Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այն, ինչ տեղի է ունենում այստեղ, ես որակում եմ որպես դավադրություն Ռուսաստանի, ավելին` մեր միասնական կառույցի դեմ. Գրիշա Սարգսյան

Սեպտեմբեր 30,2017 19:25

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղի և միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը աշխատանքային և մարտական փառավոր ուղի է անցել և հարուստ կենսափորձ ունի: Իր բազմամյա գործունության մեջ գնդապետ Սարգսյանի գլխավերևով բազում փոթորիկներ ու սև ամպեր են անցել:

Տեսել է դավաճանություններ, դավադրություններ, մարդուն ոչ սազական բազմաթիվ անպատիվ արարքներ, սակայն, բարեբախտաբար, նրա կյանքում լույսն ավելի շատ է եղել և կշեռքի ծանր նժարին գերակշռել են բարությունը, ընկերոջ հավատարմությունը և մարդուն մարդ պահող ազնվությունը: Եվ պատահական չէր, որ նման պատկառելի ուղեբեռով մարդը տարիներ առաջ ստանձնեց Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղի նախագահի պարտականությունները: Զինակից ընկերները վստահեցին, որպեսզի Գրիշա Սարգսյանը միջազգային հարթակներում հավուր պատշաճի ներկայացնի և պաշտպանի իր երկրի, Արցախյան ազատամարտի նվիրյալների, իր հազարավոր հայրենակիցների իրավունքներն ու հետաքրքրությունները: Եվ պատահական չէր նաև, որ հենց այսպիսի կենսափորձով մարդը կարող էր և պետք է կանխեր օրեր առաջ Բուլղարիայում անցկացված Միջազգային ոստիկանական ասոցիացիայի համաշխարհային 62-րդ կոնգրեսի նիստերից մեկի ժամանակ հասունացող դավադրությունը:

Իսկ դեպքն այսպես է եղել: Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ, գլխավոր կոմիսար տիկին  Ռոզի Լուրմեն, ինչպես ասում են, իր կարճ խելքով` Ռուսաստանին իբրև թե «խաղից դուրս թողնելու», «խեղճացնելու», հետագայում քաղաքական հարցեր լուծելու նպատակով, և ամենայն հավանականությամբ պայմանավորված լինելով մի քանի երկրներից ժամանած պատվիրակների հետ, ելույթի ժամանակ առաջարկեց անցկացնել քվեարկություն և լուծարել Միջազգային ոստիկանական ասոցիացիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, պաշտոնանկ անել նրա նախագահ, Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Գանկինին և նոր ընտրություններ անցկացնել: Եվ ավելին, տիկին գլխավոր կոմիսարին հաջողվեց հարցը մտցնել կոնգրեսի օրակարգ և դնել քվեարկության…

Ֆրանսիական թևավոր խոսքն ասում է` Շերշե լյա ֆամ` փնտրեք կնոջը: Այսինքն` ուզում են ասել, որ բոլոր բացասական իրադարձությունների` դժբախտությունների, դավադրությունների և խարդավանքների պատճառը կինն է: Հանգամանքների բերումով և տարօրինակ զուգադիպությամբ ֆրանսիական թևավոր խոսքը չէինք հիշատակի, եթե  Ռոզի Լուրմեյի գործողություններում ակնհայտ խարդավանքները ցցուն չլինեին: Բայց ինչ էլ անես` ճշմարտությունը ամեն ինչից վեր է:

Իսկ ճշմարտությունն այն է, որ Ալեքսեյ Գանկինը մեծ կենսափորձ ունեցող անձնավորություն էր, իր պարտականությունները երկար տարիներ կատարում էր ամենայն բարեխղճությամբ ու ազնվորեն: Գանկինը միաժամանակ հանդիսանում էր Միջազգային ոստիկանական ասոցիացիայի մշտական ներկայացուցիչը Ստրասբուրգում և մեկ անգամ չէ, որ այնտեղ հանդես էր եկել արդարացի և ողջամիտ դիրքորոշումներով, մասնավորապես նաև Հայաստանին վերաբերող հարցերում:

