Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. ո՛չ «հայեցակարգ», ո՛չ «կրթակարգ» վերնագրով փաստաթուղթ սահմանված չկա

Հոկտեմբեր 02,2017 12:12

Անցած ամիսներին բուռն քննարկվող «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ» փաստաթղթի նախագծի թե՛ ստեղծման, թե՛ քննարկման վրա անտեղի ժամանակ ու ռեսուրս եք ծախսել: Այդ շինծու փաստաթղթի հանձնարարականը չգիտեմ երբ և որ վարչապետն է տվել, որովհետև կրթությանը վերաբերող ՀՀ ոչ մի օրենքով «ՀԱՅԵՑԱԿԱՐԳ» փաստաթուղթ սահմանված չէ, ու այն եղել է օրենքից դուրս, ու ոչ մի նախարար այդ մասին կա՛մ գլխի չի ընկել կա՛մ իմացել ու չի բարձրաձայնել: Ի՞նչ են անում կառավարության կամ գերատեսչությունների իրավաբանները, եթե ՀՀ վարչապետի տված հանձնարարականի օրինականությունը չեն ստուգում: Էդպես ո՞նց կլինի, վարչապետ է, մտքով մի բան է անցնում ու անմիջապես ուզում է հանձնարարական տա, բա չստուգե՞ն, թե այդ հանձնարարականը որքանով է օրենքից բխում:

Թե՞ կապ չունի՝ վարչապետի մտքով անցավ, ուրեմն հանձնարարականը գնա՜ց:

Ա՛յ, էդպես էլ հեղինակազրկվում է Օրենքը, ով հասնում՝ շրջանցում է: Մեկ անգամ չէ, որ տարբեր հոդվածներում այս մասին բարձրաձայնում եմ ու ոչ մի արձագանք, եթե ճիշտ եմ՝ ընդունեք, եթե սխալ եմ՝ ապացուցեք, որ սխալ եմ, էսպես շարունակել չի՛ կարելի, ոչ կոմպետենտ (անկարողունակ) կառավարումը ցեցի պես քանդում է մեր երկիրը:

Սեպտեմբերի 29-ին Հանրային խորհրդի նախագահ, պարոն Վազգեն Մանուկյանի հրավերով մասնակցել եմ Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի հայեցակարգի նախագծի քննարկմանը, որի ժամանակ իմ պնդումն այն մասին, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով «ՀԱՅԵՑԱԿԱՐԳ» փաստաթուղթ սահմանված չէ ու քանի որ չգիտենք, թե այս փաստաթուղթն ինչի՞ մասին է լինելու, ո՞րն է նրա նպատակն ու ի՞նչ խնդիր է լուծելու և ինչպե՞ս, հետևաբար այս նախագծի բովանդակությունը կախված է լինելու միայն այն գրողների կամքից ու շատ սուբյեկտիվ: Չունենք այն բանաձևը, որով հաշվենք, թե փաստաթղթի բովանդակությունը որքանո՞վ է համապատասխանում իր առջև դրված նպատակին: Ասածս ո՛չ հանրային խորհրդի անդամների, ո՛չ լրատվության կողմից ուշադրության չարժանացավ: Ավելին, նույնիսկ այնտեղ ներկա նախկին նախարարներն էլ պնդեցին, որ «հայեցակարգն» այլ օրենքներով սահմանված կա՛:

2 ժամ քննարկվեց օրենքից դուրս նախագիծը և ստացվեց, որ այն, որպես ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, բացի ինձանից, ոչ մեկին չի զարմացնում ու զայրացնում: Փաստաթղթի մասին խոսեցին շատ տարբեր ու հետաքրքիր տեսանկյուններից, խոսեցին այն մասին, որ սա քաղաքական նպատակներ հետապնդող փաստաթուղթ է, որի հետ ես էլ եմ համաձայն, ասեցին, որ այնքան էլ համաձայն չեն այնտեղ գրվածի բովանդակության հետ, բայց ինչպե՞ս որոշեցին, որ բովանդակությունը ճիշտ չի, լավը չի, հասկանալի չեղավ, որովհետև յուրաքանչյուրը «ՀԱՅԵՑԱԿԱՐԳ» փաստաթղթի մասին խոսեց ի՛ր պատկերացումներից ելնելով, որովհետև Օրենքով սահմանված չէ, թե ի՞նչ բովանդակություն պետք է ունենա այդ փաստաթուղթը:

Եկա և ուսումնասիրեցի 1999թ. ընդունված «Կրթության մասին», 1993թ. ընդունված «Լեզվի մասին», 2009թ. ընդունված «Հանրակրթության մասին», 2005թ. ընդունված «Նախադպրոցական կրթության մասին», 2005թ. ընդունված «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», 2004թ.-ին ընդունված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներն ու 2004թ. ՀՀ կառավարության ընդունած արձանագրային «Հանրակրթական պետական կրթակարգի մասին» որոշումը: Բոլոր օրենքներում «հայեցակարգ» բառը հանդիպեց միայն միջին մասնագիտական և բուհական կրթության մասին օրենքներում հետևյալ մեկ նախադասությամբ՝ «կրթական նոր հայեցակարգերի և տեխնոլոգիաների ներդրում` զարգացում ապահովելու նպատակով», Կրթակարգում նույնպես մեկ նախադասությամբ՝ «Առարկայական չափորոշիչը ներառում է` բ) ուսումնական առարկայի (դասընթացի) հայեցակարգ…», բայց այդպես էլ ոչ մի օրենքի բառարանում «հայեցակարգ» փաստաթղթի բացատրությունը չկար, այն սահմանված չէր:

1999թ. ընդունված չափազանց գրագետ և առաջադեմ «Կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածում տրված են այդ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների բացատրությունները, որտեղ ո՛չ «ՀԱՅԵՑԱԿԱՐԳ», ո՛չ «ԿՐԹԱԿԱՐԳ» վերնագրով փաստաթուղթ սահմանված չկա: Այլ սահմանված է՝ 1. «պետական կրթական չափորոշիչ նորմատիվ» փաստաթուղթը, 2. «կրթության համապատասխան մակարդակի բովանդակությունը և մասնագիտական ուղղվածությունն ամրագրող կրթական (այդ թվում` ռազմական) ծրագիր» փաստաթուղթն ու 3. «որակավորումների ազգային շրջանակ` մասնագիտական կրթության որակավորման աստիճանների բնութագրերի ամբողջություն, որը ներառում է ուսումնառության յուրաքանչյուր աստիճանում ուսուցման արդյունքների և մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ընդհանրական նկարագրերը» փաստաթուղթը: Վերջինս հենց այն փաստաթուղթն է, որով սահմանված են կրթական բոլոր աստիճաններում նաև օտար լեզուներից գիտելիքների, հմտությունների ու կարողունակության (կոմպետենցիայի) բնութագրիչները, որոնց հասնելու, որոնք իրականացնելու գործիքներն էլ սահմանված են Պետական չափորոշչով:

1999թ. ընդունված «Կրթության մասին» օրենքի պահանջներն իրականացնելու համար ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով ընդունվել են բոլոր անհրաժեշտ իրավական ակտերը՝ ՀՀ Պետական չափորոշիչը, ՀՀ կրթական ծրագրերն ու ՀՀ որակավորումների ազգային շրջանակը: Սա նշանակում է, որ օտար լեզուներից մեր աշակերտների ունեցած ցածր որակը բոլորովին պայմանավորված չէ որևէ փաստաթղթով, առավել ևս՝ օրենքից դուրս փաստաթղթով: Եթե իսկապես ուզում եք բարձրացնել Մայրենիի և օտար լեզվի դասավանդման որակը, հանրակրթության ֆինանսավորումը դարձրեք ՀՆԱ-ի առնվազն 4%, բոլոր դպրոցներում կիսեք դասավանդվող բոլոր լեզուների՝ մայրենիից սկսած, չինարենով վերջացրած, դասաժամերին դասարաններում սովորող աշակերտների թիվը, օգնեք մանկավարժներին բարձրացնել իրենց գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակը, կարգին աշխատավարձ տվեք մանկավարժներին, արդար ատեստացիա անցկացրեք, ատեստացիայի ժամանակ կիրառեք «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» իրավական նորմն ու ազատվեք անարդյունավետ ուսուցիչներից, արդյունքում կստանաք հանրակրթության բարձր որակ և թե՛ մայրենիին, թե՛ օտար լեզուներին բավարար չափով տիրապետող աշակերտներ ու երիտասարդներ:

Ձեռքներդ չի գնո՞ւմ կրթության մեջ գումար ներդնել, բայց ուզում եք փաստաթղթերով, անհիմն ու ավելորդ երկարատև քննարկումներով կրթության որա՞կ ապահովել, չի՛ ստացվելու, հարգելի կառավարություն:

