2017 թվականի սեպտեմբերի 30-ին ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանը:
Գորիկ Հակոբյանը մեծ ավանդ է ունեցել Հայրենիքի անվտանգության ապահովման գործում, որին նվիրել է իր ողջ գիտակցական կյանքը:
Ծնվել է 1946թ. Լենինական (Գյումրի) քաղաքում:
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
1969 թվականից ծառայել է անվտանգության մարմինների համակարգում: Մասնագիտական կրթություն է ստացել անվտանգության մարմինների հատուկ ուսումնական հաստատություններում:
Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օպերատիվ լիազորից հասնելով մինչև ստորաբաժանման ղեկավար:
2002-2004թթ. զբաղեցրել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների ղեկավարի տեղակալի, իսկ 2004թ. նոյեմբերից մինչև 2016թ. փետրվարը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը:
2016թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական:
Աշխատանքում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար Գորիկ Հակոբյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների բազմաթիվ պարգևների:
«Երկրորդ աստիճանի Մարտական խաչի» շքանշանակիր է:
Պարգևատրվել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» և ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով, ինչպես նաև՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի», «Արիության», «Մարտական ծառայության» մեդալներով:
Գորիկ Հակոբյանի ղեկավարությամբ ձևավորվել է ազգային անվտանգության մարմինների աշխատողների մի ամբողջ սերունդ:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ղեկավարությունը և անձնակազմը խոր վշտով սգում են Գորիկ Գուրգենի Հակոբյանի մահը և իրենց ցավակցությունը հայտնում նրա ընտանիքին ու հարազատներին:
Գորիկ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը 18.00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 12.00-ից 14.00-ն ՀՀ ԱԱԾ վարչական շենքի ակումբում (մուտքը Նալբանդյան-Խանջյան փողոցների խաչմերուկի կողմից):
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն