Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանն ունի տնտեսական զարգացման հսկայական ներուժ». Յոհանես Հաան

Հոկտեմբեր 02,2017 09:00

«Առավոտին» Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հաանի բացառիկ հարցազրույցը:

– Պարոն հանձնակատար, Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրվեց 2017թ. մարտի 21-ին։ Պաշտոնական Երեւանը վստահ է, որ ՀԸԳՀ-ն նոր էջ կբացի Հայաստանի եւ ԵՄ-ի ու նրա անդամ պետությունների հարաբերություններում։ Ակնկալվում է, որ ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը կստորագրվի ԵՄ ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում Բրյուսելում։ Նախ եւ առաջ՝ այս առումով ի՞նչ է ակնկալում ԵՄ-ն հայաստանյան իշխանություններից։ Երկրորդ՝ ինչպե՞ս ՀԸԳՀ-ն կանդրադառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարեկեցության եւ կյանքի վրա, ե՞րբ իրագործվի։

– Հիմա մենք տեսնում ենք ժամանակակից, համապարփակ եւ հավակնոտ Համաձայնագիր, որը վերաբերելու է քաղաքական, տնտեսական եւ ոլորտային համագործակցությանը։ Անկասկած, երբ այն ուժի մեջ մտնի եւ իրագործվի, կընդլայնի Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով երկու կողմերի համար ընդհանուր նոր համաշխարհային, քաղաքական եւ տնտեսական շահերը, ինչպես նաեւ այն մարտահրավերները, որոնց մենք ցանկանում ենք միասին դիմակայել։ Մեր ներկա համաձայնագիրը՝ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, հնացած է։ Մենք կփոխարինենք այն մի այնպիսի փաստաթղթով, որը շատ ավելի հարմար է մեր ներկա եւ ապագայի ցանկալի հարաբերությունների համար։

Իհարկե, նոր Համաձայնագիրը հիմնված կլինի ընդհանուր արժեքների եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության նկատմամբ ուժեղ հանձնառության վրա։ Դա նպաստավոր նախապայմաններ կստեղծի ինչպես ավելի ամուր համագործակցության համար, օրինակ՝ էներգետիկայի, տրանսպորտի եւ բնապահպանության ոլորտներում երկու կողմերի առեւտրային եւ ներդրումային գործողություններին ուղղված նոր հնարավորությունների առումով, այնպես եւ մեր քաղաքացիների համար նպաստավոր ավելի բարձր աստիճանի շարժունության համար։

Կարծում եմ՝ դեռեւս մի փոքր վաղ է ասել, թե երբ այն կստորագրվի, կարող ենք ասել միայն, որ դա կլինի հնարավորինս շուտ։ Եվրամիության ներսում մենք իրականացնում ենք մեր անդամ պետությունների հետ վերջնական ֆորմալ հաստատումները եւ տարբեր լեզուներով տարբերակների փաստերի ստուգումը՝ ապահովելու հետեւողականությունը եւ օրենքի հստակությունը։ Կարեւորն այն է, որ բանակցությունները բարեհաջող են ավարտվել, որ մեր պատրաստած Համաձայնագիրը լավն է, եւ որ ուժի մեջ մտնելուն պես այն լիարժեքորեն կյանքի կկոչվի։

– «Այո, մենք պատրաստվում ենք այն ստորագրել աշնանը։ Ինչո՞ւ եմ այս մասին այսքան վստահությամբ խոսում։ Որովհետեւ փաստաթուղթն արդեն նախաստորագրվել է այն, ընդհանուր առմամբ, արդեն բանակցված է, եւ դրանից հետո մենք նախաստորագրել ենք այն։ Մենք փաստաթուղթը չստորագրելու ոչ մի պատճառ չունենք»,- ասաց Սերժ Սարգսյանը օգոստոսին։ Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցության փաստը հաշվի է առնվել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ՀԸԳՀ-ում։ Կարո՞ղ ենք արդյոք նշել, որ այս անգամ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը խոչընդոտ չի լինի, եւ որ, ի վերջո, համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին։

– Ճշմարիտ է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Սա նշանակում է, որ Հայաստանն ունի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից բխող որոշ պարտավորություններ, որոնց նա պարտավոր է հետեւել, երբ կնքում է միջազգային առեւտրային համաձայնագրեր։ Հետեւաբար, Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը ազդեցություն չի ունենա համագործակցության շատ այլ ոլորտների վրա, որոնք կարգավորվում են նոր համաձայնագրով, օրինակ՝ տնտեսվարողների համար ավելի լավ կարգավորման շրջանակի շուրջ համագործակցությունը։ Եվ ամեն դեպքում Հայաստանն արդեն իսկ օգտվում է ԵՄ-ի GSP+ առեւտրային արտոնությունների համակարգից, որով դեպի ԵՄ ուղղվող հայկական արտահանումների մեծ մասն ազատվում է մաքսատուրքերից։ Դեպի ԵՄ Հայաստանից արտահանումները աճել են 12%-ով 2015թ.-ին եւ 10%-ով 2016թ.-ին։

