Լորենին եւ նրա պատրաստուկները օժտված են քրտնաբեր, հակաբորբոքային, ջերմիջեցնող, լեղամուղ, հակահազային ազդեցությամբ: Ունեն նաեւ մեղմ հանգստացնող ազդեցություն, նվազեցնում են արյան մածուցիկությունը: Կիրառվում են մրսածության, հարբուխի, բրոնխիտների, անգինայի ժամանակ:
Որպես միզամուղ միջոց ջրաթուրմը օգտագործվում է պիելոնեֆրիտների, ցիստիտների, երիկամամիզաքարային հիվանդությունների ժամանակ:
Միզաքարային հիվանդության ժամանակ առաջարկվում է 2 ճաշի գդալ մանրացված տերեւներին ավելացնել 2 բաժակ տաք ջուր, կափարիչով ծածկած եռացնել 10 րոպե մարմանդ կրակի վրա, քամել: Ընդունել 2 բաժակ՝ քնելուց առաջ:
Որպես խորխաբեր, հակաբորբոքային միջոց խորհուրդ է տրվում 1 ճաշի գդալ թարմ կամ չոր ծաղիկներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, եռացնել 10 րոպե, մի 10 րոպե էլ թողնել եւ ընդունել տաք վիճակում օրը 2-3 անգամ:
Անգինայի, նշագեղձերի բորբոքման ժամանակ 1.5 ճաշի գդալ մանրացված ծաղիկներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, ծածկել կափարիչով, թրմել 20 րոպե, քամել: Ընդունել 1-2 բաժակ քնելուց առաջ: Միաժամանակ օրը 3-4 անգամ կատարել ողողումներ նույն ձեւով պատրաստված ջրաթուրմով:
Մրսածության, հարբուխի դեպքում 1 ճաշի գդալ ծաղիկներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, կափարիչով ծածկել, թրմել 20-30 րոպե, քամել: Ընդունել օրը 2-3 բաժակ, որը կարող եք խմելուց առաջ մի փոքր քաղցրացնել մեղրով:
Կարելի է պատրաստել նաեւ այլ պատրաստուկ. 3 ճաշի գդալ մանրացված ծաղիկներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տաքացնել ջրաբաղնիքի վրա 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել: Ստացված ջրաթուրմի ծավալը տաք ջրով հասցնել սկզբնականին: Ընդունել տաք վիճակում 1-2 բաժակ՝ օրը 2-3 անգամ՝ ուտելուց հետո:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
30.09.2017