Մի քանի խոսք էլ գործող նախարարի սիրած «Ազգային Կրթակարգ» փաստաթղթի մասին, որն ի դեպ, հանրակրթություն է ներմուծվել որպես միջազգայնորեն ընդունված «curriculum» հասկացության հայերեն եզրույթ, և նույնպես ՀՀ ոչ մի օրենքով սահմանված չէ: Երբ, ցույց տալու համար, թե որքան «մտահոգ» ենք ազգային խնդիրներով ու տեղի անտեղի «ազգային» բառը խցկում ենք ամենուր, դրանով շրջափակում ենք մեր երկրի «մտավոր սահմանները»: Ինչպես ժողովուրդն է ասում. «շաքար ասելով բերանդ չի քաղցրանա»:

«Հանրակրթության պետական կրթակարգ» փաստաթուղթը, որը նույնպես սահմանված չէ «Կրթության մասին» օրենքով, հաստատվել է ՀՀ կառավարության 2004 թ. մայիսի 27-ի N771 արձանագրային որոշմամբ, որի անհրաժեշտությունն այն ժամանակ բխել է հանրակրթության ոլորտը կարգավորող օրենքի բացակայությունից: 2009-ին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N1088-Ն որոշմամբ ընդունվել է այդ օրենքից բխող «Հանրակրթության պետական չափորոշիչ» փաստաթուղթն ու նույն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել թե՛ «Հանրակրթության պետական կրթակարգ», թե՝ «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ» փաստաթղթերը: Սակայն այսօր էլ շարունակվում է խոսվել այս անգամ, «Ազգային կրթակարգ» անունով փաստաթղթի մասին:

ԿԳՆ ԾԻԳ-ի կայքում դրված «Կրթության բարելավում 2012-2017թթ.» վարկային ծրագրով նախատեսված «Հանրակրթության որակի բարելավում» 1.4 բաղադրիչի նպատակն է. «1-12-րդ դասարանների հանրակրթական ծրագրերը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 28.07.2011թթ. 1088 ընդունած «Հանրակրթության պետական չափորոշիչ» որոշման պահանջներին: Աջակցություն կրթության որակի բարելավման աշխատանքներին՝ կրթական ծրագրերի վերամշակումների միջոցով (0.5 մլն ԱՄՆ դոլարի համարժեք դրամ) և այնտեղ չկան «ազգային կրթակարգ» բառերը: Սակայն նախարար պարոն Մկրտչյանի 4-րդ նշանակումից հետո, երբ ինքը սկսեց Ազգային Կրթակարգի մասին հերթական «նորությունը» բարձրաձայնել, այնտեղ մի քանի տեղում ավելացվել են Կրթակարգ բառերը, բայց վերջին պարբերության մեջ ո՛չ մի խոսք դրա մասին: Մեջբերում եմ բառացի.

«Սպասվելիք արդյունքները. ակնկալվում է Ծրագրի ավարտին (2019թ.) ունենալ հանրակրթության նոր, միասնական պետական չափորոշիչ և դրան համապատասխան վերանայված և լրամշակված առարկայական չափորոշիչներ ու ծրագրեր:»

Արժե խոսել նաև այն մասին, որ 1.4 բաղադրիչը մշակելու նպատակով ընտրված հանձնաժողովի կողմից 28.10.2016թ. «Հանրակրթության պետական կրթակարգի և չափորոշիչների վերանայման հայեցակարգի» ներկայացված նախագծում կան հետևյալ տողերը. «Կրթակարգը չի սահմանվել գործող օրենքներով, սակայն նրա առանձին գլուխներ ներառվել են «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, իսկ բազմաթիվ գործառույթներ, որոնք օրենքի ձևաչափով սահմանել հնարավոր չէ իրականացվում են նաև այսօր, քանի որ վերոնշյալ արձանագրային որոշումը ուժի մեջ է»: Չգիտեմ հանձնաժողովի անդամներն արդյոք սխալվե՞լ, թե՞ դիտավորյալ են ուժի մեջ թողել մի փաստաթուղթ, որը 2009-ին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N1088-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել :

Հ.Գ. «Հայեցակարգ» և «Կրթակարգ» բառերի բացատրությունը փնտրեցի նաև Ժամանակակից հայերենի տարբեր բառարաններում, չգտա: Կա «հայեցակետ» բառ, որը նույնն է, ինչ տեսակետը: Որպես փաստաթղթի տեսակ նման փաստաթուղթ չգտա նաև Arlis.am-ում: Հիշում եք չէ՞, որ գրածս վերաբերում է փաստաթղթի անվանմանը, ոչ՝ բովանդակությանը, որը ոչ մի օրենքով սահմանված չէ:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031