«Հիմա Հայաստանը շարունակելու է ռուսների՞ միջոցով աշխարհի հետ շփվել, թե՞ առանձին՝ ռուսների հետ, առանձին՝ աշխարհի»,- երեկ Հանրային խորհրդում հարց է բարձրացրել Վազգեն Մանուկյանը ռուսաց լեզվի կրթական հայեցակարգի քննարկումների ժամանակ:
Վազգեն Մանուկյանի հարցադրումը նույնիսկ էական, բովանդակային խմբագրման կարիք ունի, որովհետև այսօրվա Ռուսաստանի միջոցով «աշխարհի հետ շփվելու» բանաձև պարզապես գոյություն չունի: Պուտինյան Ռուսաստանը նույնիսկ ոչ թե քաղաքակիրթ աշխարհի լուսանցքում է, այլ նրա հակառակ կողմում, հակապատկերը: Այսօրվա Ռուսաստանի միջոցով հնարավոր չէ բանաձևել, իրականություն դարձնել որևէ ռացիոնալ խնդիր, ավելի շուտ՝ նրա հետևանքով անխուսափելիորեն կարող ենք հայտնվել «կարմիր գծից» այն կողմ, որտեղ քաղաքակրթության ժամացույցի սլաքները կանգ են առել Պուտինի իշխանության արշալույսին:
Ռեալ պոլիտիկի տեսանկյունից Հայաստանը նույնիսկ պարտադրված է հատուկ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, որովհետև «քթի տակ» անհնար է անտեսել կայսրության գոյությունը, սակայն արտաքին աշխարհին ուղղված մեր հայացքն անհրաժեշտաբար պետք է մաքրենք ռուսական աղավաղումներից, «խմբագրումներից», որպեսզի նույնիսկ կայսրության ծայրագավառի մեր այսօրվա նվաստացման մեջ չկորցնենք երազելու, քաղաքակիրթ աշխարհ վերադառնալու մեր ձգտումը:
Ավելի իդեալական և անցնցում կլիներ, որ քաղաքակրթական ճանապարհ վերադարձը տեղի ունենար Ռուսաստանի «դարձի» հետևանքով, սակայն ավելի հավանական է, որ մենք հարկադրված ենք լինելու «առանձին՝ ռուսների հետ, առանձին՝ աշխարհի» հետ շփվել, մինչև որ կայսրության խորտակումը ռուսաստանցիների համար դառնա նոր հեղափոխության օրակարգ:
Մեծ հաշվով գոնե առայժմ Հայաստանին պարտադրված է քաղաքական ընտրության և քաղաքակրթական կողմնորոշման կոնտրաստը: Ամենաէականն այն է, որ Հայաստանը կարողանա ժամանակի ընթացքում իր քաղաքական ընտրությունը հարմարեցնել քաղաքակրթական կողմնորոշմանը՝ վերջինս քաղաքականությանը զոհաբերելու փոխարեն:
Հիմա այդ կռիվն է. Մոսկվան տարբեր հարթություններում և տարբեր հայեցակարգերով փորձում է փոշիացնել մեր հակակայսերական քաղաքակրթական պոտենցիալը:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում