Ազգային օպերային թատրոնը շուտով կստանա լրիվ կոմպլեկտավորված ներկայացումներ արտասահմանյան տարբեր օպերային թատրոններից, որոնցից երկուսը` մանուկների եւ պատանիների համար: Մեզ մնում է միայն կատարել, «բեմադրությունների համար փող չկա»-ն (?!) մասամբ վերանում է: Պարզապես, զգուշորեն պետք է ընտրություն կատարել, այդ ներկայացումներից որո՞նք են արդիական, համոզիչ, հետաքրքիր լուծումներով բեմադրություններ, որոնք հնացած չեն, ժամանակավրեպ չեն, եւ, ամենակարեւորը, որքանով են նրանք անհրաժեշտ մեր թատրոնին եւ մեր երաժշտասեր հասարակությանը: Թատրոնը չունի իր կոնտրաբասները (չլսված բան): Հույժ անհրաժեշտ է ձեռք բերել «հարմոնիկում» գործիքը, փոքր շարժական երգեհոն, մի քանի փայտյա եւ պղնձյա գործիքներ, որոնք անհրաժեշտ են Մոցարտի, Վերդիի եւ հատկապես Ռ. Շտրաուսի, Ռ. Վագների օպերաների կատարման համար, որոնք արդեն ծրագրավորված են: Թատրոնը չունի որակյալ հարվածային գործիքների լրիվ կոմպլեկտ: Եվ այս բոլորը պետք է ձեռք բերվի լավագույն ֆիրմաներից: Խնդիրները շատ-շատ են եւ հերթով պետք է լուծում տալ:
Մեր թատրոնում, արդեն երկար տարիներ բացակայում է Spiritus rector-ը` Ղեկավարող Ոգին: Հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ, կինոյի, թատրոնի, գրականության` ընդհանրապես արվեստի, խոշոր գիտակ, փայլուն քննադատ Դավիթ Մուրադյանը հրաշալի ձեւակերպված այսպիսի մի միտք հայտնեց. «…նա ստեղծում էր ժամանակ, ձեւավորում մթնոլորտ, եւ այդ ժամանակում դաստիարակում սերունդ»: Մեր թատրոնը չի կարողացել ստեղծել ժամանակ, ձեւավորել մթնոլորտ եւ այդ ժամանակում դաստիարակել սերունդներ:
Անտանելի է այն թատրոնը, որտեղ չկա ստեղծագործական մթնոլորտ` վեճեր, քննարկումներ: Գեղագիտական սկզբունքները վաղուց վտարված են թատրոնից: Թատրոնը հզոր գաղափարների, հզոր ապրումների, հզոր մտքերի կրողն ու արտահայտողը պետք է լինի:
Օրբելյանը վճռական եւ օպտիմիստորեն է տրամադրված: Մնում է, որ նա կարողանա իր շուրջը հավաքել ինտելեկտուալ, գեղագիտական, բարոյական բարձր հատկանիշներով, վճռական, գործունյա մարդկանց: Անհրաժեշտ է վերանայել Գեղարվեստական խորհրդի կազմը, հրավիրելով հետաքրքիր մտածողությամբ արվեստագետների եւ ունենալ նիստերի կայուն գրաֆիկ: Եղած խնդիրները ոչ ոք չի կարող լուծել, բացի Օրբելյանից, շնորհիվ իր միջազգային պաշտոնական եւ ընկերական կապերի, կազմակերպչական հմտության: Օրբելյանի առավելությունը նաեւ այն է, որ մենք, վերջապես, դուրս կգանք գավառական մթնոլորտից, կմեծանան շփումները արտասահմանցի օպերային գործիչների հետ՝ մենակատարներ, ռեժիսորներ, դիրիժորներ, խմբավարներ: Նա կարող է պատուհան բացել դեպի օպերային «նոր աշխարհներ» եւ կազմակերպել շրջագայություններ:
