Aravot.am-ն ահազանգ էր ստացել Գյումրու նորակառույց Մուշ թաղամասի 56 շենքի բնակիչներից առ այն, որ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը (թե՛ բնակիչների, թե՛ շինարարների մատնանշելով` քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը), կանաչ տարածքում խանութ է կառուցում։ Մենք այսօր եղանք տվյալ տարածքում՝ լսելով շենքի բնակիչներին, և բնականաբար, ֆիքսելով շինարարության ընթացքը։
«Այնտեղ, որտեղ շինարարությունն է ընթանում, կանաչ տարածք է, որտեղ չէին թողնում անգամ երեխաները ոտք դնեին, խաղային։ Ոչ մեկին շինարարության թույլտվություն չէին տալիս, թե կանաչ գոտի է, ի՞նչ շինարարություն, հիմա չգիտես ինչպես եղավ, որ հարգարժան պարոն Բալասանյանը որոշեց հանկարծ, որ դա ամենևին էլ կանաչ չէ։ Նայեք մյուս շենքերի այդ նույն հատվածներին, բոլոր տեղերում կանաչ տարածք է՝ բնությամբ, բայց, չգիտես ինչու, պարոն Բալասանյանի աշխատակիցների համար այն գույնը փոխել է, նրանց ամեն ինչ կարելի է այս քաղաքում։ Ո՞վ է թույլ տվել խանութ կառուցել մեր երեխաների հանգստի ու նաև մեր սենյակների լուսավորության հաշվին։ Ո՞վ է նման ապօրինության հեղինակը, ո՞վ է տվել շինթույլտվություն, այս քաղաքում վերջը տեր- տիրական կա՞, թե՞ ով ինչ ուզի, կանի, հետո էլ գյումրիասեր են ձևանում, մեկ էլ նայում ես «Գյումրին մեր տունն է», ձևական ցուցապաստառներ են փակցնում, դուք Գյումրու մասին մտածո՞ղ եք, թողնեն Գյումրու օդն էլ կծախեք»,-նեղված ասաց այդ շենքի բնակիչներից մեկը։
Մեկ այլ բնակիչ էլ, որը խիստ անհանգստացած էր իր լուսավորության փակման վտանգով, նշեց, որ այդ շենքի առաջին հարկում բնակարաններ են վաճառվել, սակայն քաղաքապետարանի պաշտոնյան դրանցից մեկը գնելու ու խանութ դարձնելու փոխարեն, ավելի էժան տարբերակի է դիմել։ «Տեսնեք ինչ կայծակնային արագությամբէ վեր խոյացել այս շինարարությունը, մի շաբաթ չկա, որ սկսել են։ Վերջը, եթե Աստված մի արասցե, մի դժբախտ դեպք պատահի, հեռու էս շենքի բնակիչներից, հրշեջ մեքենաները, փրկարարները որտե՞ղ են կանգնելու, ո՞նց են օգնություն ցուցաբերելու»,-զայրացած ասաց մեր զրուցակիցը։
Շենքի բակում կանգնած տղամարդկանցից մեկն էլ նշեց, որ շենքի մյուս հատվածում մեկը ցանկացել է փոքրիկ մատուռ կառուցել, արգելել են, որը, ի դեպ, կանաչ գոտի չի եղել, բայց կանաչ գոտում խանութ կառուցելը թույլատրել են։ Մենք մոտեցանք նաև շինարարներին, որոնք անկեղծ զրույցի բռնվեցին մեզ հետ։ «Գիտեք խելք ունե՞ն էս շենքի բնակիչները, որ էդպես բողոքում են, մոտակայքում մի սննդի խանութ չկա, լավ չէ՞, ինչ կառուցեն քյար է էս քաղաքին, թող կառուցենք էլի, ի՞նչ է եղել, կտուրն էլ հարթէ լինելու, մի հարկանի կառույց է, իրենց չի խանգարի, լույսի մալուխներին էլ չի խանգարի»,-ասաց շինարարներից մեկը։ Մենք հետաքրքրվեցինք, թե ո՞վ է կառուցողը, ո՞ւմ դիմենք պարզաբանումներ ստանալու համար, շինարարներն ասացին՝ Արտյոմ Սարգսյանին։ Մեր զրուցակից- շինարարները նաև անկեղծացան, որ վեց ամիս սպասել են այս շինարարությանը, Արտյոմ Սարգսյանը իրենց ասել է մի քիչ էլ համբերել, երբ որ փաստաթղթերը պատրաստ կլինեն, այն ժամանակ էլ կսկսեն շինարարությունը։ «Ի՞նչ վատ բան է անում Արտյոմը, մի քիչ վերև նրա դեղատունը կառուցեցինք, հիմա էլ խանութն ենք կառուցում»,- ասաց շինարարը։ Նա նաև նշեց, որ դեկտեմբերի 1-ին խանութի բացումն են անելու, շուրջբոլորն էլ բարեկարգելու են։
Մենք այս թեմայի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից՝ բնականաբար փորձելով պահանջելով շինթույլտվության մասին փաստաթղթերը, վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Գյումրու քաղաքապետարանի լրատվական բաժնից մեզ տեղեկացրեցին, որ նա շատ զբաղված է, վաղը Գյումրու օրն է՝ նախագահն է գալիս։ Զանգահարեցինք Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանին՝ խնդրելով հանդիպել ու ցույց տալ շինթույլտվությունը։
Վերջինս կտրականապես հերքեց բնակիչների ու շինարարների հայտնած այն տեղեկությունը, թե ինքն է խանութ կառուցողը։ Մեր դիտարկմանը, որ բնակիչներն են ձեր անունը տալիս, նաև շինարարները, պաշտոնյան արձագանքեց. «Ես խանութ չեմ կառուցում, չգիտեմ՝ ի՞նչ բնակիչ, ի՞նչ բողոք, սա էլ թազա բան է, մի հատ ասեք Մուշի ո՞ր հասցեում, ի՞նչ խանութ։Ես շինարարություն եմ անում իմ տան բակում, իմ տունն էլ այդ հասցեում չէ։ Էդ շինարարությունն ընդհանրապես իմ հետ կապ չունի, ես ընդամենը երկու անգամ էդտեղի քարտաշների հետ եմ շփվել ու վերջ»,- ասաց Արտյոմ Սարգսյանը։
Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից. այս վարչության պաշտոնյաները խոստացան երկուշաբթի օրը մեզ շինարարության օրինական կամ ապօրինի լինելու մասին հստակ տեղեկատվություն տրամադրել։ Մարզպետարանից նաև փոխանցեցին, որ առանց մարզպետարանի համաձայնության իրավունք չունեն շինարարություն սկսելու, դիմումը մարզպետարանում պետք է քննարկվի, այնուհետ մարզպետարանից պիտի ուղարկվի քաղաքաշինության պետական կոմիտե՝ համաձայնություն ստանալու, նոր միայն քաղաքապետարանը կկարողանա շինթույլտվության իրավունք տալ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