Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում առաջին անգամ տեղի ունեցավ Տիգրան Մանսուրյանի մենահամերգը (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2017 10:53

Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցը երեկ երեկոյան ողողված էր մանսուրյանական մեղեդիներով: Վանաձորում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն: Սա Վանաձորում մաեստրոյի առաջին մենահամերգն էր`«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով:

Երեկոյի ընթացքում հնչեցին Ավետիք Իսահակյանի եւ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:

Դրանք կատարեց Հայաստանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ:

Մլքեյանը Վանաձորում առաջին անգամը չէ, որ ելույթ է ունենում: Aravot.am-ի հետ զրույցում մաեստրոն բարձր գնահատեց վանաձորցիների երաժշտական ճաշակը. «Ունենք շատ խորը մտածող, մանրակրկիտ ու պրոֆեսիոնալ լսող ունկնդիր: Վանաձորցիներն ինձ համար միշտ առանձնակի տեղ ունեն այդ իմաստով, որովհետեւ շատ կիրթ լսող ժողովուրդ են, եւ բացարձակ ակադեմիականությունից չխուսափող»:

Երեկոն պարբերաբար ընդմիջվում էր նաեւ ասմունքով: Ասմունքող Տիգրան Գաբոյանը կարդում էր Իսահակյանի ու Չարենցի գործերից: Օրվա մենակատարներն էին՝ Հենրիետտա Հարությունովան, Աննա Ավդալյանը, Քրիստինե Սահակյանը, Յանա Դարյանն ու Արթուր Ավանեսովը:

Համերգի ընթացքում արդեն պատմություն ունեցող ստեղծագործությունների կողքին հնչեց նաեւ նոր գործ: Իսկ Մանսուրյանը լոռեցի հանդիսատեսից գոհ է. «Շատ ջերմ ժողովուրդ ունեք, սրտառուչ: Այնպիսի տպավորություն է, որ այս համերգը սպասված է եղել, եւ ես էլ եկել եմ մի սպասված տեղ, որտեղ մեզ սպասել են, եւ ահա վերջապես եկել ենք՝ երգչախմբով, մեներգիչներով, դաշնակահարով: Շատ ջերմ ընդունելություն եղավ, ես խորապես զգացված եմ, նաեւ իմ ընկերների անունից եմ շնորհակալ, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի երեկոն գեղեցիկ անցնի»:

Այս պահին էլ մաեստրոն նոր գործեր է ստեղծում, սակայն դրանց մասին բարձրաձայնել չի ցանկանում. «Չեմ ասի էդ մեկը, թող լինի, հետո կասեմ: Չեղած բանի վրա ի՞նչ խոսես, մեկ էլ տեսար չեղավ»,-կատակում է:

Մոտ 2 ժամ դահլիճում, ներկաների սրտում ու հոգում թեւածում էին Մանսուրյանի ստեղծագործությունները: Իսկ այդ ամենը իր գագաթնակետին հասավ, երբ դաշնամուրի մոտ նստեց ինքը՝ Մաեստրոն, եւ հնչեց՝ «Կտոր մը երկինքը»…

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն Վանաձորում անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության, Լոռու մարզպետարանի եւ Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031