու համար»,-համոզմունք հայտնեց Վիգեն Սարգսյանը:
Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ հայտարարագրումն անմիջական գործողություն չի եւ հենց հաջորդ օրն արդյունք չի տալու. «Բայց դա տարիների ընթացքում վարվելակերպ ու հանրային ուշադրություն է ձեւավորում: Որոշները համարում են, որ օրենսդրությամբ կարող է սահմանափակումներ մտցվեն չծառայած անձանց հանդեպ: Ցանկալի է, որ այդ փաստից բխող իրավական հետեւանքներ լինեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