Եվ ահա կանխազգալով, թե ինչպիսի վտանգներով էր հղի Ֆրանսիայի ներկայացուցչի առաջարկը, որին հավանություն էին տալիս նաև Գերմանիայից, Իտալիայից, Անգլիայից, Հոլանդիայից և Բելգիայից ժամանած պատվիրակները, Գրիշա Սարգսյանը ճիշտ կողմնորոշվելով` նիստը նախագահողից արտահերթ հարցի իրավունք խնդրեց, սակայն իր սովորության համաձայն` հարց տալու փոխարեն հիմնավոր ելույթ ունեցավ և մի շարք ակնառու փաստերով ապացուցեց ամբիոնից հնչած առաջարկության սնանկությունն ու միակողմանիությունը:

– Անթույլատրելի է քաղաքական նպատակներ չհետապնդող և աշխարհում բարձր վարկանիշ ունեցող հասարակական կազմակերպության` Միջազգային ոստիկանական ասոցիացիայի բարձրագույն համաժողովի` կոնգրեսի բեմն օգտագործել քաղաքական նպատակներով և մեր ուժերը ակնհայտորեն ջլատող հայտարարություններ անել,- իրեն հատուկ բամբ և սաստող ձայնով ասաց Գրիշա Սարգսյանը:

Այն, ինչ տեղի է ունենում այստեղ` ես որակում եմ որպես դավադրություն Ռուսաստանի, ավելին` մեր միասնական կառույցի դեմ և կոչ եմ անում չանսալ մեր համերաշխ կառույցի սկզբունքներին ոչ հարիր այդ առաջարկությանը, դեմ քվեարկել  և մերժել այն: Ընդհակառակը, մենք պետք է օգնենք մեր ասոցիացիայի հանձնաժողովներին, օգնենք նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովին և նրա օրինապաշտ ղեկավար Ալեքսեյ Գանկինին,  մենք պետք է համախմբվենք, դառնանք միասնական բռունցք` ի շահ մեր կազմակերպության բազմահազար անդամների իրավունքների: Մենք պետք է համախմբվենք նաև ընդդեմ ամեն տեսակ սադրանքների, դավադրությունների և քաղաքական խաղերի: Այս բացասական երևույթները մեր` նախկին խորհրդային միության քաղաքացիներիս գլխով շատ են անցել և անկեղծ ասաց Ֆրանսիայի ներկայացուցչի առաջարկը` նոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, ինձ հիշեցրեց ԽՍՀՄ ոչ անհայտ և անփառունակ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին,  երբ երկրում ծառացած որևէ պրոբլեմ լուծելու և մարդկանց օրնիբուն հուզող խնդիրները մեղմելու փոխարեն նա հարցը հավիտյանս մտցնում էր փակուղի` առաջարկելով խնդիրն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծել, հետո մեկ այլ հանձնաժողով` առաջինին վերահսկելու նպատակով, հետո մեկ այլ հանձնաժողով` վերահսկողին վերահսկելու համար և այդպես շարունակ…

Գրիշա Սարգսյանի ելույթը անընդմեջ ուղեկցվում էր դահլիճում գտնվողների բուռն ու երկարատև ծափահարություններով, իսկ  ներկաների ողջախոհ հատվածի զայրալից բացականչությունները գագաթնակետին հասան, երբ նա վերջում հավելեց, թե դավադրության նպատակը Միջազգային ոստիկանական ասոցիացիայի թուլացումն ու փլուզումն է…

Գնդապետ Սարգսյանը տարբեր երկրների` մասնավորապես, նախկին սոցիալիստական ճամբարի երկրների ներկայացուցիչների հետ բանակցությունները` հօգուտ Ռուսաստանը ներկայացնող հանձնաժողովի նախագահի, շարունակեց նաև սուրճի ընդմիջման ժամանակ: Եվ երբ սկսվեց նիստն ու նախագահող Պիեռ Մարտին Մուլին Ֆրանսիայի ներկայացուցչի առաջարկությունը դրեց կոնգրեսի քվեարկությանը` պատվիրակները ձայների ճնշող մեծամասնությամբ դեմ քվեարկեցին առաջարկությանը և այն մերժվեց:

Տեղի ունեցածից սաստիկ հուզված Ալեքսեյ Գանկինը ձայնի իրավունք խնդրելով` մոտեցավ և ողջագուրվեց Գրիշա Սարգսյանի հետ, ապա  կարճ ելույթ ունենալով` շնորհակալություն հայտնեց կոնգրեսին` իրեն վստահելու և սատարելու համար…

Լուսանկարում` Ալեքսեյ Գանկինը և Գրիշա Սարգսյանը

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930