Լրահոս
Օրվա լրահոսը

 «Խոստանում եմ Հոլիվուդում թողնել ամեն ինչ ու վազել Հայաստան»

Հոկտեմբեր 02,2017 13:30

Հավաստիացնում է զգեստների ամերիկաբնակ դիզայներ Միքայել Շարաֆյանը

«Առավոտը» (19.05.2014) ներկայացրել էր զգեստների ամերիկաբնակ դիզայներ Միքայել Շարաֆյանին: Այս օրերին արվեստագետը կրկին Երեւանում է, եւ մեր հանդիպումը նրա հետ պայմանավորված է վերջին շրջանում բացառապես հոլիվուդյան ֆիլմերին նրա մասնակցությամբ: Հիշեցնենք, որ դիզայները մասնագիտական կրթությունը ստացել է ԱՄՆ-ի ճանաչված Fashion Institute of Design & Merchandising-ում (FIDM): Երիտասարդ արվեստագետը հայտնել էր, որ մասնակցել է շուրջ 30 ֆիլմի ստեղծման, ընդ որում, այդ ֆիլմերում նկարահանվել են աշխարհահռչակ այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Ջենի Քենեդին, «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Սալլի Քըրքլենդը, Էդի Ֆուլոնգը, Իլեյն Հենրիքսը, Էդ Ազները եւ այլք: Հպարտորեն նշել էր նաեւ իր աշխատանքը՝ «Օսկարի» եռակի մրցանակակիր, դիզայներ Քոլին Էտֆուդի հետ, որը հայ հանդիսատեսին ծանոթ է հատկապես «Ալիսան հրաշքների աշխարհում», «Չիկագո» եւ այլ ֆիլմերից: Այս անգամ հանդիպման ժամանակ Միքայել Շարաֆյանն ասաց, որ 2014թ. Հայաստանից մեկնելուց հետո ինքն անդամագրվել է դիզայներների միությանը (N 892 սեկտորին): Խնդրեցինք մանրամասնել ասածը:

Արվեստագետն իր աշխատասենյակում:

«Այս սեկտորի 900 անդամներից միայն 40 տոկոսն է դիզայներ, մյուսները ասիստենտներ են ու իլյուստրատորներ: Ես հիշյալ միության երկրորդ հայ անդամն եմ՝ «Օսկարի» նոմինանտ, երջանկահիշատակ Ռեյ Աղայանից հետո»: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կամ ինչպե՞ս անել, որ դառնալ այդ միության անդամ եւ ինտեգրվել աշխարհի արվեստագետների համար այդքան ցանկալի հոլիվուդյան կինոարտադրությունում: «Ինձ նկատեց պրոֆեսորս՝ միսս Բլեքմանը, որը դասավանդում էր նորաձեւության պատմություն, հետո ծանոթացրեց ճանաչված կուտյուրե Ալի Ռահիմիի հետ: Վարպետներիս առումով բախտս բերել է. շուրջ 10 տարի աշխատել եմ Սիլվիա Չաքմաքջյանի ատելյեում, որը մասնագիտացած էր զուտ թատրոնի եւ կինոյի կոստյումների արտադրությամբ:

Շարաֆյանը մինչ նկարահանումն աշխատանքի պահին:

Այսպես կամաց-կամաց լայնացավ շրջապատս: Առաջին ֆիլմը, որի աշխատանքներին մասնակցեցի իբրեւ զգեստների դիզայներ, Դեյվիդ Քելլիի «Մնա կանգունն» էր: Դա ինձ համար ճակատագրական եղավ հոլիվուդյան կինոաշխարհ մուտք գործելու առումով: Ծանոթացա ու մտերմացա հոլիվուդյան քասթինգ-ռեժիսոր, ծագումով հայ Վալերի Մաքեֆրիի հետ եւ մինչ օրս շարունակվում է մեր համագործակցությունը: Արդեն 7-8 ֆիլմ ենք հանձնել արտադրության, վերջին աշխատանքը 2-րդ համաշխարհային պատերազմի թեմայով «Կեղտոտ ռումբն» էր: Իսկ օրերս ԱՄՆ-ում կցուցադրվի արդեն կինոռեժիսոր Սավաննա Բլոխի «Հետո եկավ Եվան» ֆիլմը, որի սցենարը վերցված է իրական կյանքից ու պատմում է մի տրանսսեքսուալի մասին»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Հարցրինք՝ Հոլիվուդում այսօր ովքե՞ր են ցանկալի հայազգի դերասանները:Դիզայները բարձրաձայնեց Անջելա Սարաֆյանի, Մարկո Խանի, Արթուր Բաբայանի, Վահե Բեջանյանի եւ Վիկ Բագրատունու անունները: 2014թ. մեզ տված հարցազրույցից հետո սկսվեցին տարաբնույթ շշուկներ տարածվել, որոնք զուգահեռում էին երիտասարդ դիզայների եւ Էլիզաբեթ Թեյլորի անունները: Այս առիթով Միքայել Շարաֆյանը հայտնեց. «Բարեկամուհիս՝ դարձյալ զգեստների նկարիչ, երջանկահիշատակ Այրին Շարաֆը, տարիներ շարունակ ֆիլմերում աշխատել է Էլիզաբեթ Թեյլորի հետ, հոլիվուդյան աստղի հարսանյաց զգեստը եւս Շարաֆինն է:

Կադր «Կեղտոտ ռումբ» ֆիլմից:

Հայ հանդիսատեսը Այրին Շարաֆի աշխատանքի մասին կարող է պատկերացում ունենալ Թեյլորի գլխավոր դերակատարմամբ «Կլեոպատրա» ֆիլմից: Բազմաթիվ ֆիլմերի դիզայն է իրականացրել, այդ թվում՝ «Թագավորն ու ես», «Ո՞վ է վախենում Վերջինյա Վուլֆից», «Ծիծաղելի աղջիկը», «Ամերիկացին Փարիզում» եւ այլն…Շարաֆ ազգանունն է եղել հավանաբար այդ լուրերի պատճառը»:Ռեպլիկին՝ դուք նախկինում իրականացրել եք նաեւ բալետային բեմադրությունների զգեստների դիզայն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ռիվերսայդ- բալետում» մասնակցել եմ Մարիո Նուգարայի խորեոգրաֆիայով Չայկովսկու «Շչելկունչիկի» բեմադրությանը: Եթե Երեւանի օպերային թատրոնում էլ մի օր անդրադառնան այս գլուխգործոցին, խոստանում եմ թողնել ամեն ինչ ու վազել Հայաստան, իհարկե՝ հրավերի դեպքում: Իսկ ընդհանրապես, տարիներ առաջ 5 դիզայներների հետ մասնակցել եմ «Մուլեն Ռուժ» շոուին: Ի դեպ, այս շոուն ներկայացվեց նաեւ 2009թ. հունվարին, ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի երդմնակալության արարողության առիթով»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

«Առավոտ»

30.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել