Լրահոս
Օրվա լրահոսը

Արագ, հեշտ եւ մատչելի անգլիական աղանդեր` «Թրայֆլ»

Հոկտեմբեր 01,2017 13:12

«Մանրուք», «ստից բան»` այսպես է թարգմանվում անգլիական այս աղանդերի անունը, եւ իսկապես թրայֆլն այնքան հեշտ եւ արագ է պատրաստվում եւ այնքան համեղ է, որ չես էլ հասցնում նկատել` երբ պատրաստեցիր եւ երբ կերան:

Թրայֆլի բաղադրատոմսերը հազարավոր են, սակայն կան որոշակի կանոններ` պատրաստի մթերքները դասավորվում են շերտ առ շերտ, եւ իրար հետ համադրվում են բիսկվիթը կամ թխվածքաբլիթը, որեւէ ալկոհոլ կամ մրգահյութ եւ կրեմը: Կարելի է ավելացնել նաեւ ըստ ճաշակի` ընկուզեղեն, մրգեր կամ հատապտուղներ, բեզե, կոնֆետներ եւ այլն:

Այսօր առաջարկում եմ ամենապարզ եւ արագ տեսակներից մեկը:

Անհրաժեշտ մթերքները

Պատրաստի կեքս (կարելի է վերցնել երկու գույնի)-2 հատ

33 եւ ավելի տոկոսանոց կաթնասեր-0,5 մլ

Շաքարի փոշի-1 բաժակ

Որեւէ լիկյոր-1 բաժակ

Ազնվամորու կամ ելակի մուրաբա (կամ ջեմ)- 1 բաժակ

Շոկոլադ-50 գրամ

Պատրաստման եղանակը

Թրայֆլը կարելի է պատրաստել ինչպես մեկ ընդհանուր, մեծ ամանի մեջ, այնպես էլ` բաժակների կամ պաղպաղակի ամանների մեջ. յուրաքանչյուրին` մեկ բաժին հաշվարկով: Կարեւորը, որ լինի թափանցիկ ապակի, որպեսզի շերտերը գեղեցիկ երեւան:

Կարող եք ոչ թե կեքս վերցնել, այլ որեւէ չոր թխվածքաբլիթ, կամ սովորական պարզ բիսկվիթ, որը պատրաստել եք երեկ կամ առաջին օրը եւ այսօր արդեն մի քիչ չորացել է: Կրեմն էլ կարող եք ձեր նախընտրածը պատրաստել եւ ոչ թե սերուցքը խփել:

Եթե պատրաստում եք առանձին բաժիններով, ապա կեքսերը (եթե մեկը լինի շոկոլադե, մյուսը` վանիլային, ավելի գեղեցիկ կստացվի) շերտատեք, իսկ բաժակի մեջ հարմար մտցնելու համար ամեն շերտը նաեւ բաժակով կամ որեւէ շրջանաձեւ ֆորմայով կտրատեք: Ավելացած մասերը կարող եք փշրել` վերջում զարդարելու կամ փշուրներով շերտ դարձնելու համար:

Կրեմը պատրաստելու համար լավ հարեք սերուցքը, ավելացրեք շաքարի փոշին: Բաժանեք երեք մասի, մի մասին ավելացրեք 1-2 ճաշի գդալ մուրաբա կամ ջեմ, մյուս մասին ավելացրեք հալեցրած կամ քերած շոկոլադ կամ պարզապես նուտելա, իսկ երրորդ մասը թողեք մնա սպիտակ:

Սկսեք հավաքել ձեր աղանդերը: Բաժակի հատակին դրեք բիսկվիթը, վրան ցողեք մոտ մեկ թեյի գդալի չափ լիկյոր, դրեք 1 ճաշի գդալ սերուցքային կրեմ, ցանկության դեպքում` մի քիչ աղացած ընկույզ, մուրաբա կամ թարմ հատապտուղ: Այսքանից հետո` շերտերը կրկնվելու են` կեքս, լիկյոր, կրեմ, մրգային շերտ… Շերտերը կարող են լինել այնքան, որքան ձեր բաժակը կամ մեծ տարան կտեղավորի:

Պատրաստի աղանդերները զարդարեք մանրած ընկույզով, թարմ հատապտուղներով կամ մուրաբայով: Մատուցեք անմիջապես: Եթե հարած սերուցքի փոխարեն այլ կրեմ եք օգտագործել` եփած կրեմ կամ խտացրած կաթով կրեմ, կարող եք դնել սառնարան մի քանի ժամով, նոր մատուցել:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031