Թատրոնը շրջապատված է մեծարգո նախագահ Սերժ Սարգսյանի, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մշտական ուշադրությամբ եւ հոգատարությամբ, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ամենօրյա աջակցությամբ: Պարոն նախագահի անմիջական միջնորդությամբ վերակառուցվում է մարզային հինգ թատրոն, մեկն էլ՝ նորը, կառուցվում է: Հուսանք, շատ մոտ ապագայում, օպերային արվեստի բազմահազար երկրպագուների խնդրանքով, Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, կկառուցվի՝ առաջին անգամ մեր արվեստի պատմության, հայ իրականության մեջ, նորագույն տեխնիկայով հագեցած, բոլոր հարմարություններով օպերային թատրոնի շենք: Անհրաժեշտ է, որ թատրոնում եւ թատրոնից դուրս գտնվող բոլոր արվեստասեր ուժերը համախմբվեն եւ օգնեն թատրոնին:
Մեր խնդիրն է լինելու՝ վերադարձնել թատրոնին Թատրոնի Սրբազան Կրոնը:
ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
դիրիժոր
Հ.Գ. Մեր բոլոր կոմպոզիտորները բողոքում են ժամանակակից հայ կոմպոզիտորների օպերաների եւ բալետների խաղացանկում չլինելու դեմ: Այսօր թատրոնն ունի հայ դասականների՝ Տ. Չուխաջյանի «Արշակ II», Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ», Ա. Տիգրանյանի «Անուշ» եւ «Դավիթ-Բեկ», Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա» ու Ա. Տերտերյանի «Երկրաշարժ» օպերաները եւ Ա. Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ», «Մասկարադ» բալետները: Բացի «Անուշ»-ից եւ բալետային ներկայացումներից, մնացած բոլոր ներկայացումների ժամանակ դահլիճում ներկա է քիչ թվով հանդիսատես: Ինչո՞ւ: Որովհետեւ մի դեպքում երաժշտասեր հասարակության եւ պրոֆեսիոնալ երաժիշների մի ստվար մասի ականջները ընդվզում են երաժշտական նյութի դեմ, մի այլ դեպքում էլ, դա հետեւանք է վատ բեմադրությունների, անհամապատասխան զգեստների, անհասկանալի դրամատուրգիական հանգույցների, ոչ ճիշտ լուծումների: Կարելի է մեծ ջանքերի շնորհիվ երկրորդ անգամ դահլիճը ապահովել հանդիսատեսով, բայց կես ժամ հետո նրանք սկսում են դուրս գալ դահլիճից: Ստացվում է մի պատկեր, որը թելադրում է նոր մոտեցումների անհրաժեշտություն՝ վառ, հետաքրքիր բեմադրություններ, եւ թե ինչ հաճախականությամբ պետք է ընթանա այս կամ այն ներկայացումը, ելնելով հանդիսատեսի լսելու ունակությունից, երաժշտական նյութի «մարսողական» կարողությունից: Մենք պետք է ազատվենք քարացած-կաղապարված, հնացած պատկերացումներից, կոնսերվատիվ ականջից: Դա հեշտ չի լինի: Երեւանն էլ ոչ Լոնդոն է, ոչ էլ Վիեննա կամ Սանկտ Պետերբուրգ, ոչ Փարիզ ու Միլան, իրենց ավանդաբար լավ դաստիարակություն ստացած երաժշտական հասարակությամբ, թեեւ այնտեղ էլ քիչ չեն սնոբները: Հայ կոմպոզիտորների օպերաներն ու բալետները իրենց տեղը պետք է ունենան: Անհրաժեշտ է միայն, որ ներկայացումների քանակը եւ գրաֆիկը ճիշտ հաշվարկվի եւ ժամանակին փոխարինվի այլ ներկայացումներով: Կան ստեղծագործություններ, որոնք հնարավոր չէ բեմադրել ամբողջությամբ, մեղեդիական աղքատության, պարզունակ հարմոնիաների, դրամատուրգիական կամ այլ թերությունների պատճառով: Ուստի կարելի է ներկայացնել դիվերտիսմենտային ձեւով, ընտրել եւ մի ամբողջության մեջ ընդգրկել լավագույն հատվածները: Այսպիսով նրանք վեր կհառնեն մոռացվածության դաժան իրողությունից: Դա կլինի շնորհակալ ու արդար արարք:
Թատրոնը նպատակ ունի հավասարակշռության բերել բոլոր գեղարվեստական խնդիրները: Տքնաջան աշխատանք եւ հոգեկան բավարարվածություն:
«Առավոտ»
31.10.2017