Մովսիսյանները ոռոգման ջուր չստանալու
պատճառով մեծ վնասներ են կրել
Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչներ՝ հայր ու որդի Մովսիսյանների մոտ 4 հեկտար հողատարածքն այս սեզոնին չեն կարողացել ջրել, ոռոգման ջուր չեն ունեցել, բերքի մեծ մասը փչացել է:
«Առավոտի» հետ զրույցում Վլադիմիր Մովսիսյանն ասաց, որ խաղողի այգուց այս տարի 7 տոննա բերք էր ակնկալում, սակայն հազիվ 2 տոննա ստանա: Մովսիսյանների ներկայացմամբ՝ բանջարաբոստանային կուլտուրաներն էլ չոռոգելու հետեւանքով չորացել են, բերք համարյա թե չի ստացել: «Մինչ էս էլ ցուրտն ու կարկուտն էին խփել, հազիվ խելքի էինք բերել, որ բերք ստանայի, հիմա էլ ջուր չեն տալիս: Ձմերուկ, պամիդոր, կուկուռուզ, բան չի մնացել: Սեպտեմբերի սկզբից պիտի 4 օրը մեկ ջրեինք, բայց էս ամիս ընդամենը 1 անգամ եմ ջրել»,- պատմեցին հայր ու որդի:
Մովսիսյանները վստահեցրին, որ ոռոգման ջրի պարտք չունեն, բայց այ, վարկեր ունեն, պարտք են տրակտորի աշխատանքի համար, վարձու աշխատողներին պետք է վճարեն աշխատանքի դիմաց:
«75 հազար դրամ գարունը վճարել եմ՝ ՋՕԸ-ին, 200 հազար էլ պիտի վճարեի, ինչի՞ համար վճարեմ, որ ջուր չեն տվել: Բայց ես ոչ մի տարի պարտք ու պահանջ չեմ ունեցել: Կողքի հողերին ջուր տվել են, 5-6 անգամ նրանք ջրել են, բայց մեզ չեն տվել»,- պատմեց Վլադիմիր Մովսիսյանը: Թե ի՞նչն է պատճառը, որ իրենց հողամասերին ջուր չի հասնում, մինչդեռ հարեւան տարածքների հողերը բավարար ոռոգվել են, Մովսիսյանները դժվարացան պատասխանել. «Չգիտենք, մեզ ջուր չեն տալիս»:
Մովսիսյանների պատմելով՝ մի անգամ են կարողացել հողամասի մի շատ փոքր հատված ջրել, այն էլ շատ կարճ ժամանակով են ջուրը տվել, ու հողն այնքան չորացած է եղել, որ ջուրն օգուտ չի տվել. «Կարճ տվին ջուրը, կիսատ ջրինք»:
Մեր այցելության պահին Մովսիսյանների լոլիկի ցանքատարածություններում բերքն անպիտան էր, լոլիկները դեռ չհասցնելով կարմրել ու հասունանալ՝ արդեն չորացել էին, հողն էլ անապատի հող էր հիշեցնում: «Ես նախատեսել էի 120 տոննա լոլիկի բերք ստանալ, հիմա 1% էլ չեմ ստանա: Ինչ ունեինք՝ խանձվեց, թափվեց: Իմ վարկերն ո՞վ է փակելու, որ սենց ինձ վնաս տվեցին»,- նեղսրտած ասաց Վահան Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ օրերս Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ասուլիսին հայտնել էր. «Այս տարվա ընթացքում մենք ջուրը տվել ենք հնարավորինս «էկոնոմ» ռեժիմով, որովհետեւ տարվա կեսից պարզ դարձավ, որ կլիման լինելու է խիստ՝ գյուղատնտեսության նկատմամբ: Վերջին 4 ամսում տեղումներ չենք ունեցել, թերլցված ջրամբարներ, բարձր ջերմաստիճանային ֆոն, ստիպված ենք եղել «էկոնոմ» ռեժիմով ջուր բաց թողնել՝ առաջնահերթությունը տալով բազմամյա տնկիներին: Մեկամյա տնկիների դեպքում փոքր-ինչ խնդիրներ ունեցել ենք, դրանք բանջարաբոստանային տնկիներն են, որոնք տեղեր ենք ունեցել՝ խնդիր ենք ունեցել»:
Թերլցված ջրամբարներից է նաեւ Ախուրյանի ջրամբարը, որտեղից էլ, այսպես ասած, սնվում են Արմավիրի մարզի հողատարածքները:
Թե ինչո՞ւ է Մովսիսյանների հողատարածքը զրկված եղել ոռոգման ջրից, այն դեպքում, երբ հարեւան հողօգտագործողները ժամանակին ստացել են ջուր ու նորմալ ոռոգել իրենց հողերը, փորձեցինք պարզել Արմավիր ՋՕԸ-ի տնօրեն Կարեն Քոչարյանից: Վերջինս խոստացավ այցելել Մովսիսյանների հողատարածք ու տեղում ծանոթանալ խնդրին եւ առաջիկայում պարզաբանում տալ: Մինչ տեղում խնդրին ծանոթանալը՝ Քոչարյանը վստահեցրեց. «Նախնական տվյալներով՝ Մովսիսյաններին պատկանող հողատարածքներին նորմայի սահմաններում ջուր տվել ենք»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
30.09.2017