Ինչ վերաբերում է նոր Համաձայնագրի ստորագրմանը, հիմա այն արդեն նախաստորագրված է, եւ մենք համոզված ենք, որ հաջորդիվ ստորագրումն է, ինչպես ասացի՝ հնարավորինս շուտ։ Ստորագրումը բխում է թե՛ Եվրամիության, թե՛ Հայաստանի շահերից։

– Պարոն Հաան, խնդրում եմ հստակեցնել։ Օգոստոսին, խոսելով Հայաստան – ԵՄ եւ Հայաստան ԵԱՏՄ հարաբերությունների մասին, Սերժ Սարգսյանն ասաց. «Հայաստանի՝ 2013թ.-ի Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումը «մեկ գիշերում կայացված որոշում» ներկայացնելու փորձերը որոշ, հատկապես արտասահմանյան ԶԼՄ-ների կողմից, անհիմն են եւ պարզապես ծիծաղելի։ Մենք բանակցություններ էինք վարում թե՛ Եվրասիական տնտեսական միության, թե՛ Եվրամիության հետ, քանի որ ամենասկզբից եւեթ երկու կողմերն էլ ասել էին, որ մեկը մյուսին չի խոչընդոտի։ Բայց երբ ԵՄ-ն ասաց, որ խոչընդոտում է, ի՞նչ անեինք մենք»։ ԵՄ-ն պահանջե՞լ է հայաստանյան իշխանություններից ընտրել «կամ» ԵՄ-ի, «կամ» ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիրը։

– Ոչ։ Եվրոպական միությունը չի ստիպում իր գործընկերներին ընտրել այս կամ այն ճանապարհը։ Մենք խրախուսում ենք լավ, մասնավորապես՝ բարիդրացիական հարաբերությունները մեր գործընկերների եւ նրանց գործընկերների միջեւ ։ Այնուամենայնիվ, ինչպես արդեն ասացի, Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն իսկապես ազդում է Եվրոպական միության հետ Համաձայնագրի տեսակի եւ բովանդակության վրա՝ անդամակցությունից բխող պարտավորությունների պատճառով։ Բայց 2013թ.-ին Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին ներառող Ասոցացման Համաձայնագիրը չստորագրելու Հայաստանի որոշումից հետո, նոր Համաձայնագիրը, որի վրա մենք աշխատել եւ աշխատում ենք, հուսով եմ, կօգնի դրական տրամադրությամբ ամուր կերպով վերահաստատելու մեր հարաբերությունները։

– Հայտնի է, որ Եվրոպական միությունը ցանկանում է նպաստել Հայաստանի էներգետիկ անկախությանը։ Ի՞նչ կոնկրետ ծրագրեր են պլանավորվում Հայաստանում էներգետիկ ոլորտի հետագա զարգացման համար։

– ԵՄ-Հայաստան նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ Գործընկերության առաջնահերթությունների ներքո մենք համատեղ հանձնառություն ենք ստանձնում՝ կենտրոնանալու մի շարք ոլորտների, այդ թվում նաեւ էներգետիկայի ոլորտի վրա։ Սա կհանգեցնի կոնկրետ գործողությունների, որոնք կնպաստեն Հայաստանի էներգետիկ անվտանգությանը եւ էներգաարդյունավետությանը։

Հայաստանի հետ էներգետիկ համագործակցության ոլորտում մեզ համար առաջնահերթությունների հիմնական ուղղություններից մեկը էներգաարդյունավետության բարելավումն է, քանի որ ամենաէժանը սպառված էներգիան է։ Անցյալ տարի ես տվեցի Բարձրամակարդակ էներգաարդյունավետության նախաձեռնության մեկնարկը, որը նպատակ ունի հեռանալ էներգաարդյունավետության առանձին ծրագրերից՝ անցում կատարելով ավելի համապարփակ մոտեցման, որը սատարում է կոնկրետ քաղաքականության միտված գործողությունների եւ ընդլայնում է կայուն ներդրումները։ Այժմ իմ նպատակն է սրանում ընդգրկել նաեւ Հայաստանը՝ սկսելով քննարկումներ քաղաքականության եւ ներդրումային առաջնահերթությունների մասին 2017թ.-ի նոյեմբերի 8-ին կայանալիք աշխատաժողովի ժամանակ։

