ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի առաջարկով այսօր Երեւանում անցկացվում են միջխորհրդարանական լսումներ՝ «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» խորագրով: «Հիբրիդային պատերազմ» հասկացության հստակ բնորոշում չկա, սակայն փորձագետների մեծամասնությունը համարում է, որ ոչ ավանդական մեթոդների՝ քարոզչական պատերազմի, կիբերհարձակումների կիրառությունն է համարվում հիբրիդային պատերազմ: «Կիբերհարձակումներն այսօր իրական պատերազմի մի մասն են, որոնք որոշ դեպքերում ենթակառուցվածքային լուրջ վնասներ են հասցրել: Արցախյան հակամարտության պարագայում էլ կիրառվում են հիբրիդային պատերազմի տարրեր, մասնավորապես՝ կիբերհարձակումներ: Ակտիվ կիրառվում են նոր մեթոդներ»,-լրագրողների հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նա փաստեց, որ Արցախյան հակամարտության դեպքում հիբրիդային պատերազմի տարրերից ամենահատկանշականը տեղեկատվական պատերազմն է. «Հայաստանը նմանօրինակ պատերազմ վարելու փորձ ունի: Փաստացի, ինչ սկսվել է հակամարտությունը, տեղեկատվական պատերազմ է ընթանում, որը 2000-ականներից անցել է համացանցի դաշտ: Այսօր, փաստացի, համացանցը հայ-ադրբեջանական ճակատներից մեկն է հանդիսանում: Չմոռանանք, որ հակամարտության ժամանակ հակառակորդը կարող է լռեցնել մեր տեղեկատվական դաշտը»:
Փորձագետն ընդգծեց, որ կիբերհարձակումների ոլորտում Ադրբեջանին օժանդակում է Թուրքիան. «Վերջին մեկ-երկու տարում Ադրբեջանը ձեւավորում է կիբերզորամիավորումներ, այնպես որ, դա պետք է հաշվի առնենք: Մեր բանակն էլ ամեն զորակոչին հայտարարում է կիբերզորքերի համալրման մասին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