Ամեն տարի սեպտեմբերին Սուրբ Էջմիածնից Քրիստոսի Սուրբ Խաչափայտի մասունքը տեղափոխվում է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում գտնվող Նոր Վարագա վանք: 4-Արդեն 14-րդ տարի է, որ այդ ավանդույթը գոյություն ունի, 3-րդ տարին է, որ Սուրբ Խաչափայտի մասունքը Տավուշի մարզում տարվում է բնակավայրեր, ներկայացվում հավատացյալ հանրությանը:
Սեպտեմբերի 30-ին Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական՝ հայ-հունական բարեկամության զբոսայգին բազմամարդ էր, այնտեղ էին հավաքվել հավատացյալներ Նոյեմբերյան քաղաքից եւ սահմանամերձ տարածաշրջանի բնակավայրերից: Սուրբ Խաչափայտի մասունքը Նոյեմբերյան էր բերվել Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ, նրա եւ հոգեւորականների ուղեկցությամբ:
Բագրատ Սրբազանն ասաց, որ Սուրբ Խաչափայտի մասունքը սեպտեմբերի 30-ին ներկայացվել է Դիլիջանում, Իջեւանում, Տավուշի մարզի այլ բնակավայրերում: Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում հավաքված բազում հավատացյալները հավատով եւ ջերմեռանդությամբ համբուրեցին սուրբ մասունքը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