Բացի այդ, մեր՝ EU4Energy նախաձեռնությունը սատարում է Հայաստանում էներգետիկ ոլորտի բարեփոխումներին՝ մանրակրկիտ գնահատումների եւ քաղաքականության մշակման գործում տվյալների գործածումը խթանելու միջոցով։ Այն նաեւ միտված է Հայաստանում էներգետիկ քաղաքականության կառավարման բարեփոխմանը՝ շենքերում նվազագույն էներգետիկ արդյունավետության պահանջների, չափորոշիչների եւ էներգետիկ ոլորտին առնչվող ապրանքների ներդրման ուղեցույցի մշակմամբ եւ նպատակ ունի բարելավել ներդրումային մթնոլորտը վերականգնվող էներգիայի ոլորտում։ Այս բոլոր գործողությունները կնպաստեն Հայաստանի էներգետիկ ոլորտի բազմազանեցմանը եւ արդիականացմանը։

– Հայտնի է, որ ԵՄ-Հայաստան օրակարգում բարձր հորիզոնականում է վիզայի ազատականացումը։ Դուք այդպես ասացիք այս տարվա հունվար ամսին։ «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք շատ հետաքրքրված ենք բարելավել շարժունությունը բոլորի համար։ Այս տեսանկյունից Հայաստանի հետ իսկապես բանակցություններ կտարվեն»։ Ինչպիսի՞ պայմանների պետք է Հայաստանը բավարարի այս նպատակին հասնելու համար։

– Իսկ ես Ձեզ վստահեցնում եմ եւս մեկ անգամ՝ քաղաքացիներին Եվրոպայում անվտանգ միջավայրում տեղաշարժվելու օժանդակությունը Արեւելյան գործընկերության հիմնական բաղադրիչներից եւ մեր Արեւելյան Եվրոպայի գործընկերների հետ մեր աշխատանքի կարեւոր կողմերից է։ 2014թ.-ից ի վեր Հայաստանի հետ մենք ունենք Վիզայի դյուրացման եւ հետընդունման համաձայնագիրը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի համագործակցել ԵՄ անդամ պետությունների հետ այս շրջանակներում, հատկապես ԵՄ-ում ապօրինի բնակվող ՀՀ քաղաքացիների հետընդունման հարցում։ Բացի այդ, մենք հուսով ենք, որ Հայաստանը կինտենսիվացնի ջանքերը եւ կնվազեցնի այն գործոնները, որոնք դրդում են հայերին մուտք գործել ԵՄ չկարգավորվող եղանակով։ Միայն այն ժամանակ, երբ կապահովվեն պայմաններ պատշաճ կառավարվող եւ անվտանգ շարժունության համար, կարելի է բացել վիզայի ազատականացման մասին երկխոսությունը։ Գոյություն ունեցող Համաձայնագրերի կիրարկումը բավարար է եղել մինչ օրս, եւ մենք հուսով ենք շարունակել այս արդյունավետ համագործակցությունը։

– ԵՄ-ն վերանայե՞լ է Արեւելյան գործընկերության քաղաքականությունը։ Հարմարեցվե՞լ են արդյոք մոտեցումները։ Օրինակ՝ ո՞ր դեպքում կարող ենք ակնկալել, որ ԵՄ-ն Հայաստանի դեպքում ներդրում կկատարի հետագա տնտեսական զարգացման նպատակով։

– Եվրոպական հարեւանության վերանայված քաղաքականությունը հիմնված է ԵՄ-ի հարեւանների կայունությունը եւ մարտահրավերներին դիմակայության աստիճանը բարձրացնելու վրա։ Սրան համապատասխան Արեւելյան գործընկերությունը քաղաքական համատեղ նախաձեռնություն է, որը նպատակ ունի խորացնել եւ ամրապնդել հարաբերությունները ԵՄ-ի, դրա անդամ պետությունների եւ դրա վեց Արեւելյան գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ։

ԵՄ – Հայաստան նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ Գործընկերության առաջնահերթությունները փոխադարձ շահերի հիման վրա մեր երկկողմ հարաբերությունների տարբերակման ուղղակի արդյունքն են։ Մասնավորապես, սա նշանակում է, որ ընդհանուր օրակարգի հիման վրա Հայաստանի տնտեսության արդիականացման ուղղությամբ համատեղ աշխատանքը կլինի գերակա առաջնահերթություն։

Հայաստանն ունի տնտեսական զարգացման հսկայական ներուժ, եւ ԵՄ-ն ակտիվորեն սատարում է երկրի տնտեսական դիմադրողականության զարգացմանը։ Եվրամիությունը Հայաստանի արտահանումների ամենամեծ շուկան է։

