Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչն անհամբերությամբ է սպասում երևանյան իր բեմելին։ Այդ մասին նշվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին ու երևանյան համերգի հանդիսատեսին ուղղված նրա տեսաուղերձում։
«Բարև Սերգեյ, Ջոն Մալկովիչն է: Ես հիմա անձրևոտ Սան Սեբաստիան քաղաքում եմ, լավագույն երկրներից մեկում՝ Իսպանիայում: Շուտով Ձեզ կտեսնեմ, անհամբեր սպասում եմ: Մենք Երևան ենք գալու հոկտեմբերի 9-ին, իսկ շոուն հոկտեմբերի 11-ին է: Իսկապես անհամբեր սպասում եմ: Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք: Ցտեսություն»,- ասում է մեր օրերի մեծագույն արտիստներից մեկը:
Հիշեցնենք, որ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ հոկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը։ Մալկովիչը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Ամերիկացի դերասանը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի նովելից՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։
Ջոն Մալկովիչի երևանյան բացառիկ համերգի պաշտոնական գործընկերն է լեգենդար Արարատ հայկական կոնյակը:
Նշենք, որ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին: Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի են կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ։
Ջոն Մալկովիչի տեսաուղերձը կարող եք դիտել հետևյալ հղմամբ :
«Արամ Խաչատրյան» միջազգային փառատոն