Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրերս Արցախ այցելած թուրք քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն, Սայիդ Չեթինօղլուն և Էրոլ Քաթըրջօղլուն իրենց այցի համար հայտնվել են Ադրբեջանի «սեւ ցուցակում», նրանց հանդեպ քրեական գործ է հարուցվել: Այցի կազմակերպիչ, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ թուրք գործիչներն Ադրբեջանի քայլից ամենեւին չեն ընկրկել, նրանց տրամադրությունը բարձր է:
«Այցը պատմական էր, այն իրականացվել է գիտակցաբար: Մեր թուրք գործընկերները, որոնք մեր գաղափարակիցներն են, խոսում են Հայոց ցեղասպանության մասին, ճանաչված դեմքեր են Թուրքիայում եւ կարող են իրենց հասարակությանն օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդել: Նրանք նաեւ թուրքական քաղաքական վերնախավի ներկայացուցիչներ են եւ որոշակիորեն՝ իշխանական վերնախավի ներկայացուցիչներ, չնայած որոշ հարցերի շուրջ լուրջ տարաձայնությունների: Այդ գործիչները ոչ հակահայ են, ոչ հակաթուրք, ոչ հակաադրբեջանցի: Նրանց նպատակն է՝ հաշտեցման ուղիների որոնում, ազգերի միջեւ թշնամանքի վերացում: Նրանք քաջ գիտակցելով են Արցախ այցելել՝ որպես խաղաղության դեսպաններ»,-ընդգծեց Արագած Ախոյանը:
Նա նշեց, որ թուրք գործիչները ներկայիս Թուրքիայում ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի դեր ունեն, կազմակերպել են ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ, հանդես եկել «ես էլ եմ հայ», «ես էլ եմ Հրանտ Դինք» կարգախոսով ակցիաներ: Արագած Ախոյանը նաեւ հայտնեց՝ այցից հետո ասուլիսի ժամանակ, երբ Թուրքիայում ճանաչված լրագրող Ուֆուք Ուրասին հարցրել են, թե Արցախը որպես ի՞նչ տարածք է դիտարկում, նա ասել է՝ «ես չեմ դիտարկել Արցախը որպես ադրբեջանական տարածք»:
Արագած Ախոյանը չի կարծում, որ թուրք գործիչների հանդեպ Ադրբեջանում հարուցված քրեական գործի շրջանակում Թուրքիան նրանց կարտահանձնի Ադրբեջանին. «Քաղաքացուն հանձնելը ցանկացած պետության ինքնասիրության խնդիր է: Դատավարություն կլինի գուցե, բայց արտահանձնումը չեմ պատկերացնում»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