Հայաստանը ջանում է հնարավորություն տալ մասնավոր հատվածին լիարժեք կերպով դրսեւորել իր ներուժը եւ աջակցել փոքր եւ միջին ձեռնարկություններին։ Այս համատեղ ջանքերի արդյունքներն արդեն տեսանելի են. վերջին երեք տարիներին ՓՄՁ հատվածը ստեղծել է 3500 նոր աշխատատեղ ԵՄ աջակցության շնորհիվ։

Գործարար միջավայրը նույնպես բարելավվել է արդյունավետ հանրային ծառայությունների տրամադրման միջոցով։ ԵՄ-ն աջակցում է էլեկտրոնային կառավարման մի շարք հավելվածների ներդրմանը, որոնք փոխել են քաղաքացիների եւ բիզնեսների փոխշփման ձեւերը տեղական եւ ազգային իշխանության մարմինների հետ։

Առաջ մղելով մեր փորձնական մարզային մոտեցումը՝ մենք հնարավորություն են ընձեռելու թիրախավորված գործողություններ իրականացնել նորարարության, զբոսաշրջության զարգացման եւ մշակույթի ոլորտներում, որոնցից կարող են օգտվել գյուղական վայրերում բնակվող Հայաստանի քաղաքացիները։

Ի՞նչ եք ակնկալում ԱլԳ գագաթաժողովից նոյեմբերին։ Որո՞նք են հիմնական հարցերը։

– Առաջիկա Գագաթաժողովը հնարավորություն է զարգացնել մեր՝ մինչ օրս ունեցած ձեռքբերումները եւ նաեւ նոր դինամիկա հաղորդել մեր գործընկերությանը։ Այս Գագաթաժողովը հնարավորություն է մեզ համար ի ցույց դնել մեր հավաքական միասնությունը, Արեւելյան գործընկերությանը մեր ամուր հանձնառությունը եւ ցույց տալ, որ մենք քաղաքացիների համար ապահովում ենք եւ շարունակելու ենք ապահովել շոշափելի արդյունքներ։ Մենք պետք է հավակնոտ լինենք, բայց եւ իրատես ու վստահելի։ Արեւելյան գործընկերությունում ընդգրկված են մի շարք շատ տարբեր երկրներ, որոնք տարբեր իրավիճակներում են, ունենք տարբեր ակնկալիքներ Եվրամիության հետ իրենց հարաբերություններից։ Տարբերակումը եւ սեփականատիրական պատասխանատվության զգացումը դեռեւս առանցքային նշանակություն ունեն մեր ներգրավման համար։ Մեր երկկողմ հարաբերությունները հարմարեցված են առանձին գործընկեր երկրների հավակնություններին եւ կարիքներին, բայց նաեւ հստակ ռազմավարական արժեք է ներկայացնում Արեւելյան գործընկերության ներառական շրջանակի պահպանումը, ինչը օգնում է կենտրոնացնել ուշադրությունն ու ռեսուրսները եւ խրախուսում է համագործակցությունն այս տարածաշրջանում՝ հաղթահարելու ընդհանուր մարտահրավերները։

Նոյեմբերին Գագաթաժողովի ժամանակ մենք պետք է կենտրոնանանք այն խնդիրների վրա, որոնց վերաբերյալ կարող են միասին առաջ շարժվել, այն խնդիրների, որոնք պառակտող չեն։ Մեր հավաքական արդյունքների վրա իսկապես կենտրոնացման նպատակով, մենք մշակել ենք «2020թ.-ին 20 արդյունքների» տեսլական, որն ուղղված է Ռիգայում վերջին Գագաթաժողովին հատկորոշված չորս առաջնային ոլորտներից յուրաքանչյուրին հաստատությունների եւ պատշաճ կառավարման ուժեղացում, շարժունություն եւ շփումներ մարդկանց միջեւ, շուկայական հնարավորություններ եւ ենթակառուցվածքային փոխկապակցվածությունը։ Ես հիմա վաղաժամ չեմ մատնի անակնկալները, բայց կարծում եմ՝ արդարացի կլինի ասել, որ մենք իսկապես առաջընթաց ունենք այս բոլոր ոլորտներում։ Կրկին՝ Գագաթաժողովը հնարավորություն է տալիս բոլորիս՝ որպես Եվրամիություն եւ դրա Արեւելյան գործընկերներ, ի ցույց դնել մեր համատեղ աշխատանքի կարեւորությունը եւ օգտավետությունը մեր քաղաքացիների՝ այն մարդկանց համար, ում կարեւորում ենք, ինչպես նաեւ, որ ավելի ուժեղ ենք միասին։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031