Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր գերտերության ղեկավար ինքը պետք է նաեւ իրեն հաշիվ տա»

Հոկտեմբեր 02,2017 14:30

Պուտինը Չինաստանում մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարման մասին, ասել էր՝ զենքի մատակարարումը հակամարտության գոտիներ՝ չի խոսում հաշտեցման օգտին, այլ միայն խորացնում է իրավիճակը:

Մենք ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին հարցրեցինք՝ հաշվի առնելով, որ մեր ռազմավարական գործընկերն ինքն էլ զենք է մատակարարում մեր հակառակորդներին, կարո՞ղ ենք ենթադրել, որ ՌԴ-ին էլ ձեռնտու չէ Արցախի հարցում հաշտեցումը:

Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Այդպիսի տրամաբանական կապ տեսնել, կարծում եմ, ճիշտ չէ: Բոլոր դեպքերում պետք է նկատի ունենալ, որ անկախ նրանից՝ ՌԴ-ն է, ԱՄՆ-ն, կամ որեւէ այլ պետություն, եթե հարձակողական նշանակության սպառազինության միջոցներ եւ ռազմական այլ միջոցներ է տրամադրում այն պետությանը, որը ագրեսիա իրականացնելու ե՛ւ քաղաքական քայլեր է իրականացնում, ե՛ւ ռազմական գործողություններ է իրականացնում, դա, բնականաբար, վտանգում է ռազմական հավասարակշռությունը: Պարտադիր չի, որ դա վերաբերի միայն մեր տարածաշրջանին: Այն պետությունները, որոնք մատակարարում են ռազմական նշանակության արտադրանք, հատկապես՝ հարձակողական նշանակության, պետք է գիտակցեն, թե դրանով ինչ հետեւանքներ են առաջացնում տարածաշրջաններում, արդյոք ավելի մեծ լարվածություն չե՞ն ստեղծում, կրակի նոր օջախ չե՞ն ստեղծում եւ այդ տարածաշրջանի ժողովուրդների կենսագործունեության համար մեծ սպառնալիքներ եւ վտանգներ չե՞ն ստեղծում: Յուրաքանչյուր գերտերության ղեկավար ինքը պետք է նաեւ իրեն հաշիվ տա, թե արդյոք նման քաղաքականություն իրականացնելով՝ լրացուցիչ վտանգներ, սպառնալիքներ չի՞ ստեղծում եւ ռազմական լարվածության օջախներ»:

Արցախի պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը, խոսելով ապրիլյան պատերազմի մասին, ասել էր, որ չունենալով ավելի խորը հետախուզման միջոցներ, ի վիճակի չենք եղել իմանալ հակառակորդի գործողությունների մասին: Կորյուն Նահապետյանն այս առնչությամբ ասաց. «Մենք ապրիլյան պատերազմից հետո բավականին մեծ ծավալով աշխատանքներ ենք իրականացրել՝ բոլոր ուղղություններով, այդ թվում նաեւ՝ սպառազինության նոր միջոցներ ձեռք բերելու, կահավորվածության, ինժեներական-շինարարական աշխատանքների իրականացման: Դրանք այն աշխատանքներն են, որ շատ տեղերում մենք տեսել ենք մեր սեփական աչքերով՝ համապատասխան այցեր իրականացնելով: Ինչ վերաբերում է ռազմական հետախուզությանը, այդ ուղղությամբ ե՛ւ նախկինում, ե՛ւ այսօր իրականացվում են նոր միջոցառումներ եւ ծրագրեր՝ ավելի բարձրացնելու մեր կարողությունները»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

30.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել