Քրեական դատավարության ընթացքում հետաքննական և նախաքննական մարմինների խնդիրները թեև ընդհանուր են, սակայն գործառույթներն ու լիազորությունների շրջանակները՝ տարբեր։ Համոզված ենք, որ յուրաքանչյուր հետաքննական և նախաքննական մարմին քաջածանոթ է իր գործառույթների շրջանակներին՝ չնայած հանրայնորեն հնչեցվող հայտարարություններին։ Այդուհանդերձ, նկատի ունենալով, որ հուզական և չփաստարկված հայտարարությունները կարող են ձևախեղել իրավական հարցի վերաբերյալ հասարակական ընկալումները՝ հարկադրված ենք վերահաստատել իրավական հարցերում պարզունակ ճշմարտությունները:
Դեպքի վայրի պահպանությունը ո՞ր պետական մարմնի պարտականությունն է։ Զերծ մնալով պարզաբանել դեպքի վայրի պատշաճ պահպանման կարևորությունը (հուսալով, որ այն չի վիճարկվում որեւէ հետաքննական մարմնի կողմից)՝ փաստենք, որ այս պարզունակ հարցի պատասխանը տալիս է ոչ միայն իրավական պարզ տրամաբանությունը, այլև՝ օրենսդրությունը:
Իրավական տրամաբանության տեսանկյունից հստակ է, որ դեպքի վայրի պահպանման պարտականությունը պետք է կրի այն մարմինը, որն առաջինն է դեպքի վայր մեկնում։
Թերևս այս պարզ դասական ճշմարտությունը հաշվի առնելով՝ ՀՀ իրավական համակարգում նախատեսված է երկու իրավական կարգադրագիր, որտեղ, իրավական որոշակիության պահանջների պահպանմամբ, դեպքի վայրի պահպանության պարտականությունը դրվել է ՀՀ ոստիկանության վրա:
Այսպես՝
Ոստիկանության մասին օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ոստիկանության ծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ զբաղեցրած պաշտոնից, գտնվելու վայրից և ժամանակից, պարտավոր են անձի կամ հասարակության անվտանգությանն սպառնացող դեպքի մասին քաղաքացիներից տեղեկություններ ստանալիս կամ անմիջականորեն նման դեպք հայտնաբերելիս միջոցներ ձեռնարկել՝ մարդկանց փրկելու, իրավախախտումը կանխելու կամ խափանելու, իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձանց ձերբակալելու, դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ և այդ մասին անմիջապես հայտնել մոտակա ոստիկանության ստորաբաժանում: Ընդ որում, նշված չէ, որ հայտնելուց հետո դեպքի վայրի պահպանությունը դադարում է, այսինքն՝ նա շարունակում է իր լիազորությունները՝ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի 2013թ.-ի թիվ 16-Ց ցուցումով նախատեսված ընթացակարգի պահպանմամբ:
Նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ուղղակիորեն ամրագրում է նաև հանցագործություններն ու այլ իրավախախտումները կանխելու և խափանելու պարտականությունը: Ենթադրվում է, որ դա պետք է իրականացվի ցանկացած դեպքում՝ անկախ նրանից՝ դա դեպքի վայր է, թե՝ ոչ:
Փաստենք նաև, որ ոստիկանապետի նշված՝ 2013թ.-ի թիվ 16-Ց ցուցումի 3-րդ կետի համաձայն՝ դեպքի վայրում օպերատիվ մասի պատասխանատուն պարտավոր է մինչև քննիչի ժամանումն իր ենթակայության տակ գտնվող օպերատիվ խմբի ուժերով ապահովել դեպքի վայրի լիարժեք պահպանությունը, մեկուսացումը ժապավեններով կամ այլ միջոցներով, արգելել առանց քննիչի թույլտվության դեպքի հետ առնչություն չունեցող ոստիկանության կամ այլ գերատեսչությունների ծառայողներին, լրագրողներին սահմանազատված տարածք մուտք գործելը։
Քանի դեռ գործող օրենսդրությունը չի վերանայվել և նշված իրավակարգավորումները չեն փոխվել՝ դրանք ենթակա են պարտադիր կատարման՝ անկախ հուզական ընկալումներից։
Քննիչն ամենևին ազատված չէ դեպքի վայրի պահպանման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պարտականությունից: Քննիչը, դեպքի վայրի մեկնելիս, պարտավոր է այն պահպանելու ոլորտում պահանջել և ստանալ հետաքննության մարմնի աջակցությունը, միջոցներ ձեռնարկել հանցագործության հետքերի պահպանման ուղղությամբ:
Այսպես՝ ՀՀ քր. դատ. օր-ի 182-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ պետք է միջոցառումներ ձեռնարկվեն՝ հանցագործությունը խափանելու և կանխելու, ինչպես նաև՝ հանցագործության հետքերը, այն առարկաները և փաստաթղթերը պահելու և պահպանելու ուղղությամբ, որոնք գործի համար կարող են նշանակություն ունենալ: Սակայն հասկանալի է, որ քննիչն իր դատավարական պարտականությունները կարող է կատարել, եթե մինչև քննիչի դեպքի վայր մեկնելը հետաքննական մարմնի կողմից պատշաճ կատարված լինի դեպքի վայրը պահպանելու իր վարչաիրավական պարտականությունները՝ բացառելով կողմնակի անձանց մուտքը դեպքի վայր և կողմնակի որևէ ներգործությունը դեպքի վայրում առկա առարկաների նկատմամբ, որի պայմաններում կարող են ոչնչանալ իրեղեն ապացույցներ, հանցագործության բացահայտման համար էական նշանակություն ունեցող հետքեր կամ պարզապես ապացույցները դառնան ոչ պիտանի:
Այսինքն՝ քննիչն ու ոստիկանության ծառայողն ունեն տարբեր պարտականություններ դեպքի վայրում և կատարում են տարբեր գործառույթներ:
ՀՀ քննչական կոմիտե